civilnet.am Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Հանրային հեռուստաընկերությանը ապրիլի 27-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու քանդմանը, նշել էր, որ Հայաստանը փորձում է չգնալ քայլերի, որոնք կարող են սրել իրավիճակը և կապ ունեն Ղարաբաղյան շարժման վերակենդանացման հետ։
Լրագրողի դիտարկմանը, թե «ինչու է եկեղեցու քանդման մասին բարձրաձայնումը կոնֆլիկտի սրում», Թորոսյանը պատասխանել է. «Որովհետև իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում»։
#CivilNetCheck-ը ուսումնասիրել է, թե արդյոք որևէ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, միջազգային իրավունքի շրջանակում կարող է իր ինքնիշխան տարածքում իրականացնել այնպիսի գործողություններ, ինչպիսին պատմամշակութային և կրոնական կոթողների քանդումն է, հատկապես խաղաղ ժամանակաշրջանում։
Պետության ինքնիշխանությունը սահմանափակվում է մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային նորմերով։
Անգամ զինված հակամարտությունների ժամանակ կան հստակ արգելքներ։ Ըստ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի (վավերացված է Հայաստանի կողմից) 8-րդ հոդվածի՝ ռազմական հանցագործություն է համարվում միտումնավոր հարձակումը կրոնական շենքերի և պատմական հուշարձանների դեմ, եթե դրանք ռազմական թիրախ չեն։
Պատմամշակութային կոթողների քանդումը հակասում է նաև 1954-ի Հաագայի կոնվենցիային, որի կողմ է Ադրբեջանը։ Կոնվենցիան սահմանում է, որ մշակութային արժեքին հասցված վնասը վնաս է ողջ մարդկության ժառանգությանը, և պետությունները պարտավոր են հարգել դրանք թե՛ պատերազմի, թե՛ խաղաղ ժամանակ։
1965-ին ընդունված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան (CERD) ևս պարտավորեցնում է պետություններին զերծ մնալ խտրական գործողություններից հաստատությունների նկատմամբ։
Ավելին, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշմամբ հղում է կատարել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիային։ Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները։
Այսպիսով, պետության ինքնիշխանությունը բացարձակ չէ և սահմանափակվում է միջազգային իրավունքի պարտավորություններով, այդ թվում՝ մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հարցում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում