Ընդդիմադիր խմբակցություններն արձագանքել են Փաշինյանի և 10 եպիսկոպոսների հայտարարությանը

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ` հունվարի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարել են Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակել «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։

Հայաստանի խորհրդարանական ընդդիմադիր ուժերն արձագանքել են այս հայտարարությունը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ իշխանությունը հասարակությանն առաջարկում է ընտրություն՝ տեսակի և արժեհամակարգի միջև, ինչը կարագացնի Փաշինյանի նախաձեռնության տապալումը։ Նա նշել է՝ բացի այն, որ Մայր աթոռի դեմ գործողություններում իշխանությունը գործում է օրենքից դուրս, ստիպված վա բանկ է գնում` ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պատանդներին:

«Եթե նույնիսկ որոշ մարդկանց մոտ կասկած կար կողմնորոշման, գործելու և ընտրություն կատարելու հարցում, ապա տիրադավների կերպարն ու կեցվածքն արագացրին հանրության` Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբվելու գործընթացը: Միգուցե շատերի համար տիրադավները նոր են բացահայտվում որպես մարդկային տեսակ, սակայն պարզ է, որ նախկինում էլ ներսից են գործել որպես ուրացողներ: Մեկն Արցախն է դավաճանել, մյուսը` սեփական ընկերներին ու այդպես շարունակ»,- ընդգծել է Աբրահամյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրել է, որ խղճում է այդ փաստաթղթի տակ ստորագրող հոգևորականներին, քանի որ այդպիսով նրանք գրել են դավաճանության սեփական պատմությունը։ Վարդանյանի խոսքով` այդ թղթի տակ ստորագրելով`10 եպիսկոպոսներն իրենց վրա են վերցրել հայ ժողովրդի կորուստների բեռն ու պատասխանատվությունը։ Պատգամավորը նշել է, որ այս հոգևորականները չեն ներվելու, որովհետև իրենք գիտեն, թե ինչ են անում։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ / 27.11.2025, եպիսկոսպոսների հանդիպումը ՀՀ վարչապետի հետ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն