l-0x81wh-1920x1118z-0-4094-9

Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին

Մայիսի 11-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարբի բնակավայրի դպրոցներից մեկում 13-ամյա անչափահասը դասընկերների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Միջադեպի վերաբերյալ ո՛չ ուսումնական հաստատությունը, ո՛չ անչափահասի ծնողները ՆԳՆ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել։

Աշտարակի համայնքային ոստիկանների տեղեկություններով պարզվել է, որ ապրիլի 17-ին անչափահասի և համադասարանցիների միջև տեղի է ունեցել հրմշտոց, որին միջամտել են դասընկերները, այնուհետև տեղեկացրել են դասղեկին։

Անչափահասի մայրը մայիսի 11-ին հրավիրվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ հաղորդում է ներկայացրել, որ հրմշտոցի ընթացքում հարվածել են որդու գլխին, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել և բուժօգնության տեղափոխվել Կարբիի բուժամբուլատորիա, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը։

ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրությունում:

ՀՀ քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ անչափահասի նկատմամբ)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն