Ինչպե՞ս է որոշվելու, թե ինչն է համարվում միջամտություն ՀՀ ներքաղաքական կյանքին, ինչը՝ ոչ: Այս հարցը բարձրաձայնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ:
Նշենք, որ օրենքի նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է արգելել օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը, և հնարավորություն տալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին սանկցիաներ կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից:
«Դուք ասում եք՝ ՀՌՀ-ն է որոշելու, ՀՌՀ-ում շատ ճաշակով մարդիկ են նստած: Օրինակ՝ երբ հարց քննարկվի՝ Ucom-ով TRT-ով հրապարակվել է՝ «Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը աջակցություն է հայտնում ՀՀ իշխանությունների քաղաքականությանը», սա համարե՞նք մյիջամտություն, թե՞ չէ, ՀՌՀ անդամ Հակոբ Մոսվեսը (Հակոբ Հակոբյանը, որի լիազորությունների կասեցման նախագիծ է ներկայացրել «Հայաստան» խմբակցությունը) կհամարի, որ չէ, միջամտություն չէ: Բայց Սոլովյովը, որ հերթական անգամ էշ-էշ դուրս տա, կհամարի, որ միջամտություն է»,- ասաց Մանուկյանը:
Նա նշեց, որ «միջամտություն» ձևակերպումը շատ սուբյեկտիվ է, և այդ սուբյեկտիվությունը, որ տրվում է ՀՌՀ-ին, ըստ ճաշակի, ըստ քիմքի է լինելու:
«Արդյունքում՝ հասարակության մեջ անհանգստություն է, որ նախագիծն այս պահին գալիս է ընտրությունների ժամանակ ևս մի գործիք տալու, որ իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության, ռեպորտաժի վրա դրվի սահմանափակում»,- նշեց ընդդմիադիր պատգամավորը:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նախ ճշտեց, այս դրույթը վերաբերում է միայն օտարերկյա հեռուստաալիքներին, և որ տեղական հեռուստաալիքների մասով նման կարգավորում չկա, ապա արձագանքեց սուբյեկտիվության վերաբերյալ պնդմանը՝ նշելով, որ գիտեր՝ հարցը հնչելու է, ու պատրաստված է եկել:
«ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստաբովանդակություն է համարվում, ըստ իս, այն տեղեկատվական, վերլուծական կամ քարոզչական բնույթի հաղորդումը, որը ուղղակի կամ անուղղակի կերպով նպատակ ունի ազդել ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում՝ պետական իշխանության ձևավորման, ընտրությունների կամ հանրաքվեների, քաղաքական կուսակցությունների կամ շարժումների գործունեության, հանրային կարծիքի ձևավորման, ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ, ստեղծում, ֆինանսավորվում կամ խմբագրվում է օտար պետության, օտար պետական մարմնի կամ դրանց հետ փոխկապակցված կազմակերպության կողմից և չի հանդիսանում չեզոք տեղեկատվության փոխանցում, այլ պարունակում է քաղաքական դիրքորոշման քարոզ, կոչեր գործողության կամ դիմադրության, պետական ինստիտուների լեգիտիմության խաթարում, կոնկրետ քաղաքական ուժի կամ գործչի աջակցություն կամ վարկաբեկում»,- ասաց նախարարը:
Այնուհետև նա ներկայացրեց, թե իր կարծիքով՝ ինչը չի համարվում միջամտություն. «Փաստերի վրա հիմնված լրատվական հաղորդումը՝ առանց գնահատականների, ակադեմիական կամ վերլուծական քննարկումը, եթե չկա կոչ կամ քարոզ, միջազգային կազմակերպությունների պաշտոնական զեկույցների ներկայացումը, ՀՀ ներքին կյանքի մասին կարծիքներ, եթե դրանք արտադրվել կամ ղեկավարվել են օտար պետության կողմից»:
Ապա Հայրապետյանը նշեց գործնական չափանիշներ, որ որոշվի՝ միջամտություն է, թե ոչ. «Բովանդակության նպատակային լսարանը որն է՝ արդյոք ՀՀ քաղաքացինե՞րն են, հաղորդման ժամանակացույցը՝ արդյոք ընտրություններից առա՞ջ են, ճգնաժամի պահի՞ն են հնչեցվել, օգտագործվող լեզուները, ֆինանսավորման և խմբագրական վերահսկողության աղբյուրը, հաղորդման կրկնվող և համակարգված բնույթը»:
«Կարծում եմ՝ սուբյեկտիվ չէ, և հնարավոր է շատ հստակ և արդարացի սահմանել ենթաօրենսդրական ակտերով»,- Գեղամ Մանուկյանի հարցերին ի պատասխան՝ ամփոփեց ԲՏԱ նախարարը: