Դատավորների կարգապահական վարույթների հարցերով հանձնաժողով ներկայացված հաղորդումները ոչ միշտ են հաջող ընթացք ունենում․ Դադունց

Դատավորների կարգապահական վարույթների հարցերով հանձնաժողով ներկայացված հաղորդումները ոչ միշտ են հաջող ընթացք ունենում․ Դադունց

Ազգային ժողովում քննարկվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թվակազմի ավելացմանն առնչվող նախաձեռնությունը։

Առաջարկվում է ավելացնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թվակազմը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և, Հանրային ծառայության մասին օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները:

Զեկուցողի խոսքով ներկայումս Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 8 անդամից 2-ն են ոչ դատավոր անդամ:

«Դա մեր միջազգային գործընկերների դիտարկմամբ որոշակի ազդեցություն է ունենում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումների կայացման գործընթացում և ստեղծում է, այսպես կոչված, կորպորատիվիզմի դրսևորումներ»,- ընդգծել է Տիգրան Դադունցը:

Ըստ փոխնախարարի՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ դատավորների կարգապահական վարույթների հարցերով հանձնաժողով ներկայացված հաղորդումները ոչ միշտ են հաջող ընթացք ունենում:

2024 թվականին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու շրջանակում հանձնաժողովին է ներկայացվել 583 դիմում, որոնցից 183-ն է հանձնաժողովը դիտարկել որպես հաղորդում, 9-ով հարուցել է կարգապահական վարույթ և 2-ով դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ: 2023 թվականին ևս արձանագրվել է համանման իրավիճակ. 652 դիմումից որպես հաղորդում դիտարկվել է 288-ը, 13-ով հարուցվել է կարգապահական վարույթ և միայն 1-ով է միջնորդություն ներկայացվել ԲԴԽ: Տիգրան Դադունցի խոսքով նախաձեռնությամբ առաջարկվում է ոչ դատավոր անդամների թիվը ավելացնել 3-ով: Այդ պարագայում հանձնաժողովը կունենա 6 դատավոր և 5 ոչ դատավոր անդամ:

Հաջորդ փոփոխությամբ կարգապահական վարույթ հարուցելիս կամ ԲԴԽ-ին միջնորդությամբ դիմելու հարցը լուծելիս ոչ դատավոր անդամների մասնակցությունն ավելի արդյունավետ և իրենց ձայնն ավելի որոշիչ դարձնելու համար առաջարկվում է նիստում քվորումի և նաևորոշումների կայացման հարաբերակցությունը փոփոխել: Մասնավորապես, վարույթ հարուցելու սկզբնական փուլում առաջարկվում է նախատեսել, որ որոշումը կարող է ընդունվել մեկ երրորդով, որպեսզի ոչ դատավոր անդամների ձայնն ավելի լսելի լինի, այսինքն՝ 7 անդամից 4-ով հնարավոր լինի որոշում կայացնել:

Այնուհետև, երբ վարույթը հարուցվի, բոլոր հանգամանքները պարզվեն, այլ տեղեկություններ ձեռք բերվեն և արդեն ԲԴԽ դիմելու առումով որոշում կայացնելու պահը գա, արդեն ապահովվի անդամների թվի ձայների մեծամասնությամբ որոշման կայացումը:

Մեկ այլ փոփոխությամբ վերանայվում են ոչ դատավոր անդամների թեկնածուներին ներկայացվող պահանջները, հստակեցվում են վարքագծի կանոնները:

Նախաձեռնությամբ նաև որոշակի սահմանափակումներ են մտցվում վերոնշյալ անդամների գործունեության հետ կապված՝ բացառելու շահերի բախման իրավիճակները: Առաջարկվում է սահմանափակել ոչ դատավոր անդամների պաշտոնավարման ժամանակահատվածում փաստաբանական գործունեություն իրականացնելը: Այդ մասով խախտումը լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսանալու:

Տիգրան Դադունցը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առաջարկվող փոփոխություններին, դատավոր ընտրելու կամ նշանակելու ընթացակարգերին: Փոխնախարարը նշել է, որ ոչ դատավոր անդամների ընտրությունն իրականացվում է բաց, թափանցիկ, մրցութային ընթացակարգով:

Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը բարձրաձայնել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա կարևորել է նախաձեռնությունը և հորդորել կողմ քվեարկել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն