Նախորդ տարի Հայաստանի էներգետիկ համակարգի ընդհանուր արտադրանքի 16.3 տոկոսն ապահովել են արևային կայանները | armenpress.am

armenpress.am Հայաստանում 2025 թվականին արտադրվել է 10 միլիարդ  կիլովատ ժամ էլեկտրաէներգիա։

Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Չեմ ցանկանա առանձին բացվածքով ներկայացնել մեր հիմնական արտադրական հզորությունները։ Միայն մեկ արտադրական հզորության մասին կցանկանամ խոսել, որը արևային կայաններն են։ Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի էներգետիկ համակարգի ընդհանուր արտադրանքի 16.3 տոկոսն արտադրվել է արևային կայանների շնորհիվ։ Մասնագետները կփաստեն, որ սա հսկայական թիվ է, և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որոնք այս թվի և Հայաստանում դեռևս կուտակիչ կայաններ չունենալու պարագայում կարողացել են ապահովել Հայաստանում էներգետիկ համակարգի ճկունությունը»,- ասել է նախարարը։

Խուդաթյանը նաև հայտնել է, որ 2025 թվականին 2024 թվականի համեմատ ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության աճը կազմել է 6.7 տոկոս։ «Նաև պետք է ուրախությամբ նշեմ, որ Հայաստանում ավելացել է էլեկտրաէներգիայի սպառումը, այն կազմել է 7.2 միլիարդ կիլովատ ժամ, աճը 6.6 տոկոս է»,- նշել է նախարարը։

Նախարարը հավելել է, որ նախորդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի ամբողջ արտադրանքի 33.3 տոկոսը վաճառվել է ազատականացված շուկայում, աճը 27.3 տոկոս։ Ազատականացված շուկայում էլեկտրաէներգիայի վաճառքի մասով շուրջ 111 հազար գործարք է կնքվել, աճը կազմել է 432 տոկոս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն