news.am Մենք նախորդ տարվանից Երևանում հիմնանորոգել և նորոգել ենք Կորեայի ձորի մեկ կիլոմետրանոց հատվածը, որը նախորդ տարի հանձնվել է շահագործման, Արգավանդի խաչմերուկից դեպի Զվարթնոց օդանավակայան գնացող 6–կիլոմետրանոց հատվածը և M1 միջպետական մայրուղուց դեպի Երևան եկող հատվածը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Մենք այս երեք հատվածները նորոգել և հիմնանորոգել ենք նախորդ տարի։
Այս տարի արդեն սկսել ենք Իսակովի պողոտայի միջին նորոգման աշխատանքները, եղանակով պայմանավորված մենք ամենայն ավանդականությամբ այսօր երեկոյան կամ վաղը այնտեղ կսկսենք նաև ասֆալտապատման աշխատանքները, և նախնական մինչև ապրիլի 25-ը այդ ճանապարհը կբերենք ամբողջովին նորոգված տեսքի։
Դրանից հետո կանցնենք Երևանից դեպի Առինջ, Աճառյան փողոցով գնացող հատվածի նորոգմանը։ Սա ևս մեր ցանկում կա, և նաև դեպի Ջրվեժ գնացող Բագրևանդի Խաչմերուկին զուգահեռ Թևոսյան փողոցում հիմնանորոգման աշխատանքներ կունենանք։
Քաղաքապետարանի գործընկերների հետ ձեր հանձնարարությամբ աշխատում ենք միասնական ստանդարտ ունենալու ուղղությամբ, այսինքն մեր բոլոր կառուցված ճանապարհները, լինեն Երևանում, Երևանի բյուջեի պատվերով, թե պետական բյուջեով, անկախ պատվիրատուից նույն տրամաբանության մեջ լաբորատոր փորձարկումների կենթարկենք»,–ասաց նա։