Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների գերակայությունները. միջազգային թրենդների և տեղական կարիքների բախումը

Հայաստանի կառավարությունը սահմանել է գիտության և տեխնոլոգիաների զարգացման գերակա ուղղություններ։ 12 գերակայություններ առանձնացվել են՝ հիմնվելով միջազգային զերկույցների ուսումնասիրությունների և Հայաստանում հիմնականում ակադեմիական կարողությունների հաշվարկման վրա։ Գերակա ուղղություն է հայտարարվել նաև հայագիտությունը, որի վերաբերյալ մանրամասն վերլուծություններ ու թիրախներ դեռևս առկա չեն։ Գիտության և տեխնոլոգիաների գերակայությունների փաստաթղթում, սակայն, առկա չեն Հայաստանի տեղական կարիքների մասին վերլուծություններ։

Թե ինչ մեթոդաբանությամբ են ընտրված գերակա ուղղությունները, որքանով են դրանք բխում Հայաստանի կարիքներից ու զարգացման տեսլականից, ինչպիսին է պատկերը միջազգային տպագրությունների առումով ինչպես գերակա հայտարարված, այնպես էլ գիտական մյուս ուղղություններով, կարդացեք «Ինֆոքոմի» հոդվածում։

Գիտության և տեխնոլոգիաների գերակայություններն ու դրանց ընտրության մեթոդաբանությունը

2026-2030 թթ․ համար գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման գերակա ուղղությունները կարող եք տեսնել ստորև։

«Գերակա ուղղությունները սահմանվում են գիտության ոլորտում պետական քաղաքականության թիրախավորված և համալիր միջոցառումների կազմակերպման նպատակով, որի արդյունքում ակնկալվում է Հանրապետության տնտեսական և տեխնոլոգիական մրցունակության բարձրացում, սոցիալ-տնտեսական և հումանիտար մարտահրավերների հասցեագրում, շրջակա միջավայրի և ապագա մարտահրավերների նկատմամբ կայունության բարձրացում, առաջադեմ տեխնոլոգիաների արդյունավետ կլանման կարողության ձևավորում, պաշտպանական-անվտանգային միջավայրի զարգացում, ինչպես նաև դրանց մշակման շղթաներում որակյալ մասնակցություն»,- այսպիսի ամբիցիոզ թիրախներ է սահմանում գերակա ուղղությունների փաստաթուղթը: 

Կառավարությունը վերջին տարիներին ավելացրել է գիտության ֆինանսավորումը, իսկ վերջերս հրապարակված «Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրով» հանձնառություն վերցրել մինչև 2030 թ․ հետազոտությունների և մշակումների (ՀևՄ) ֆինանսավորումը հասցնել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1%-ի, որից 0․75%-ը՝ պետբյուջեից, 0․25%-ը՝ մասնավորից։ Չնայած այս հանձնառությանը՝ 2026-ին ոլորտի հատկացումները մոտ 14%-ով նվազել են 2025-ի համեմատ (մանրամասները կարդացեք «Ինֆոքոմի» հոդվածում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահ Սարգիս Հայոցյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ եթե գիտության ֆինանսավորման նախնական ավելացումը հնարավոր էր սփռված, համընդհանուր սկզբունքով, ապա ֆինանսավորման հավելյալ ավելացումը ճիշտ է իրականացնել գերակայությունների ուղղությամբ։

«Համակարգում համաչափ գումարներ ներդնելը ռազմավարության ու արդյունավետության տեսանկյունից ճիշտ չէ»,- ասում է ԲԿԳԿ նախագահը, ապա հավելում՝ այդկերպ ոչ թե բացառվում է գիտական այլ ուղղություններով ֆինանսավորվումը, այլ պարզապես ամրագրվում է, որ գերակայությունների ուղղությամբ ավելի մեծ ջանքներ են ներդրվելու և հատուկ ծրագրեր իրականացվելու։

Գերակայությունների սահմանման փաստաթղթում նշվում է, որ գերակա ուղղությունները մշակվել են՝ համադրելով միջազգային կազմակերպությունների կողմից մշակված առաջնահերթություններն ու կանխատեսումները, ինչպես նաև Հայաստանի ներուժի վերլուծությունը և գիտելիքահենք տնտեսության համար մրցունակ էկոհամակարգի ձևավորման հիմնախնդիրը (ուսումնասիրված միջազգային փաստաթղթերին ծանոթացեք հետևյալ հղումներով՝ հղում 1, հղում 2, հղում 3, հղում 4, հղում 5, հղում 6, հղում 7, հղում 8): 

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր և տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում դրական է գնահատում ռազմավարական ծրագրի՝ մինչև 2030 թ․ ՀևՄ ֆինանսավորումը պետական բյուջեից ՀՆԱ-ի 0․75%-ի հասցնելու արձանագրումը։ Մյուս կողմից՝ նախաձեռնության անդամը կարծում է` նման հանձնառությանը զուգահեռ պետք է ապահովել, որ հանրային միջոցներն արդյունավետ ծախսվեն։

«Գերակա ուղղությունները շատ լայն են․ եթե այդ ուղղություններով պետք է ակտիվ ներդրումներ անել, արդյունավետության հարց է առաջացնում։ Ծրագրով մենք 4 տարում պետք է եռապատկենք հետազոտությունների և մշակումների ծախսերը պետական բյուջեի հաշվին։ Էլ չեմ խոսում, որ ՀՆԱ-ն հավանաբար աճելու է։ Դա նշանակում է՝ բացարձակ առումով գուցե 4 անգամ աճ ունենանք։ Այդ ամենը լուրջ ներդրումներ է պահանջում։ Պետք է իսկապես շտապել, որպեսզի հասկանանք, թե որտեղ պետք է ուղղենք, որ անարդյունավետ չլինի, որ լինի իսկապես մեր երկրի կարիքներին ծառայող»։

Այս համատեքստում «Գիտուժ» նախաձեռնության անդամը կարևորում է արձանագրել, որ գերակա ուղղությունների ընտրության մեթոդաբանությունն անհստակ է։

«13 ռազմավարական ուղղություն է, որոնցից մեկն, ակնհայտ է, որ պիտի լինի Հայաստանի համար առաջնահերթություն․ դա հայագիտությունն է։ Իսկ մնացած 12-ն անհասկանալի մեթոդոլոգիայով ֆիլտրվել են կամ ագրեգացվել են 8 փաստաթղթից, որոնցում 100-ից ավելի ուղղություններ են նշված, և դրանցից 12-ն են թողել։ Եվ այդ 12-ն էլ գրեթե ամբողջությամբ ԲՏՃՄ (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական,- խմբ․) են, գուցե ինչ-որ առնչություն կա հասարակագիտական, հումանիտար ուղղությունների հետ, բայց հասարակագիտական, հումանիտար ուղղություններ չկան, չնայած որ աղբյուր փաստաթղթերում կան»։

Տիգրան Շահվերդյանը նշում է՝ գերակայությունների սահմանման փաստաթղթում Հայաստանի կարողությունների մասով, իհարկե, վերլուծություն արված է, սակայն դա բավարար չէ, քանի որ գուցե պետությունն ունի կարիքներ այնտեղ, որտեղ չկան կարողություններ, և դրանք պետք է զարգացնել։

«Փաստացի Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի գերակա ուղղությունների փաստաթուղթը չի հղվում հայկական կարիքներ պարունակող փաստաթղթի, դա կլինի Հայաստանի ռիսկերի գնահատական, ազգային անվտանգության ինչ-որ ռազմավարական ծրագիր, կանխատեսումների ցուցակ` ինչ-որ մի փաստաթուղթ, որից կարելի է ենթադրել, թե Հայաստանը ինչ կարիքներ ունի»։

ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը, սակայն, շեշտում է՝ գերակա ուղղություններն ապագայի և այն մասին են, թե Հայաստանն աշխարհի ապագա մրցավազքում ուր պետք է գնա։

«Մենք վերցրել ենք գլոբուսի վրա գոյություն ունեցող միջազգային խոշոր կառույցների ստրատեգիաները, պրագնոստիկ ռազմավարությունները, որոնցից մեկը մինչև 2034 թվականն է, մեկը մինչև 2045 թվականն է։ Մի քանի խոշոր [փաստաթղթեր] կան, որոնք փորձում են կանխատեսել գիտության ու տեխնոլոգիաների զարգացման ապագա ուղղությունները։ Քանի որ մեր բարձրագույն կրթության ու գիտության համակարգն, առհասարակ, ապագայի մասին է, գերակայությունները շարադրվել են՝ ապագայի ռելևանտ տեխնոլոգիաները համադրելով մեր այսօրվա ստարտափների էկոսիստեմի, գիտական պոտենցիալի, հրապարակումների ակտիվություն, հայ համահեղինակների քանակի հետ»։

ԲԿԳԿ նախագահն ապա հավելում է՝ իրենք հայաստանյան փաստաթղթի հղում կատարել են։ Խոսքը «Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության» մասին է, որտեղ, ինչպես պաշտոնյան է ձևակերպում, իրենց համար «բավական ուղղորդիչ թիրախներ կան»։

Նշենք, սակայն, որ կառավարությունն այդ ռազմավարությանը հղում է կատարում ոչ թե գերակա ուղղությունների սահմանման փաստաթղթում, այլ «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում»։ Իսկ հղումները ոչ այնքան պետության կարիքների մասին են, որքան ակադեմիական ու տեխնոլոգիական թիրախների։ Հղում է արվում, մասնավորապես հետևյալ կետերին՝ «Կիրթ և կարողունակ ազգ», «Ոչ նյութական (գիտելիքահենք) Հայաստան», «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան», որոնց առնչվող թիրախներ են են համարվում «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում» գիտնականների թվի, միջազգային տպագրությունների քանակի, արդյունաբերության և բուհերի միջև համագործակցության մակարդակի, միջազգային վարկանիշային աղյուսակներում հայկական բուհերի թվի և այլնի ուղղությամբ կատարվելիք քայլերը (բոլոր թիրախներին ծանոթացեք ռազմավարական ծրագրի 35-րդ էջում)։

Գերակա ուղղություններն՝ ըստ պատրաստության աստիճանների

Ընտրված գերակա ուղղությունները կառավարությունը դասակարգել է՝ ըստ պատրաստության 4 աստիճանների՝

  • Պ1՝ պատրաստության առավել բարձր աստիճան ունեցող գերակայություններ, որոնք ունեն անմիջական գործողությունների կարիք,

     

  • Պ2՝ զգալի հնարավորություններով գերակայություններ, որոնք ունեն ինստիտուցիոնալ միջամտության կարիք և պահանջում են համակարգված երկարաժամկետ միջամտություններ,

     

  • Պ3՝ ցածր հնարավորություններով, սակայն Հայաստանի մրցունակության համար կարևոր գերակայություններ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ են էական և բազմամակարդակ միջամտություններ,

     

  • Պ4՝ ցածր հնարավորություններով և Հայաստանի համար ոչ առաջնային կարևորության գերակայություններ, որոնց ուղղությամբ կշարունակվեն իրականացվել գիտահետազոտական փոքրածավալ ծրագրեր՝ հնարավոր պոտենցիալի բացահայտման նպատակով:

     

Ստորև կարող եք տեսնել, թե դասակարգման հիմքում ինչ տվյալներ է դրել կառավարությունը։

Ինֆոգրաֆիկա 2
Ինֆոգրաֆիկա 2

«Ինֆոգրաֆիկա 2»-ը թարմացվել է 17.04.2026-ին, ժամը 01:10-ին։ Նախնական տարբերակում «Պատրաստության աստիճանը» սյունում առկա էր վրիպակ։

Ինչպես երևում է գծապատկերից, պատրաստության ամենաբարձր աստիճանն ունի «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում» ուղղությունը։ Փաստաթղթում նշվում է, որ հենց այս ոլորտն է փաստացի պատրաստ նախաձեռնողական միջամտությունների:

Նշվում է նաև, որ այս ուղղությամբ մասնավոր հատվածում գործող կազմակերպություններից առնվազն 8-ի տարեկան շրջանառությունը, համաձայն բաց աղբյուրների, գերազանցում է 10 մլն ԱՄՆ դոլարը, իսկ 2-ը միաեղջյուրներ (unicorn) են։

Ապա ներկայացվում են ոլորտում մինչ այս պահն իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանի կողմից 2023 թ․ պետական ֆինանսավորմամբ 8 NVIDIA A100 տեսաքարտի, իսկ 2024 թ․՝ 8 NVIDIA H100 տեսաքարտ պարունակող համակարգիչների ձեռքբերումը։ 

Փաստաթղթում հիշատակվում է 2024 թ․ ինժեներական քաղաքում «Ազնավուր» ազգային գերհամակարգչային կենտրոնի բացումը և նույն տարում պետական բյուջեի հատկացումներով NVIDIA ընկերության արտադրության H100 64 18 տեսաքարտերի գերհամակարգչային կլաստերի ձեռքբերումը։

«Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, NVIDIA, Firebird և «Թիմ գրուփ» ընկերությունների նախաձեռնությամբ 500 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ NVIDIA կազմակերպության նորագույն սերնդի Blackwell տեսաքարտերից կազմված գերհամակարգչային կլաստերի ձեռքբերում»,- ասվում է փաստաթղթում։

Իրավիճակը հանրային (պետական) հատվածում

Ինչպես տեսնում ենք, գերակա ուղղություններն ըստ պատրաստության աստիճանների դասակարգելիս հիմնականում վերցվել են հանրային (պետական) հատվածին վերաբերող տվյալներ՝ հայ հեղինակների քանակը, Web of Science (WOS) միջազգային հեղինակավոր շտեմարանում հրապարակումների թիվը, վերջին տարիներին նույն շտեմարանում հրապարակումների ակտիվությունը, ենթակառուցվածքների վիճակը։ Իսկ մասնավոր հատվածի վերաբերյալ վերցված է միայն այդ ոլորտների կազմակերպությունների թիվը։ Մասնավոր հատվածի մասին՝ մի փոքր ուշ։ Այժմ տեսնենք, թե ինչպիսին է պատկերը ակադեմիական հատվածում։

2020-2025 թթ․ ընթացքում Հայաստանի հետ աֆիլացված գիտնականները WOS շտեմարանում ինդեքսավորված ամսագրերում հրապարակել են 6637 աշխատանք։ Ինչպես տեսնում եք ստորև, հրապարակումների թիվը վերջին տարիներին աճում է։

Ինֆոգրաֆիկա 3

Հայաստանում 2020-2024 թթ. տպագրությունների քանակով ամենաառաջատար ուղղություններն են ֆիզիկան, մաթեմատիկան, նյութագիտությունը, քիմիան, աստղաֆիզիկան, ֆիզիկական քիմիան։ Ստորև կարող եք տեսնել՝ WOS-ի դասակարգման 61 ուղղություններով որքան հրապարակում է եղել վերջին 6 տարիներին։ Պետք է հաշվի առնել, որ WOS-ը գիտական դասակարգումն իրականացնում է՝ ըստ ամսագրերի ոլորտների, և քանի որ մի ամսագիրը կարող է մեկից ավելի ուղղություն ունենալ, տվյալներն ունեն որոշակի վերածածկ (մի հոդվածը կարող է ներառված լինել մեկից ավելի ուղղություններում)։

Ինֆոգրաֆիկա 4

WOS-ում գիտական ամսագրերը դասակարգված են ըստ քառորդների՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ (Q1, Q2, Q3, Q4)՝ հաշվի առնելով որակական ու քանակական տարբեր չափանիշներ։ Առավել հեղինակավոր ամսագրերը ներառված են առաջին երկու քառորդներում՝ Q1, Q2։ Ստորև կարող եք տեսնել, թե 2020-2024 թթ․ ընթացքում WOS շտեմարանում ինդեքսավորված ամսագերում Հայաստանը քանի հոդված է հրապարկվել՝ ըստ քառորդների (2025-ի համար այս տվյալը դեռևս ամբողջական չէ)։ Ինչպես տեսնում եք, կա որակական փոփոխություն․ եթե 2020-ին հոդվածների 48.5%-ն էր հրապարակված Q1, Q2 ամսագրերում, 2024-ին՝ 59.6%-ը:

Ինֆոգրաֆիկա 5

Ստորև կարող եք տեսնել նաև գիտական 61 ուղղությունների դասակարգումը՝ ըստ քառորդների։

Ինֆոգրաֆիկա 6

Նշենք, որ գիտական հրապարակումներում ամենամեծ ներդրումն ունենում են առաջին, վերջին կամ նամակագրություն պահող հեղինակները։ «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում» շեշտվում է, որ ավելի ցածր քառորդներում ներգրավված պարբերականների հրապարակումներում Հայաստանի համահեղինակների դերակատարումն ավելի բարձր է։ Ըստ կառավարության վերլուծած տվյալների՝ 2024 թ․ Q1 պարբերականներում հրապարակված հոդվածների 59%-ում են Հայաստանի համահեղինակները զբաղեցնում առաջին, վերջին կամ նամակագրություն պահող դիրքերը։ Մինչդեռ, նույն տարում Q4 պարբերականներում հրապարակված հոդվածների 93%-ում են Հայաստանի համահեղինակները զբաղեցնում նշված դիրքերը։

«Ներքին կարողությունները դեռևս զարգանալու տեղ ունեն` ավելի առաջադեմ պարբերականներում հրապարակման կարողությունների իմաստով, ինչպես նաև մրցունակ գիտական միտք առաջադրելու կամ դրա լուծման մեջ էական ներդրում ունենալու իմաստներով»,- ասվում է ռազմավարական ծրագրում։

Ծրագրի միջոցառումներով նախատեսված է 2030-ի դրությամբ Հայաստանի՝ WOS-ում ինդեքսավորված ամսագրերում տարեկան հրապարակումների թիվը հասցնել 6000-ի։ Գերակայությունների ուղղությամբ էլ սպասվում են լրացուցիչ միջոցառումներ՝ լրացուցիչ ֆինանսավորմամբ։

Ստորև կարող եք տեսնել, թե ինչպիսին է Հայաստանի հրապարակումների պատկերը 2024-ին՝ ըստ ամսագրերի քառորդների։ WOS-ում ինդեքսավորված ամսագրերում Հայաստանի գերակա և մյուս ուղղություններին համապատասխանող հոդվածները թվով գրեթե հավասար են, սակայն գերակա ուղղություններում ավելի մեծ մաս են կազմում Q1 և Q2 ամսագրերում հրապարակումները։

Ինֆոգրաֆիկա 7

Իսկ հաջորդիվ կարող եք տեսնել, թե ինչպիսին է պատկերը միայն գերակա ուղղություններում։

Ինֆոգրաֆիկա 8
Ինֆոգրաֆիկա 8

Իրավիճակը մասնավոր հատվածում

«Գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում» արձանագրվում է, որ մասնավոր hատվածի կողմից ՀևՄ ոլորտում ներդրումների ծավալների, այդ աշխատանքներում ներգրավված աշխատակիցների քանակի, վարձատրության, հետազոտական արդյունքի վերլուծության մասին ներկայումս չկան համապարփակ տվյալներ և հաշվետվողականության մեթոդական և իրավական հիմքեր ու մեխանիզմներ։ 

Հետևաբար՝ գերակայություններն ըստ պատրաստության աստիճանների դասակարգելիս մասնավոր հատվածից հաշվի է առնվել միայն այդ ուղղություններով գործունեություն իրականացնող կազմակերպությունների թիվը։ Փաստաթղթում կարևորվում են ինչպես մասնավոր հատվածի՝ ՀևՄ-ում ներդրումները (որոնք մինչև 2030 թ․ կառավարությունը նախատեսնում է հասցնել ՀՆԱ-ի 0․25 %-ի), այնպես էլ մասնավոր հատվածում պետական ֆինանսավորման մեխանիզմների հստակեցումը։

«Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը նշում է՝ եթե գերակայությունների սահմանման փաստաթղթում ակադեմիական գիտության մասով կարելի է խոսել ամբողջական վերլուծություն մասին, ապա տնտեսական մասով միայն ընկերությունների քանակը բավարար ցուցանիշ չէ։ 

«Այդ ընկերությունները քանի՞ աշխատող ունեն, քանի՞ հոգի է ՀևՄ-ով զբաղվում, ի՞նչ շրջանառություն ունեն, ընդհանուր առմամբ՝ մասնավոր հատվածն ինչքա՞ն է ներդնում ՀևՄ-ի մեջ։ Էլ չեմ ասում, որ պետք է նայել՝ պետական հատվածում ինչ կարողություններ կան նպատակային ՀևՄ (նկատի ունի պետական կարիքների համար ՀևՄ-ն,- խմբ․) անելու համար։ Իսկ եթե այս տվյալները չկան, ավելի վատ, նշանակում է՝ մեթոդաբանությունը լուրջ բացեր ունի»։

Խոսելով տվյալների բացից՝ Սարգիս Հայոցյանը նշում է՝ կառավարությունն իրականացնում է մասնավոր հատվածում հետազոտական աշխատանքների համար եկամտահարկի և ավելացած արժեքի հարկի վերադարձի ծրագրերը, որոնց հայտերի փոձաքննությունն իրականացնում է հենց ԲԿԳԿ-ն։ Սարգիս Հայոցյանի խոսքով՝ այս ծրագրի շրջանակում մասնավոր հատվածի վերաբերյալ հավաքված տվյալները, որքան էլ կիսատ են, թույլ են տվել թիրախները սահմանել։

«Դրանք ամփոփ չեն և լիարժեք չեն, բայց չմշակված տվյալները ցույց են տալիս, որ հնարավոր է հասնել այս թիրախներին մասնավորի մասով։ Մեկ-մեկ էլ տպավորություն է ստեղծում, որ գուցե շատ քիչ թիրախներ ենք սահմանել, որովհետև կարող է պարզվել, որ մասնավորում այդքան էլ տխուր չէ վիճակը հետազոտությունների հետ կապված»։

«Գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում» նաև նշվում է, որ մասնավոր հատվածի աջակցության ծրագրերի արդյունքում որոշակիորեն հնարավոր կլինի գնահատել մասնավոր կազմակերպություններում իրականացվող ՀևՄ ծավալը և ներգրավված մարդկային ռեսուրսը։

Արդյո՞ք պետք չէր այդ տվյալները վերլուծել ու դնել գերակայությունների սահմանման, դրանք ըստ պատրաստության աստիճանների դասակարգման հիմքում։ Այս հարցին ի պատասխան՝ Սարգիս Հայոցյանը նշում է՝ պետք էր, սակայն նաև հավելում՝ միշտ էլ կարելի է ավելի լավ հետազոտել, բայց ինչ-որ մի պահի պետք է հետազոտությունն ավարտել։

«Երբ ունես շրջանակ, որն արդեն քեզ տալիս է բավարար պատկերացում, իմաստ չունի խորանալ։ Եթե քեզ պետք է ամբողջական թվի ճշտությամբ որևէ տվյալ, իմաստ չունի խորանալ, տեսնել՝ ստորակետից հետո 3-րդ թվի ճշտությամբ ինչ է տեղի ունենում»։

Հաշվի առնելով, որ կառավարությունը նախատեսում է լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել ու թիրախավորված ծրագրեր իրականացնել գերակայությունների ուղղությամբ՝ առաջնորդվելով այդ թվում դրանց պատրաստության աստիճաններով, հանրային միջոցներն արդյունավետ ծախսելու հարց է առաջանում։ Սակայն Սարգիս Հայոցյանը կարծում է, որ այդ տվյալները գերակայություններ սահմանելու վրա վճռական ազդեցություն չէին ունենալու․ դրանք որոշիչ կլինեն ըստ ամեն գերակայության գործողությունների պլան մշակելու ժամանակ։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ այս պահին հստակ հատկացումներ սահմանված չեն։

«Յուրաքանչյուր գերակայության ուղղությամբ ձևավորվելու է միջոլորտային աշխատանքային խումբ՝ կազմված ակադեմիայից (նկատի ունեմ գիտական հանրույթից), բյուրոկատիայից և մասնավոր հատվածից։ Այս պարագայում արդեն ամեն մեկի համար առանձնահատուկ լուծում է մշակվելու, որովհետև մի գերակայության ուղղությամբ գուցե մարդկային կապիտալը շատ է մասնավոր հատվածում, ակադեմիան հետ է ընկնում, մյուսում, ընդհակառակը, ակադեմիան գոյություն ունի, մասնավոր հատվածն է թույլ»։

Գերակա ուղղությունները հաշվի առնո՞ւմ են Հայաստանի առաջնահերթությունները

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը (Էկոկենտրոն) գիտական այն կառույցներից է, որի հետազոտական ուղղություններն անմիջական կապ ունեն ազգային անվտանգային հարցերի հետ՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունից մինչև պարենային անվտանգություն։

Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ ցանկացած դասակարգում, այդ թվում նաև գիտության, ունի պայմանական նշանակություն։ Նրա խոսքով՝ կառավարության սահմանացած գերակա ուղղությունները կարելի էր դնել ինչպես գիտական մեկ հովանոցի տակ, այնպես էլ բաժանել ավելի քան հարյուր փոքր գիտակարգերի։

«Գիտության դասակարգումը պետական և համաշխարհային մակարդակով երևույթը կառավարելի դարձնելն է։ ․․․․ Այդ գերակայություններն ավելի շատ, կարծում եմ, ելել են համաշխարհային գերակայություններից և մեր ցանկություններից, որ դրանք Հայաստանում դառնան գերակա»։

Էկոկենտրոնի տնօրենը շեշտում է՝ գերակայությունները որոշելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն հնարավորությունները, այլ նաև Հայաստանի առաջնահերթությունները, ինչպես նաև այնպես անել, որ այդ առաջնահերությունները, նշված թիրախները, բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սպասվող փոփոխությունները համահունչ լինեն։ Մինչդեռ հիմա, Լիլիթ Սահակյանի խոսքով, պետական կարիքները ելնում են տվյալ պահին գոյություն ունեցող էպիզոտիկ խնդիրների լուծումից և չունեն համակարգային բնույթ։

ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանն էլ այն տեսակետին է, որ պետական կարիքներն այսօրվա խնդիրների մասին են, ու պետք է այնպես անել, որ գերատեսչությունների համար խնդիրը ծագելուց մինչև լուծելու ժամանակահատվածը մաքսիմալ կարճանա։

«Դիցուք, [որևէ գերատեսչության համար] ուսումնասիրություն է իրականացվում՝ 4 տարվա պլանավորում կազմելու համար։ Չես կարող 4 տարի ուսումնասիրություն անել, հետո [արդյունքները] տալ, որ պլանավորի 4 տարվա համար։ Եվ նպատակային ծրագրերը (նկատի ունի գերատեսչությունների կարիքների հիման վրա իրականացվող ծրագրերը,- խմբ․) ֆունդամենտալ գիտական խնդիրներ չեն, հիմնականում հետազոտական խնդիրներ են, որոնք կարող են անգամ որպես գիտություն այդքան էլ հետաքրքիր չլինել, պարզապես կարող են իրականացվել միայն գիտնականների, հետազոտողների կողմից»։

Լիլիթ Սահակյանը պատմում է, որ պետության կարիքներից բխող հետազոտական խնդիրներից մեկը լուծելու համար Էկոկենտրոնի մոտ 4 ստորաբաժանման աշխատակիցներ են ներգրավվել։ Նա նշում է՝ եթե մի ինստիտուտում մի խնդրի լուծման համար միջդիսցիպլինար խումբ է ստեղծվում, ապա եթե պետությունն է առաջնահերթություն սահմանում, օրինակ՝ օդի աղտոտվածությունը, ապա պետք է նախ հասկանալ՝ ինչ մասնագետներ կան, ով կարող է խնդրին լուծում առաջարկել։ Այսպիսի մոտեցում ներկայումս Էկոկենտրոնի տնօրենը չի տեսնում։ Նա ևս մի օրինակ է բերում՝ Սևանը։ 

«Դուք չեք գտնի մի ֆակուլտետ, մի կրթական ծրագիր, որտեղ, օրինակ, լճաբաններ են պատրաստում, այդ պատճառով այդպես էլ Սևանի խնդրի վերաբերյալ համակարգային մոտեցում չկա։ ․․․․ Այսինքն՝ մենք չունենք այդ առաջնահերթության զգացումը»։

Էկոկենտրոնի տնօրենը նշում է՝ Հայաստանում գիտության միջազգայնացումը կարևորվում է, ինչը լավ ցուցիչ է, սակայն ոչ միակը (միջազգայնացման ուղղությամբ կառավարության քաղաքականության մասին կարդացեք «Ինֆոքոմի» հոդվածում)։ Լիլիթ Սահակյանի խոսքով՝ իրենց ոլորտում կան լոկալ խնդիրներ, որոնք միջազգային տեսանկյունից հետաքրքրություն չեն ներկայացնում։ Էկոկենտրոնն, օրինակ, որոշել է պահել կերահանդակներով և կերերի կենսաէներգետիկայով հետազոտություններ իրականացնող բաժինը, չնայած որ այդ ուղղությամբ միջազգային հրապարակումներն այդքան էլ շատ չեն։

«Այդ բաժնում իրականացնում են շատ հիմնարար հետազոտություններ, որոնք աշխարհում գուցե արդեն արված են, բայց Հայաստանում շատ բացեր ունենք։ Հիմա ես՝ որպես վարչարար, ի՞նչ պետք է անեի, փակեի՞ այդ բաժինը։ Ես հասկանում եմ, որ դա Հայաստանի համար է»։

ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը նշում է, որ գերակա ուղղությունների սահմանումը ոչ մի կերպ չի բացառում այլ ուղղություններով հետազոտությունների ֆինանսավորումը, ապա շեշտում՝ չկա Հայաստանի կարիքներից բխող որևէ թեմա, որը հնարավոր չլինի գտնել գերակա ուղղություններում։

«Գիտուժ» նախաձեռնությունն, օրինակ, այս կարծիքին չէ։ Նախաձեռնությունն օրերս հայտարարություն է տարածել՝ ի թիվս այլնի՝ մտահոգություն հայտնելով այն մասին, որ գերակա ուղղություններում Հայաստանի համար կարևոր հումանիտար և հասարակական գիտություններն անտեսված են։

«Հայաստանի առջև ծառացած աշխարհաքաղաքական և անվտանգային մարտահրավերների համատեքստում այս բնագավառների անտեսումը ռազմավարական բացթողում է։ Բացի հայագիտությունից՝ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կիրառական տնտեսագիտությունը, տարածաշրջանային լոգիստիկան, հիբրիդային սպառնալիքները, ռազմական գիտությունը, կառավարումը և սփյուռք-պետություն հարաբերությունները, կենսական հետազոտական ուղղությունների ընդամենը մի քանի օրինակ են, որոնք գնահատման կարիք ունեն, սակայն շրջանցվել են»։

Հայաստանին, օրինակ, պետք չէ՞ հասարակագիտություն, եթե այն չկա գերակա ուղղություններում։ Այս հարցին ի պատասխան՝ Սարգիս Հայոցյանը հիշեցնում է «Սոցիալական նորարարություններ (ներառյալ, վիրտուալ աշխարհներ և հանրություններ, կյանքի թվային պահուստավորում, այլընտրանքային արժույթ, կարդալ/գրելու մշակույթ, կրթության վերահայտնագործում, լրացված իրականություն)» գերակա ուղղությունը։ 

Իսկ հարցին, թե ինչու գերակայություններում չկա «դասական» հասարակագիտություն, օրինակ՝ սոցիոլոգիա, պաշտոնյան պատասխանում է․ «Բայց ի՞նչ է սոցիոլոգիան այսօր։ Այսօրվա սոցիոլոգիան արժե՞ պլանավորել 2030 թվականի համար։ Այօրվա սոցիոլոգիան մենք ֆինանսավորում ենք։ Հատուկ նշած է, որ «դասական» որևէ ուղղություն իր հիմնական ֆինանսավորումից չի զրկվում։ Այն, որ մենք սա գերակայություն ենք համարել, չի նշանակում, որ սոցիոլոգիա, փիլիսոփայություն, պատմագիտություն չենք ֆինանսավորում։ Բայց այսօրվա սոցիոլոգիայի առաջընթաց ուղղությունները դիտարկում են լրիվ այլ բաներ, խոսում են այս դարաշրջանում մարդկային հարաբերությունների զարգացման, մարդ-մեքենա, մարդ-արհեստական բանականություն հարաբերությունների մասին»։

Կարևոր է շեշտել, որ «Սոցիալական նորարարություններ» ուղղությունը կառավարությունը դասակարգել է որպես պատրաստության 4-րդ աստիճան ունեցող, որը համարվում է Հայաստանի համար ոչ առաջնային կարևորության գերակայություն։

Իսկ հարցին, թե, օրինակ, որ գերակայությունն է սահմանվել՝ հիմք ընդունելով հենց Հայաստանի առաջնահերությունները, Սարգիս Հայոցյանը մատնանշում է «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում» ուղղությունը։ 

«Դա Հայաստանի Հանրապետության գերակայությունն էլ է․ տեսել եք՝ քանի նախաձեռնություն է արվում Հայաստանում արհեստական բանականության ու հաշվողական ռեսուրսի ներգրավման, նաև գլոբալ քարտեզի վրա ինչ-որ դիրք զբաղեցնելու համար։ Այսինքն՝ եթե պետության քաղաքականություն է, արձանագրում է պետությունը, որ մարդկանց կարիք ունի այդտեղ, պետությունը սկսել է քայլել այդ ուղղությամբ, քայլելու ընթացքում առաջացել են խնդիրներ, որ մեզ պետք են, ինչքան հնարավոր է, մասնագետներ․․․ Պետությունը կարիքը ձևավորել է, բարեբախտաբար, այդ կարիքը նաև գլոբալ առաջնահերթություն է, բարեբախտաբար նաև մարդկային ռեսուրսը ձևավորվում է, այսինքն՝ բոլոր համընկնումները կան»։

Մեկ այլ նման գերակայություն, ըստ Սարգիս Հայոցյանի, «Կիսահաղորդիչներ, էլեկտրոնիկա և էլեկտրամագնիսականություն, առաջադեմ հաշվողականություն» ուղղությունն է, որը, նրա խոսքով, պետական քաղաքականության մաս է, նաև կա միջպետական օրակարգերում։

Պետության առաջնահերթությունների սահմանման ու կարիքների վերհանման տեսանկյունից կարևոր դեր ունեն գերատեսչությունները, քանի որ հենց նրանք պետք է լինեն գիտնականների համար խնդիրներ առաջադրողները։ Հարցին, թե արդյո՞ք գերակա ուղղությունները սահմանելուց առաջ գերատեսչությունների հետ քննարկումներ եղել են՝ նրանց ոչ թե ընթացիկ ու փոքր, այլ ավելի մեծ խնդիրները հասկանալու համար, ԲԿԳԿ նախագահը պատասխանում է՝ ցանկացած պետական փաստաթուղթ պատշաճ շրջանառվում է գերատեսչությունների միջև, և «առնվազն այդ մասով քննարկում տեղի ունեցել է»։ 

Ապա պաշտոնյան նշում է՝ գերակա ուղղությունները լայն են ձևակերպվել, որովհետև բխում են ոչ թե կոնկրետ որևէ խնդրից, այլ ձևակերպում են խնդիրների ենթատեքստը։

«Չես կարող գերակայություն հռչակել, օրինակ, VTOL համակարգով էժան դրոնների ստեղծումը, որովհետև դա գերակայություն չէ, խնդիր է։ Գերակայությունը տրանսպորտի այնպիսի համակարգերի մշակումն է, որոնք ավելի էժան են պատրաստվում»։

ԲԿԳԿ նախագահն ասում է՝ գերակա ուղղություններում նշված չէ նաև, օրինակ, օրգանական քիմիան, մինչդեռ դա ոչ մի կերպ չի նշանակում, թե Հայաստանին օրգանական քիմիա անհրաժեշտ չէ։

«Դեղագործությունն էլ չկա գրված, բայց նյութագիտություն կա, որովհետև եթե այսօր պետությունը պնդի, որ դեղագործությունն է զարգացնում, գուցե վաղը հանկարծ պարզվի, որ դա այլևս պետք չէ, որովհետև նանոմակարդակի ռոբոտներ կարելի է սարքել, որոնք կարող են, օրինակ, ուզածդ ինֆեկցիոն զոնան ջախճախել։ Այսինքն՝ դու պետք է բաց թողնես դաշտը, այնքան լայն բնութագրես, որ սխալ կանխատեսած չլինես թրենդը»։

Պաշտոնյան ևս մի անգամ է շեշտում, որ գերակայություններն ապագայի մասին են, «ուր մոլորակն է գնում»։ Նա պնդում է, որ պետության այսօրվա կարիքը ՀՆԱ-ի մեկ տոկոսի չափով ներդրման կարիք չունի։

«Այսօրվա կարիքը պարզապես պետք է ճիշտ ձևակերպել ու ճիշտ կատարողին գտնել։ Դա այսօրվա խնդիր լուծելու մեխանիզմն է, բայց գերակայությունն այն է, որը քեզ ցույց է տալիս, թե դու որ ուղղությամբ ես շարժվում, որովհետև գերակայության տակ դու պիտի դասավորես կրթական համակարգ, հետազոտական համակարգ, դրամաշնորհային համակարգ, միջազգային հարաբերություններ, ստարտափներ և այլն, և այլն։ Այսինքն՝ թիրախը պիտի այնպիսին լինի, որ ռելևանտ մնա։ Մինչև դու հասցնես բարձրագույն կրթություն, գիտություն վերանայել, ստարտափների խողովակ սարքել, մասնավորին ներգրավել, պետք է առնվազն 5 տարի։ Եթե այսօր Սևանում ձկան պաշարների հետազոտությունը հռչակենք գերակայություն, գուցե մինչև մենք այդ ամենը կարգավորենք, Սևանում ձկան պաշարի խնդիրը լուծված լինի»։

«Գիտուժ» նախաձեռնությունն, այունամենայնիվ, այն կարծիքին է, որ գերակայությունները չպիտի հետևեն միայն միջազգային թրենդներին։

«Այն, որ որևէ տեխնոլոգիա բեկումնային է ՆԱՏՕ-ի համար, դեռևս չի նշանակում, որ այն գերակայություն է Հայաստանի համար։ Գերակայությունների ցանկը՝ առանց ազգային ախտորոշման, ռազմավարություն չէ. այն պարզապես փոխառված ցանկությունների ցուցակ է»։

«Գիտուժը» նաև մտահոգություն է հայտնում այն թեմայով, որ գերակայությունների սահմանման փաստաթղթում անվտանգության նեղ ընկալում կա։

«Փաստաթղթում հաճախ է հիշատակվում «անվտանգություն» հասկացությունը, սակայն այն հանգեցվում է զուտ «պաշտպանության»։ Թեև էներգետիկան, առողջապահությունը և գյուղատնտեսությունը ներառված են որպես տեխնոլոգիական միտումներ, դրանք չեն դիտարկվում ազգային անվտանգության և խոցելիության տեսանկյունից»։

Հայագիտությունը՝ որպես գերակա ուղղություն

Ինչպես նշեցինք, կառավարությունը 12 ուղղություններից բացի՝ գերակայություն է սահմանել ևս մեկը՝ հայագիտությունը, որն, ինչպես փաստաթղթում է ձևակերպվում, պետք է լինի հիմնականում հասարակագիտական և հումանիտար ուղղվածության միջոլորտային հետազոտությունների և մշակումների ուղղություն՝ թիրախում ունենալով Հայաստանի Հանրապետությունը՝ իր պատմագիտական, մշակութային, սոցիալ-տնտեսական, ազգագրական, լեզվաբանական ուղղվածություններով՝ ներառյալ նաև ՀՀ փոքրամասնություններին վերաբերող հետազոտությունները:

«Առանձնահատուկ կարևորություն է տրվելու հետազոտություններում և մշակումներում ժամանակակից տեխնոլոգիաների, այլ գիտակարգերում արդյունքների մասնագիտական կիրառությանը, ինչպես նաև հետազոտությունների և մշակումների արդյունքի առավելագույն ազդեցությանը»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ այս գերակայության ուղղությամբ նախատեսված է ոլորտը կարգավորող օրենսդրության և առանձին ռազմավարության ընդունում, որով ավելի մանրամասն կսահմանվեն իրականացվող միջոցառումներն ու ժամանակացույցը: Ռազմավարության հրապարակման վերջնաժամկետ է նշվում 2027 թ. մարտի 3-րդ տասնօրյակը։

Ինչո՞ւ է կառավարությունն ուզում հայագիտության համար առանձին ռազմավարություն մշակել։ Ի պատասխան՝ Սարգիս Հայոցյանը նշում է՝ ոլորտը սպեցիֆիկ է, և այստեղ ինքնության բազմաթիվ հարցեր կան։

«Կարիք կա հասկանալու, ինքնավերլուծելու, ինքնաանդրադառնալու, թե ինչ ասել է հայագիտության ոլորտ, և, առհասարակ, պետությունն ինչպես է տեսնում իր քայլերն այդ ուղղությունը զարգացնելու համար։ Գոյություն ունեցող հայագիտական ռազմավարությունը շատ լայն է, գրեթե հնարավորություն է տրված, որ Հայաստանի Հանրապետությունում ուսումնասիրվող քիմիան հայագիտություն կոչենք։ Նաև հայագիտության մեջ բարձր տեխնոլոգիաների ներգրավման հարց կա, այսինքն՝ կարողությունների ձևավորման հարց կա»:

«Գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրով» և դրա միջոցառումներով, այնուամենայնիվ, հայագիտության ուղղությամբ որոշակի ծրագրեր նշված են։ Մասնավորապես, նախատեսվում է՝

  • հայագիտություն և հումանիտար գիտություններ բնագավառում միջազգային ինդեքսավորվող պարբերականներում հրապարակումների թիվը 2026-2030 թթ․ հասցնել 1500-ի,

  • հայագիտական առնվազն 5 պարբերական ինդեքսավորել WOS կամ Scopus համակարգերում, 

  • արտերկրի առաջատար հումանիտար հետազոտությունների կենտրոնների հետազոտողների հետ իրականացվող համատեղ հետազոտական ծրագրերի թիվը հասցնել ավելի քան 30-ի։

Հարց է առաջանում նաև, թե ինչու է կառավարությունը ռազմավարական ծրագրում ոլորտի վերաբերյալ բացառապես միջազգայնացմանն ուղղված միջոցառումներ ներառել։ Սարգիս Հայոցյանը նշում է՝ այն, ինչ ավելի հայագիտական նշանակություն ունի, ճիշտ կլինի ներառել հենց այդ ոլորտի ռազմավարության մեջ, որպեսզի «տարընթերցում չլինի գիտության ոլորտի ռազմավարության հետ»։ Ապա բացատրում է, թե ինչու է կառավարությունը միջազգայնացմանն այդքան մեծ տեղ տալիս։

«Դու չես կարող էնդեմիկ գիտական մեթոդ հորինել․ միևնույն է, պետք է գիտության ընդունված մեթոդ վերցնես, կիրառես քո էնդեմիկ խնդրի վրա և հետևաբար, եթե միջազգային մեթոդ ես կիրառում որևէ յուրահատուկ օբյեկտի վրա, այն նաև միջազգային հետաքրքրություն է ներկայացնում։ Օրինակ՝ կյանքի մասին գիտությունների մեջ ինչպե՞ս է․ ամեն, թեկուզ փոքր նշանակության օբյեկտ, եթե պատշաճ մեթոդաբանությամբ ես ուսումնասիրում, հետաքրքրություն է ներկայացնում»։

Հետևաբար, ըստ պաշտոնյայի, հենց հետազոտությունների ու դրանց մեթոդների վալիդացիայի տեսանկյունից է միջազգայնացումն այդքան կարևոր։ Մյուս կողմից, նա համաձայնում է, որ հասարակագիտական և հումանիտար ոլորտները նաև հանրային կոմունիկացիայի տեսանկյունից մեծ նշանակություն ունեն, այդ պատճառով էլ դրանք «մի փոքր այլ կերպ են դիտարկում»։

Իսկ թե ինչպես է կառավարությունն այս ոլորտները դիտարկում և բացի միջազգայնացումից՝ ինչ միջոցառումներ է նախատեսում, պարզ կդառնա, երբ հրապարակվի ռազմավարությունը, որի մշակման հանձնաժողովը կձևավորվի առաջիկայում։

Շեշտադրումը գերակայությունների վրա և գիտական մյուս ուղղությունները

«Գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում» նշվում է, որ գերակա ուղղությունները դրվելու են խոշորացված գիտական կազմակերպությունների կառուցվածքի մշակման հիմքում, և վերակազմակերպումներն իրականացվելու են գերակա ուղղությունների ու գիտական կազմակերպությունների պոտենցիալի հաշվառմամբ ու համադրությամբ (հիշեցնենք, որ կառավարությունը նախաձեռնել է գիտական կազմակերպությունների խոշորացման և բուհերի կազմում ինտերգման գործընթաց

Արդյո՞ք խոշորացված կազմակերպությունների հիմքում գերակայությունները դնելը և դրանց ուղղությամբ լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելը շեշտադրումը չի մեծացնի հենց այս ուղղությունների վրա և գիտական մյուս՝ գերակա չհայտարարված ուղղությունները չի թողնի զարգացման նույն մակարդակին։

Այս մտահոգությունը Սարգիս Հայոցյանը տեղին չի համարում։ Նա շեշտում է՝ վերակազմավորումներն իրականացվելու են ինչպես գերակայությունների, այնպես էլ գիտական կազմակերպությունների պոտենցիալի հիման վրա։ Իսկ մյուս ուղղությունների վերաբերյալ մտահոգությանն ի պատասխան՝ հիշեցնում է կառավարության 2021-2026 թթ․ ծրագիրը, որով ավելացել է գիտությանը ֆինանսավորումը: Սա, ըստ պաշտոնյայի, հնարավորություն է տվել ստեղծելու գիտության ֆինանսավորման բազա, «որտեղ հնարավոր է գերազանց հետազոտություններ իրականացնել գրեթե բոլոր ուղղություններով»։ 

Հարցին, թե արդյո՞ք ներկայիս ֆինանսավորումը բավարար է, պաշտոնյան պատասխանում է․ «Ո՛չ, բայց առնվազն բավարար էր կանգնեցնելու անկումն ու տեսնելու, թե որտեղ ենք ավելի մեծ պոտենցիալ կարողանում ունենալ։ Գերակա ուղղությունները չեն բացառում այս ֆինանսավորման շարունակումը, սա մի քանի կետերով հատուկ նշած է, այդ պաշտպանիչ խարիսխները դրած են․ ասվում է, որ հետաքրքրությունների վրա հիմնված հետազոտությունն էլ է ֆինանսավորվելու, որովհետև երբեք չգիտես՝ ինչ է տեղի ունենալու աշխարհում։ ․․․․ Պետք է հասկանանք, որ սա կոմպլեմենտար ֆինանսավորում է․ այն չի գալիս հասարակագիտական և հումանիտար ուղղություններին հատկացվող ֆինանսավորման փոխարեն արհեստական բանականություն ֆինանսավորելու, այն գալիս է սա շարունակելու»։ 

Սարգիս Հայոցյանը չի բացառում նաև ապագայում նոր գերակա ուղղությունների դուրս հանումը։ Պետական կարիքների բավարարումն էլ, ըստ պաշտոնյայի, միայն գերակայությունների համատեքստում չեն պատկերացնում։

Իսկ թե ինչ բացեր կան պետական կարիքների վերհանման մասով, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին տարիներին, ինչ միջոցառումներ են նախատեսվում «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրով», «Ինֆոքոմն» առաջիկայում կպատմի առանձին հոդվածով։

Այս հոդվածի պատրաստման ընթացքում օգտվել ենք մի քանի աղբյուրներից։ 

  • Ինֆոգրաֆիկա 1-ում Գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման 2026-2030 թվականների գերակա ուղղությունների փաստաթղթից առանձացրել ենք գերակա հայտարարված 12 ուղղությունների մասին տվյալները։

  • Ինֆոգրաֆիկա 2-ում Գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման 2026-2030 թվականների գերակա ուղղությունների փաստաթղթից դուրս ենք բերել գերակայությունների ձևավորման սկզբունքների մասին տվյալները, որոնց համդրության արդյունքում կառավարությունը գերակա ուղղությունները դասակագել է՝ ըստ պատրաստության 4 աստիճանի։

  • Ինֆոգրաֆիկա 3-ում  Web of Science (WՕS) շտեմարանից առանձնացրել ենք 2020-2025 թթ․ Հայաստանի հետ աֆիլացված այն հրապարակումները (հոդվածներ, գրքեր, գրքերի գլուխներ, ակնարկային հոդվածներ և կոնֆերանսների փաստաթղթեր), որոնց հեղինակների թիվը չի գերազանցել 50-ը։ Այս սահմանափակումը կիրառել ենք՝ բացառելու միջազգային մեծ համագործակցությունները։

    Քանի որ տվյալները ներբեռնվել են 2025 թ․ վերջին, 2025-ի հրապարակումների տվյալները ամբողջական չեն և չեն կարող դիտարկվել որպես վերջնական արժեք։ Նախնական գնահատականներով՝ տարվա ընթացքում այդ ցուցանիշը կարող է աճել մոտ 20%-ով։ 

  • Ինֆոգրաֆիկա 4-ում  WՕS շտեմարանից առանձնացրել ենք 2020-2025 թթ․ ըստ ոլորտների հրապարակումները, որոնք ունեն Հայաստանի հետ աֆիլյացիա և առավելագույնը 50 հեղինակ։ Քանի որ մի ամսագիրը կարող է համապատասխանել ոլորտային մի քանի ուղղությունների, այս վիզուալում հնարավոր են վերածածկեր։

    Քանի որ տվյալները ներբեռնվել են 2025 թ․ վերջին, 2025-ի հրապարակումների տվյալները ամբողջական չեն։ Այս սահմանափակումը հաշվի առնելով՝ վերլուծության ընթացքում որպես ելակետային ընտրվել են 2024 թվականին Հայաստանի հետ աֆիլացված և 10 և ավելի հրապարակում ունեցող գիտական ուղղությունները։ 

  • Ինֆոգրաֆիկա 5-ում  WՕS շտեմարանից առանձնացրել ենք 2020-2025 թթ․ Հայաստանի հետ աֆիլացված այն հրապարակումները (հոդվածներ, գրքեր, գրքերի գլուխներ, ակնարկային հոդվածներ և կոնֆերանսների փաստաթղթեր), որոնց հեղինակների թիվը չի գերազանցել 50-ը։ Այս սահմանափակումը կիրառել ենք՝ բացառելու միջազգային մեծ համագործակցությունները։ Տվյալները ներկայացված են՝ ըստ ամսագրերի վարկանիշի (Q1, Q2, Q3, Q4):

  • Ինֆոգրաֆիկա 6-ում վերցրել ենք 4-րդ ինֆոգրաֆիկայի տվյալները և արդեն ներկայացրել՝ ըստ ոլորտների։ Հաշվի առնելով, որ 2025-ի տվյալները դեռ ամբողջական չէին, որպես ելակետ վերցրել ենք 2024-ի այն 61 ոլորտները, որոնց դեպքում եղել է Հայաստանի հետ աֆիլացված 10 և ավելի հրապարակում։ Նույն ուղղությունների տվյալները համեմատել ենք նախորդ տարիների հետ։ 2025 թ․ տվյալները բացակայում են, քանի որ տվյալների ներբեռնման պահին շտեմարանում այս տարվա դասակագրումը դեռ արված չէր։ 

  • Ինֆոգրաֆիկա 7-ում գերակա ուղղությունների վերլուծության համար դիտարկվել են WOS-ում ինդեքսավորված ամսագրերում 2024 թ․ Հայաստանի հետ աֆիլացված հրապարակումները, որոնք ունեն առավելագույնը 50 հեղինակ։ Այդ տվյալները համապատասխանեցվել են կառավարության սահմանած գերակա ուղղություններին։

    Հոդվածների դասակարգումն իրականացվել է արհեստական բանականության խոշոր լեզվական մոդելների (LLM) և վերլուծական գործիքների (GPT-4o-mini, Claude Sonnet 4․6, Gemini 3.1 Pro և վերջինիս հիման վրա աշխատող NotebookLM հարթակ) կիրառմամբ՝ փորձելով գնահատել, թե արդյոք տվյալ հոդվածը համապատասխանում է մեկ, մի քանի կամ ոչ մի գերակա ուղղության։

    Վերլուծությունն իրականացվել է սահմանված գերակա ուղղությունների և հոդվածների վերնագրերի համադրման հիման վրա։ Առաջին փուլում դասակագրումն իրականացվել է 3 մոդելների (GPT-4o-mini, Claude Sonnet 4․6, Gemini 3.1 Pro) միջոցով։ Այն դեպքերում, երբ երեք մոդելները արձանագրել են համընկնում որևէ ուղղության հետ, հոդվածը ներառվել է տվյալ ուղղության մեջ։ Մնացած հոդվածները դասակարգվել են նաև 4-րդ ML մոդելի միջոցով, և երբ եղել է առնվազն երկու համընկնում, հոդվածը ներառվել է տվյալ ուղղության մեջ։

    Արդյունքում՝ 64 հոդված դասակարգվել է մեկից ավելի գերակա ուղղությունում, 6-ը՝ միաժամանակ երեք ուղղությունում։ 

  • Ինֆոգրաֆիկա 8-ում վերցրել ենք 7-րդ ինֆոգրաֆիկայում օգտագործված տվյալները և ներկայացրել միայն գերակա ուղղությունների վերաբերյալ տվյալները։

Կարևոր է շեշտել, որ կառավարությունը գերակա ուղղությունների սահմանման փաստաթղթում WOS տվյալները մշակելիս վերցրել է այն հրապարակումները, որոնք աֆիլացված են Հայաստանի հետ, և որոնց հեղինակների թվում կան ազգանվան  -յան վերջավորություն ունեցող հեղինակներ։ Իսկ նույն շտեմարանի հրապարակումները գերակայություններին համապատասխանեցնելիս կառավարությունը հոդվածների վերնագրերում իրականացրել է բանալի բառերով որոնում։ Հետևաբար՝ մեր և պաշտոնական տվյալների միջև կարող են լինել տարբերություններ։