«Հայաստան» խմբակցությունն ԱԺ խորհրդի նիստին փորձել է կանխել առաջարկվող փոփոխությունները, սակայն չի հաջողվել: Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ՀՀ ընտրական օրենսգրքում ՔՊ-ի առաջարկած փոփոխությունների քայլն անվանելով «հակաժողովրդական» և «հակաօրինական»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ պատգամավորները նախաձեռնել են փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքում՝ դիտորդական առաքելությունների մասով:
«Առաջարկություն ներկայացրինք հետաձգելու, որ թե՛ միջազգային ներկայացուցիչների, թե՛ դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպությունների ներգրավման և նաև հանրային քննարկման միջոցով ունենանք նախաձեռնության վերաբերյալ պատշաճ քննարկումներ և դրա հիման վրա նորմալ եզրակացություն, սակայն մերժում ստացանք»,- ասաց Մինասյանը:
Նրա խոսքով՝ Մեծամասնությունը որոշել է, որ մեկ ժամի շրջանակում պետք է սա անցկացնի:
«Սա հերթական փորձն է ընտրական գործընթացները ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելու և ընտրակեղծիքները օրինականացնելուն միտված»,- ասաց Մինասյանը:
Ընդդիմադիր պատգամավորը անընդունելի և մերժելի անվանեց այս քայլը՝ հրավիրելով միջազգային և տեղական դիտորդական կազմակերպությունների և հկ-ների ուշադրությունը:
Նա նաև նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հարցի քննարկմանը և հայտարարում է, որ սա հերթական «հակապետական, հակաժողովրդական, հակաօրինական ընթացքն է»: