Քննարկվել է Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրից բխող նոր օրենքի նախագիծը

2021 թվականին ստորագրված և Ազգային ժողովի կողմից վավերացված «Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրից բխող հերթական օրենսդրական նախաձեռնությունն է ներկայացվել քննարկման, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

««Օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին և դիրեկտիվներին»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ապրիլի 14-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ:

Փոխնախարարի խոսքով օրենսդրական փոփոխությունները վերաբերում են օդային փոխադրումների ոլորտում ապահովագրական պարտավորություններին: Մասնավորապես, սահմանվում են պահանջներ օդանավ շահագործողի վկայական ունեցող կազմակերպությունների, թռիչքային և սպասարկող անձնակազմերի, ուղեբեռի, բեռի, ինչպես նաև երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության մասով:

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գործող օրենքը և ընդունել նոր, ամբողջական կարգավորում նախատեսող օրենքի նախագիծը, որը կսահմանի ոլորտում գործող հիմնական սուբյեկտների միջև իրավահարաբերություններն ապահովագրության բնագավառում, ինչպես նաև ապահովագրության նվազագույն սահմանաչափերը՝ համապատասխանեցված Եվրամիությունում գործող պահանջներին:

Փոփոխությունների փաթեթում հաշվի են առնվել նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից 2024 թվականին կատարված թարմացումները:

Նախագիծը նախատեսում է նաև օրենքից բխող պահանջների կատարման մեխանիզմները, պատասխանատվության միջոցները, վեճերի կարգավորման ընթացակարգերը և այն սուբյեկտների շրջանակը, որոնց նկատմամբ օրենքը կիրառվելու է:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հայկ Ցիրունյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն