factor.am Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ բողոք է ներկայացվել՝ կապված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգիի անհետացման գործի հետ։ Խաշոգին սպանվել էր 2018 թվականին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։ Այս մասին AFP-ին հայտնել են մի քանի միմյանց հաստատող աղբյուրներ։
Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությունը (PNAT) Reuters-ին հաստատել է, որ քննությունը վերաբերում է խոշտանգումների և բռնի անհետացման մեղադրանքներին։ Հիմք է հանդիսացել Փարիզի վերաքննիչ դատարանի մայիսի 11-ի որոշումը, որով ընդունելի են ճանաչվել իրավապաշտպան TRIAL International և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունների բողոքները։ DAWN կազմակերպության բողոքը չի ընդունվել։
Reuters-ը նշում է, որ Ֆրանսիայում սկսված քննությունը Խաշոգիի սպանությանը մասնակցած անձանց պատասխանատվության ենթարկելու նոր փորձ է, քանի որ մինչ այժմ գործը գրեթե չի հանգեցրել իրական իրավական հետևանքների։ ԱՄՆ-ում Ջո Բայդենի վարչակազմը բին Սալմանին անձեռնմխելիություն էր տրամադրել այն բանից հետո, երբ նա նշանակվել էր Սաուդյան Արաբիայի վարչապետ, ինչի հետևանքով ամերիկյան դատարանը փակել էր Խաշոգիի հարսնացուի ներկայացրած քաղաքացիական հայցը։
Ֆրանսիական օրենսդրությունը թույլ է տալիս հետաքննել երկրի սահմաններից դուրս կատարված ծանր հանցագործությունները, սակայն քրեական հետապնդում սկսելու համար կասկածյալները սովորաբար պետք է գտնվեն Ֆրանսիայի տարածքում։
Սաուդցի լրագրող և The Washington Post-ի սյունակագիր Ջամալ Խաշոգին սպանվել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, ուր նա գնացել էր փաստաթղթեր ստանալու՝ իր հարսնացու Հաթիջե Ջենգիզի հետ ամուսնության համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում