Դավիթ Խաչատրյանն ընտրվեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում

Դավիթ Խաչատրյանն ընտրվեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում

Դավիթ Խաչատրյանն ընտրվեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում. նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր« խմբակցությունը:

ԱԺ-ում երեկ տեղի ունեցած փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 61 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել:

Դավիթ Խաչատրյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ներկայացրել է իր տեսլականը Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի գործունեության վերաբերյալ:

«Այս հանձնաժողովը տեխնիկական կառույց չէ, այն պետական կառավարման կարեւոր ինստիտուտ է, որը պետք է կարողանա ապահովել, որպեսզի պետական տեղեկատվական համակարգերը լինեն անվտանգ, օժտված բարձր պաշտպանողականությամբ, քաղաքացիների անձնական տվյալները լինեն պաշտպանված, պետական թվային ենթակառուցվածքները լինեն կայուն եւ վստահելի»,- նշել է նա:

Թեկնածուի խոսքով հանձնաժողովը պետք է դառնա այն ինստիտուցիոնալ հարթակը, որտեղ համադրվում են տեխնոլոգիական զարգացումը, պետական եւ կառավարման պատասխանատվությունը, հասարակության վստահության պահպանումը:

«Կարեւոր է նաեւ ընդգծել, որ հանձնաժողովի գործունեությունը չի կրկնում Կառավարության կամ ոլորտային նախարարության գործառույթները: Գործադիրը մշակում է պետական քաղաքականությունը, իսկ հանձնաժողովն ապահովում է դրա իրականացումն անվտանգության, տեխնիկական ստանդարտների եւ համակարգված կարգավորման միջոցով: Այս բաժանումը շատ կարեւոր եւ անհրաժեշտ է արդյունավետ կառավարման համար: Այն ապահովում է ինչպես քաղաքական պատասխանատվությունը, այնպես էլ մասնագիտական անկախ կարգավորումը»,- ընդգծել է Դավիթ Խաչատրյանը:

Նշենք, որ այս հանձնաժողովը ինքնավար մարմին է, որը կազմակերպում է՝

– ազգային նույնականացման շերտի, այդ թվում՝ անձի էլեկտրոնային նույնականացման, թվային ստորագրության ու գաղտնագրման ծրագրային ապահովումների համակարգի, տեղեկատվական մուտքի հարթակի (hartak.am), «Ես եմ» նույնականացման հարթակի մշակումը, կառավարումը, զարգացումը, հոսթինգը և օգտագործումը.

– թվային ճարտարապետության, այդ թվում՝ պետական տեղեկատվական համակարգի տեղեկություններին թվային անվտանգ միջավայրում հասանելիության, կառավարական ցանցի, տվյալների փոխանակման և այլ շերտերի, պետական տեղեկատվական համակարգի կառավարման համակարգի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջգերատեսչական համակարգի մշակումը, կառավարումը, զարգացումը, հոսթինգը և օգտագործումը, միջազգային պայմանագրերի հիման վրա դրանց ինտեգրումն այլ տեղեկատվական համակարգերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն