armenpress.am Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է գոյատևման և մաքառման իրեն պարտադրված օրակարգը և մտել սովորական կյանքով ապրելու մի պատմական դարաշրջան։
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
Վարչապետը նշեց, որ երկրի առաջնահերթությունը դարձել է պետության զարգացումը, կրթությունը, աշխատանքը և բարեկեցության բարձրացումը՝ ընդգծելով, որ Հայաստանի պատմական առաքելությունն է զարգացնել պետությունը և այն փոխանցել ապագա սերունդներին։
«Մեր պատմական առաքելությունը կրթվելն է, աշխատելը, մեր պետությունը՝ 29,743 քկմ միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը զարգացնելը և այն որպես անկախ, խաղաղ, անվտանգ, զարգացած, բարեկեցիկ պետություն ապագա սերունդներին ժառանգելը՝ սերնդեսերունդ և դարեդար։ Ապրել, կրթվել, աշխատել, զարգացնել բարեկեցությունը, զարգացնել խաղաղությունը, զարգացնել պետությունը ու այն դարեդար ժառանգել սերունդներին։ Ահա այսպիսի հրաշալի պատմական առաքելության մեջ ենք մենք հայտնվել, որն անվանում ենք պետության հարատևության օրակարգ»,- ընդգծեց վարչապետը։
Փաշինյանը շեշտեց, որ այս փուլին հասնելը հնարավոր է դարձել ժողովրդի աջակցության և 2021 թվականի ընտրություններով ձևավորված լեգիտիմ մանդատի շնորհիվ․
«Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ոչինչ չէին կարող անել, եթե չունենային ժողովրդի մանդատը ու աջակցությունը»,- ընդգծեց նա։
Վարչապետը հիշեցրեց, որ դեռևս 2021 թվականին Կառավարության ծրագրով հստակ ձևակերպվել էր խաղաղության օրակարգը՝ որպես գերագույն նպատակ։
Նրա խոսքով՝ այդ նպատակը այժմ իրականացված է, թեև՝ ծանր գնով․
«Հարց է հնչում՝ ի՞նչ գնով։ Այն գնով, որով հնարավոր էր դա իրագործել։ Այո, բազում զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների և տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ այսօր Հայաստանը կանգնած է նոր պատմական փուլում՝ ունենալով պետություն, խաղաղություն, զարգացում և հեռանկար։
Վարչապետը նաև անդրադարձել է անցյալի հետ կապված քաղաքական գնահատականներին՝ նշելով, որ նախկինում հանրային ընկալումները հաճախ չեն համապատասխանել իրականությանը։
««Ղարաբաղը մերն էր և այլևս մերը չէ» խոսույթը, աշխարհաքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է։ Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է, իրականությունն այն է, որ մեզ հայտնի բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր բարեկեցության, մեր անվտանգության ու մեր ապագայի հաշվին, ու մենք դա չենք հասկացել, գուցե, եղել են մարդիկ, որ հասկացել ու չեն բարձրաձայնել, որովհետև վախեցել են։ Եղել են մարդիկ, որ և՛ հասկացել են, և՛ բարձրաձայնել, բայց նրանց կամ չենք լսել, կամ չլսելու ենք տվել, կամ լռեցրել ենք՝ համոզված լինելով, թե նրանք չեն հասկանում, թե ինչ են խոսում, մինչդեռ մենք, այդ մենք, այդ թվում՝ ես, չենք հասկացել, թե ինչ ենք անում՝ սկսած 1988 թվականից։ Եվ արել ենք ամեն ինչ ինքներս մեր դեմ և ի հեճուկս պատմության՝ մեզ տված դասերի։ Բայց այսօր մենք կարող ենք ասել, որ մենք՝ Կառավարությունը, կառավարող մեծամասնությունը, փոխել ենք մեր պատմության կործանարար ընթացքը և Հայաստանի Հանրապետությունը դրել ենք ստեղծարար ու խաղաղ պատմության ընթացքի մեջ։ Ու այսօր մեր ժողովուրդը գրում է իր պատմության բոլորովին նոր, պետականակենտրոն գլուխը, որտեղ պետությունը միևնույն ժամանակ և՛ նպատակ է, և՛ միջոց»,- եզրափակեց Փաշինյանը։