q1jpgia7e2zvh73vv5laozd7vjpz1jnbt9nck6zv

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը շարունակում է ենթակա ծառայություններում իրականացնել համակարգային փոփոխություններ՝ հանրությանն առավել պատշաճ և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով։ Ինչպես հայտնում են ՆԳ նախարարությունից, մասնավորապես, գործառնական փուլում են միգրացիոն ոլորտի բարեփոխումները. կառուցվում են ծառայությունների մատուցման նոր գրասենյակներ, որոնք համապատասխանեցված են միջազգային ժամանակակից չափորոշիչներին։

Նշվում է, որ նոր ենթակառուցվածքներում համադրվելու են առաջադեմ տեխնոլոգիական լուծումներն ու քաղաքացիակենտրոն մոտեցումը՝ ապահովելով արդյունավետ և հարմարավետ սպասարկում։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և ֆրանսիական IN Groupe ու A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումի հիմնադրած «ՀայՓաս» ՓԲԸ աշխատանքային խումբը, գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի գլխավորությամբ, մայիսի 16-ին այցելել են Արտաշատի, Աբովյանի և «Մեգամոլ» առևտրի կենտրոնի սպասարկման գրասենյակներ և կենտրոնական գրասենյակի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին և տեխնիկական վերազինման գործընթացին։

Մանրամասն դիտարկվել է յուրաքանչյուր դետալ, կատարվել են տեղային ճշգրտումներ, առաջարկվել փոփոխություններ․ աշխատանքների բարձր որակն ու սպասարկման հետագա արդյունավետությունը ապահովելու ուղղությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ գրասենյակների նախագծային և լոգիստիկ լուծումները հիմնված են «մեկ պատուհանի» սկզբունքի վրա, ինչը թույլ կտա նվազեցնել հերթերն ու կուտակումները, վարչարարական բարդությունները և զգալիորեն խնայել քաղաքացիների ժամանակը։

Նոր կենտրոնները կհամալրվեն ժամանակակից կենսաչափական սարքավորումներով։ Տեխնիկական հագեցվածությունը թույլ կտա փաստաթղթավորման ամբողջ գործընթացը դարձնել առավել արագ ու թափանցիկ՝ ապահովելով համապատասխանություն անվտանգության միջազգային չափանիշներին։

Նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է շինաշխատանքների որակական ստանդարտների պահպանումը՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական զարգացումներին զուգահեռ առաջնային նշանակություն ունի միջավայրի հարմարավետությունը։ Յուրաքանչյուր քաղաքացի գրասենյակ այցելելիս պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններում։

Շրջայցի ավարտին տեղի է ունեցել քննարկում. անդրադարձ է կատարվել գրասենյակների գործարկմանը միտված լուծումներին, արձանագրված թերությունների շտկմանը և աշխատանքների վերջնական հղկմանը։

Ընդգծվում է, որ նոր գրասենյակների գործարկումը սկիզբ կդնի ծառայությունների մատուցման որակապես նոր փուլի՝ սահմանելով բարձր նշաձող, որտեղ տեխնոլոգիական առաջընթացը ծառայում է քաղաքացու հարմարավետությանն ու պետության նկատմամբ վստահության ամրապնդմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն