Ընդդիմադիր պատգամավորը իշխանություններից պահանջում է նշել հիբրիդային սպառնալիքի աղբյուր պետությունը | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում իշխանություններից պահանջել է հրապարակել այն երկրի անունը, որտեղից, ըստ պաշտոնական հայտարարությունների, բխում է Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքը։

Պատգամավորը նշեց, որ իշխանությունները և պետական մարմինները տևական ժամանակ հայտարարում են հիբրիդային սպառնալիքների առկայության մասին, հատկապես՝ ընտրություններից առաջ դրանց ակտիվացման համատեքստում։

«Արդեն տևական ժամանակ է՝ մեզ ասում են, որ Հայաստանում առկա է հիբրիդային սպառնալիք, որ ընտրություններից առաջ այդ սպառնալիքը սրվում է։ Անգամ արտաքին հետախուզության ծառայությունը իր զեկույցից բացի մեկ այլ առանձին հայտարարությամբ հանդես եկավ։ Նշեց, որ բացահայտվել է կոնկրետ երկրի հատուկ ծառայության միջամտության դեպք»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ այս պայմաններում անհասկանալի է, թե ինչու իշխանությունները չեն հրապարակում այդ երկրի անունը։

«Եթե այդպիսի կոնկրետ դեպքեր են բացահայտվել, եթե այդքան կոնկրետ տեղեկություններ ունեք, ինչո՞ւմն է խնդիրը, որ կաշկանդված եք տալ այն պետության անունը, որը մեր համար ներկայացնում է այդ սպառնալիքը»,- նշեց պատգամավորը։

Վարդանյանը նաև հարցադրում է արել, թե արդյոք նման կաշկանդվածությունը չի հանդիսանում ինքնիշխանության սահմանափակում։

«Ինչպես կարող է ինքնիշխանությունը ունենալ սահմանափակում, ինչի՞ց եք վախենում, ի՞նչ կաշկանդվածություն ունեք։ Արդյոք դա ինքնիշխանության սահմանափակում չէ, որ դուք նկարագրում եք սպառնալիք չափազանց կոնկրետությամբ, բայց կաշկանդված եք ասել, թե որ երկրից է գալիս այդ սպառնալիքը»,- ընդգծեց նա։

Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում պարբերաբար ահազանգում են երկրում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային հարձակումների սպառնալիքի ահագնացման մասին։ Հայաստանը հիբրիդային հարձակումներին հակազդելու հարցով աջակցություն է խնդրել Եվրամիությունից։ Օրերս Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր, որ Եվրամիությունը Հայաստան կուղարկի  արագ արձագանքման թիմ՝ օգնելու ընտրություններին առաջ սպասվող հիբրիդային հարձակումներին հակազդելու հարցում։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրի դեմ իրականացվող հիբրիդային հարձակումների թելերի մի մասը տանում են Ռուսաստան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն