Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Բյուրեղավանի համայնքապետարանը՝ հղում անելով «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրինությանը:
«Խնդրում ենք նման գանգատների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի, հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից կամ օգտագործել եռացրած վիճակում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում է տարածել նաև քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակար Արմեն Վարդումյանը։
Ըստ նրա՝ երեկ երեկոյան՝ ժամը 19-20:00-ից սկսած, եղել են շտապօնգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Քանի որ երեկոյան՝ ժամը 22-23:00-ի սահմաններում, նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի, իրավիճակի մասին հայտնել են «Հիվանդությունների վերահսկողության հանրապետական կենտրոն»:
«Ամբողջ գիշեր շարունակվել են կանչերը մինչև առավոտ և այժմ էլ շարունակվում են: Առավոտից սկսած՝ քաղաքապետարանի ղեկավարությամբ բոլոր կազմակերպությունները տեղակացված են եղել՝ սկսած «Վեոլիա Ջրից» մինչև արտակարգ իրավիճակների վարչություն»,- ասաց նա՝ նշելով, որ տարբեր հասցեներում արդեն ջրից նմուշառումներ են արվել և սպասում են պատասխանի: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ևս ստուգումներ է իրականացնում:
Այսօր էլ նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է, կան նաև հոսպիտալացվածներ: Ոչ դրական դինամիկա ունեցող քաղաքացիներից 8-ն են հոսպիտալացվել:
Ինչ վերաբերում է հիվանդների ընդհանուր թվին, ապա այն թիվն ամբողջական հայտնի չէ, քանի որ շատերն ինքնուրույն են դիմում տարբեր ԲԿ-ներ:
«Մենք մեր պարտքը համարեցինք բնակչությանը տեղյակ պահել, որ այսպիսի խնդիր կա: Խորհուրդ ենք տվել կա՛մ ջրից չօգտվել, կա՛մ օգտագործել եռացրած ջուր»,-ասաց նա: