Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Նշվում է, որ Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։
Նախարարությունից հայտնում են, որ Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով լուրին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մենք առաջիկայում պետք է ակտիվ աշխատենք մրցաշարը պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։ Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում Իջևանում նաև ստադիոն կկառուցվի, իսկ Երևանում Հանրապետական մարզադաշտը որոշակի վերափոխումների կենթարկվի։ Սա շատ կարևոր իրադարձություն է բոլորիս համար, ուզում եմ շնորհավորել Վրաստանին և մեզ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությանը, բոլոր ֆուտբոլիստներին և ֆուտբոլասերներին այս կարևոր իրադարձության և որոշման առիթով»:
Հայաստանն ու Վրաստանը ֆուտբոլի՝ մինչև 20 տարեկանների 2029թ. աշխարհի առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ էին ներկայացրել 2024 թվականի հունիսին։