Երեք ամսում 34,1 մլրդ դրամի առողջապահական ծառայություն է մատուցվել 65 ու դրանից բարձր տարիքի քաղաքացիներին | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առողջապահության ոլորտում իրականացված փոփոխությունները և դրանց արդյունքները՝ անդրադառնալով նաև համընդհանուր ապահովագրական համակարգի ներդրմանը։

Վարչապետը հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականին հայտարարել էր՝ Հայաստանում բուժօգնության կարիք ունեցող որևէ անձ չպետք է մնա հիվանդանոցների դռների առաջ, և նշեց, որ այդ նպատակին հասնելու համար անցել են փուլային բարեփոխումների ճանապարհ։

Փաշինյանի խոսքով՝ առողջապահության ապահովագրության համակարգը չի ներդրվել ավելի շուտ, քանի որ համակարգը դրան պատրաստ չէր։

«Եթե առողջապահության ապահովագրությունը ներդնեինք 2018 թվականին, առողջապահական համակարգը կփլուզվեր»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նախ իրականացվել են մի շարք հիմնարար փոփոխություններ՝ ընդլայնվել է պետպատվերի համակարգը, ներդրվել է օֆերտայի մեխանիզմը, զարգացվել է էլեկտրոնային առողջապահությունը, ներառյալ՝ էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը։

Վարչապետը նշեց, որ այս բարեփոխումները, թեև հաճախ քննադատության են արժանացել, եղել են անհրաժեշտ քայլեր՝ ապահովագրական համակարգի ներդրման համար հիմք ստեղծելու ուղղությամբ։

«Այդ բոլոր բարեփոխումները բուլդոզերով ճանապարհ էին հարթում դեպի այսօրվա արդեն իսկ հաստատված անշրջելի իրողություն»,- ասաց նա։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ ոլորտում արձանագրվել են կոնկրետ արդյունքներ, մասնավորապես՝ կյանքի միջին տևողությունը հասել է 78,6 տարվա, իսկ առողջապահության բյուջեն 2017 թվականի համեմատ աճել է 2,6 անգամ՝ 157 տոկոսով։

Վարչապետը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ՝ կապված 65 և բարձր տարիքի քաղաքացիներին մատուցված ծառայությունների հետ։

«Երեք ամսվա մեջ մենք 34 միլիարդ 110 միլիոն դրամի ծառայություն ենք մատուցել 239 հազար 630 65+ տարիքի անձանց»,- շեշտեց նա։

Նրա խոսքով՝ միայն 2026 թվականի հունվարի 1-ից ապրիլի 14-ը 439 քաղաքացի ստացել է 4 միլիոն դրամ և ավելի արժեքով բուժօգնություն, 1133-ը՝ 2-4 միլիոն դրամի, 4721-ը՝ 1-2 միլիոն դրամի ծառայություններ։

Բացի այդ, հազարավոր քաղաքացիներ ստացել են տարբեր ծավալի բուժօգնություն՝ սկսած մինչև 50 հազարից մինչև մի քանի հարյուր հազար դրամի միջակայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն