Թրամփը հրադադարի չպահպանման դեպքում ավելի ուժգին հարվածներով է սպառնում | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը կմնան Իրանի շուրջ այնքան, քանի դեռ լիովին չեն պահպանվել հրադադարի պայմանները:

«Բոլոր ամերիկյան նավերը, ինքնաթիռները և ռազմական անձնակազմը, լրացուցիչ զինամթերքով, սպառազինությամբ և մնացած ամեն ինչով, ինչն անհրաժեշտ է արդեն իսկ զգալիորեն թուլացած հակառակորդի մահացու հետապնդման և ոչնչացման համար, կմնան իրենց տեղերում՝ Իրանում և նրա շրջակայքում, մինչև լիովին պահպանվի իրական ձեռք բերված համաձայնությունը», – նշել է Թրամփը Truth Social-ում:

Ըստ Թրամփի՝ եթե ինչ-ինչ պատճառներով երկշաբաթյա հրադադարի կետերը չկատարվեն, ապա կսկսվի ավելի մասշտաբային և ուժեղ հարձակում, «քան երբևէ տեսել է որևէ մեկը»: Նա շեշտել է, որ հակառակ կեղծ հռետորաբանությանը՝ ոչ մի միջուկային զենք չպետք է լինի, իսկ Հորմուզի նեղուցը բաց և անվտանգ պետք է գործի: Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի բացման հարցերը:

Լիբանանում Իսրայելի հարվածներից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Լիբանանն էլ պետք է ընդգրկվի հրադադարի մեջ:

Հիշեցնենք՝ մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետ էր տվել՝ սպառնալով «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնել»: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր դիվանագիտական բոլոր ուղիները և անուղղակի բանակցությունները սառեցնելու մասին:

Ավելի ուշ Պակիստանի միջնորդությամբ կողմերը երկշաբաթյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել։ Թրամփը հայտարարել է, որ համաձայնության են եկել Իրանի ներկայացրած 10-կետանոց առաջարկի շուրջ՝ այն համարելով «բանակցությունների համար կիրառելի հիմք»։ Իսկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «2 շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի՝ Իրանի ԶՈւ հետ համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատշաճ հաշվի առնելով»։  Թեև Պակիստանի վարչապետը նշել է, որ հրադադարը վերաբերում է նաև Լիբանանին, Իսրայելը հակառակն է պնդում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն