Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հրաժարական է տվել Իրանի դեմ պատերազմի պատճառով | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան անվտանգության պաշտոնյաներից մեկը՝ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը, երեքշաբթի հրաժարական է ներկայացրել՝ Իրանի դեմ պատերազմի հետ անհամաձայնության պատճառով։

Քենթը հայտարարել է, թե Իրանը Միացյալ Նահանգների համար անմիջական վտանգ չէր ներկայացնում, հայտնում է Reuters գործակալությունը։

Սոցցանցերում հրապարակված նամակում նա գրել է, որ «չի կարող բարեխղճորեն աջակցել Իրանում շարունակվող պատերազմին» և պնդել է, թե պատերազմը սկսվել է Իսրայելի ու նրա ամերիկյան ազդեցիկ լոբբիի ճնշման ներքո։

Սպիտակ տունը, իր հերթին, հերքել է այդ պնդումները։ Սպիտակ տան խոսնակ Կարոլայն Լևիթը հայտարարել է, որ Քենթի նամակում կան «կեղծ պնդումներ» և պնդել, որ նախագահ Թրամփն ունեցել է «ուժեղ և համոզիչ ապացույցներ», թե Իրանը պատրաստվում էր առաջինը հարվածել ԱՄՆ-ին։

Քենթը Թրամփի վարչակազմի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որը հրաժարական է տալիս արդեն երրորդ շաբաթը շարունակվող հակամարտության ֆոնին։ Թեև նա վաղուց էր հայտնի իր «Ամերիկան առաջինը» հայացքներով և բազմիցս հանդես էր եկել արտասահմանում ԱՄՆ ռազմական միջամտությունների դեմ, Reuters-ի աղբյուրներից մեկը նշել է՝ հրաժարականը անակնկալ էր վարչակազմի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն