Բանտ տեղափոխված Դավիթ Մինասյանը կգտնվի բժիշկների հսկողության ներքո. ԱՆ

Բանտ տեղափոխված Դավիթ Մինասյանը կգտնվի բժիշկների հսկողության ներքո. ԱՆ

azatutyun.am 18-ամյա Դավիթ Մինասյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են Արմավիրի բանտ:

«Ազատության» տեղեկություններով, Դավիթ Մինասյանին հիվանդանոցն է դուրս գրել, այդ որոշման հետ առողջապահության նախարարությունը կապ չունի:

Առողջապահության նախարարությունից «Ազատությանը» ավելի ուշ փոխանցեցին, որ բանտում 18-ամյա Դավիթ Մինասյանը կգտնվի բժիշկների հսկողության ներքո: Գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ ընդհանուր թերապևտիկ բաժանմունքում անհրաժեշտ բժշկական հսկողություն կիրականացվի:

Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։

Միջադեպից հետո ձերբակալվել էր երեք անձ։ Նրանց նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում: Միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տղան անազատության հետ անհամատեղելի հիվանդություն ունի և պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։

Ձերբակալվածներ մյուս երկուս անձինք ազատ են արձակվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Մյուս մեղադրյալի՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն