Պայմանավորվե՞լ եք: Այս հարցն ուղղեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը իշխանությանը՝ անդրադառնալով հայտարարություններին, որ եթե ՔՊ-ն ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չունենա, «սեպտեմբերին պատերազմ է լինելու»:
«Երբ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե Ադրբեջանը հստակ օրով ու ժամով պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, ուզում եմ հարց տալ, պայմանավորվե՞լ եք»,- ասել է նա:
Պատգամավորը նաև ընդգծել է, որ իշխանությունները հաճախ հայտարարում են, թե իրենց բացակայության դեպքում պատերազմ է լինելու, հիշեցնելով, թե 2018-ից հետո՝ ՔՊ իշխանության տարիներին արդեն տեղի են ունեցել մի քանի պատերազմներ և հարձակումներ Հայաստանի վրա։ Նա հակադրել է սա իրենց իշխանության 10 տարիների իրավիճակին՝ նշելով, թե այդ ընթացքում պատերազմ չի եղել։
Վարդանյանը անդրադարձել է նաև 2020 թվականի պատերազմի վերաբերյալ իշխանության ներկայացրած «գիտակցաբար գնացած զոհողության» ձևակերպմանը՝ հարց բարձրացնելով, թե արդյոք դա նշանակում է, որ պատերազմը պլանավորված է եղել։ Նրա խոսքով՝ մինչ այդ հասարակությունը համոզված էր, որ Ադրբեջանն է հարձակվել, և այդ ձևակերպումը նոր հարցեր է առաջացնում։
Երեկ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ «Հայաստանը գիտակցված զոհողության է գնացել 2020-ին, իսկ մինչ այդ եղած զոհողությունների հեղինակը Հայաստանը չի եղել:
Քրիստինե Վարդանյանը հիշեցրել է, որ իշխանությունները նաև 2021 թվականին էին խոստանում խաղաղություն՝ «երկաթե մանդատի» միջոցով, սակայն, նրա գնահատմամբ, դրանից հետո տեղի են ունեցել Արցախի հայաթափում, հարձակումներ Հայաստանի վրա և տարածքային կորուստներ։
Նա նաև անհիմն է համարել այն պնդումները, թե ընդդիմությունը ցանկանում է իշխանության գալ և պատերազմ հրահրել՝ նշելով, որ նման տրամաբանությունը հակասական է, քանի որ որևէ ուժ չի կարող շահագրգռված լինել իշխանության գալու և միաժամանակ պատերազմ սկսելու մեջ։
Անդրադառնալով իշխանության հայտարարություններին՝ պատգամավորը նշել է, որ նրանք փորձում են իրենց նախկին խոստումները բացատրել «սխալվելու» և «փոխվելու» հանգամանքով։ Նա հարց է բարձրացրել, թե ինչպես կարելի է սխալվել հայրենիքի վերաբերյալ գնահատականներում և արդյոք նման պայմաններում հնարավոր է վստահել այդ քաղաքական ուժին։
Վարդանյանը նաև անդրադարձել է անվտանգության երաշխիքների թեմային՝ նշելով, որ իշխանությունները խուսափում են «երաշխավորների» գաղափարից, մինչդեռ, նրա խոսքով, հենց Նիկոլ Փաշինյանն է նախկինում հայտարարել, որ առանց երաշխիքների ստորագրված որևէ փաստաթուղթ կարող է կարճ ժամանակում հանգեցնել պատերազմի։
Պատգամավորը կարծիք է հայտնել, որ իշխանությունների պատկերացրած խաղաղությունը կախված է Ադրբեջանի դիրքորոշումից:
Նա նշել է, որ հանրության առաջ դրված ընտրությունը պատերազմի և խաղաղության միջև չէ, այլ առկա վիճակը պահպանելու և այն կորցնելու միջև։ Նրա խոսքով՝ Հայաստանում չկա քաղաքական ուժ, որը պատերազմ է ցանկանում, սակայն կա ուժ, որի կառավարման ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ պատերազմներ։
«Այսինքն էս քաղաքական գծի մեջ է, որը երաշխավորված կործանումն է, ու հնարավորության միջև է, որ փրկենք էն ինչ գոնե կա ու մեր իրավունքները կարողանանք պաշտպանել»,- նշել է նա:
Անդրադառնալով արցախահայության վերադարձի իրավունքին՝ պատգամավորը նշել է, որ որևէ մեկը չի կարող փակել այդ հարցը, քանի որ հարյուր հազարավոր մարդիկ իրենց հայրենիքն են համարում Արցախը և ցանկանում են վերադառնալ։