o6fqozabm0gxouhrwheo7ig6fums1dp1xi4sxbgc

Վաշինգտոնում հրաձգության կասկածյալին մեղադրանք է առաջադրվել Թրամփի դեմ մահափորձի համար | armenpress.am

armenpress.am Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ հյուրանոցում կրակ բացած 31-ամյա ուսուցիչ Քոուլ Թոմաս Ալենին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու փորձի համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել «Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցում ապրիլի 25-ին, երբ զինված տղամարդը կրակ է բացել ու փորձել մտնել միջոցառման անցկացման դահլիճ։ Միջադեպի ժամանակ վիրավորվել էր գաղտնի ծառայության մեկ աշխատակից։

Ալենին մեղադրում են նաև անօրինական կերպով զենք պահելու և բռնության նպատակով դրանից կրակ բացելու համար։ Կասկածյալի մոտ եղել է նաև երեք դանակ։

ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը դատական լսումներից հետո լրագրողներին ասել է, որ քննիչների կարծիքով՝ Ալենը թիրախավորել է Թրամփին, քանի որ նա նախագահին անվանել է «դավաճան» և նրան այլ մակդիրներով բնութագրել միջադեպի գիշերը հարազատներին ուղարկած էլեկտրոնային նամակում։

Թրամփի դեմ նախկինում արդեն երկու մահափորձ է կատարվել 2024 թվականին նախընտրական արշավի ժամանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն