timthumb-2-5

Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր

Ապրիլի 6-ին՝ ժամը 23:23-ին, առաքիչ աշխատող օտարերկրյա մի քաղաքացի Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը պատվեր ստանալով՝ սուպերմարկետից 33 578 դրամի ծխախոտ և տարբեր տեսակի սննդամթերք է առաքել Եղբարության փողոց, որտեղ մոտեցել են երկու տղաներ։ Նրանցից մեկը վերցրել է պատվերը և տվել 20 հազար դրամանոց ու հեռացել։ Առաքիչը նկատել է, որ դրամի վրա առկա է «հուշանվեր» գրառումը և այն վերադարձրել է մյուս տղային, որը, սակայն, առանց պատվերի գումարը վճարելու նույնպես հեռացել է։

Եվս մի օտարերկրացի էլ հայտնել էր, որ ապրիլի 7-ին՝ գիշերվա ժամը 2:37-ին, պատվեր ստանալով՝ 33․295 դրամի քաղցրավենիք է առաքել Թադևոսյան փողոց, որտեղ մոտեցել է մի անձ և պատվերի համար տվել երկու հատ 20 հազարանոց՝ կրկին «հուշանվեր» գրառմամբ։

Ապրիլի 7-ին՝ ժամը 17:00-ին, Շենգավիթի բաժնում ստացվել է հաղորդում, որ ժամը 16:34-ի սահմաններում ժամացույցի առաքման պատվերով օտարերկրյա առաքիչը մոտեցել է Եղիշե Թադևոսյան փողոց, որտեղ ապրանքի դիմաց անծանոթ տղամարդն իրեն վճարել է «հուշանվեր» գրառմամբ երկու հատ քսանհազարանոց։ Այս դեպքում առաքիչն ուշ էր նկատել կեղծիքը, վերադարձրել էր յոթ հազար դրամ մանրը և հեռացել։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Շենգավիթի համայնքային ոստիկանների վարկածն այն էր, որ երեք դեպքում էլ «հուշանվեր» թղթադրամներով խարդախությունները կատարել է նույն անձը, և վարկածը հաստատվեց։

Պարզվեց, որ խարդախություններն իրականացրել է Մանթաշյան փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ։

Ապրիլի 8-ի առավոտյան ժամը 8:00-ին Մանթաշյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքները։
Նրա խուզարկությամբ, ի թիվս այլ թղթադրամների, հայտնաբերվեց նաև «հուշանվեր» գրառմամբ երկու քսանհազարանոց։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն