«Խնդրում եմ հանդես գալ որպես որդուս երաշխավոր». Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ԿԳՄՍ նախարարին | news.am

news.am Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով անցնող 18-ամյա Դավիթ Մինասյանի մայրը՝ Գայանե Մինասյանը, դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին, խնդրել տալ երաշխավորություն։ Այդ մասին տեղեկացնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, ով նաև հրապարակել է դիմումի տեքստը և Դավիթ Մինասյանի բարձր առաջադիմությունը փաստող փաստաթղթերը։

«Հարգելի տիկին Անդրեասյան, հաշվի առնելով այս երևույթի բացառիկությունը՝ հանդես գալ որպես երաշխավոր՝ որդուս՝ Դավիթ Մ ինասյանի կալանքի որոշումը փոխելու համար, ում ձեր կողմից 2023 թվականին տրվել է հիմնական կրթության գերազանցության վկայական, որը ներկայացնում եմ»,- գրել է Գայանե Մինասյանը։

Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցում էր Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։

Միջադեպից հետո ձերբակալվել էր երեք անձ։ Նրանց նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում:

Միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Դավիթի մայրը հայտարարել էր, որ որդին ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։

Ձերբակալվածներ մյուս երկուս անձինք ազատ են արձակվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Մյուս մեղադրյալի՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն