photo_2026-05-20_22-52-44

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 13-րդ օրը

Այսօր ԱԺ ընտրությունների քարոզարշավի 13-րդ օրն էր։ Կոշտ հայտարարություններն ու թեժ քննարկումներն այսօր էլ անպակաս չէին։ 

Վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեում «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացի լինելու կամ եղած լինելու տեղեկությունն առերևույթ թաքցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր երեկ փաստաթղթի նկար հրապարակել, որում իրավաբանական անձի տվյալներ են, և դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է ՌԴ քաղաքացի: 

Ինքը Կարապետյանը թե՛ երեկ, թե՛ ՔԿ վարույթի հրապարակումից հետո հերքել է, որ ինքը այլ երկրի քաղաքացի է:

Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ դիմել են ՌԴ-ին, որ թղթեր ներկայացնի. «Կապացուցենք, որ ես միայն ՀՀ քաղաքացի եմ»:

Իսկ փաստաբան Վարդան Ալոյանն էլ ՔԿ-ից պահանջում է հերքում հրապարակել՝ նշելով. «Քննչական կոմիտեն ստացված տեղեկությունների հիման վրա վարույթ հարուցելու պարագայում իրավունք չունի ուսումնասիրման ենթակա տեղեկությունը հանրությանը ներկայացնել որպես հաստատված փաստ՝ մոլորեցնելով հանրությանը և ակնհայտորեն վիրավորելով անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը»:

Լոռիում ՔՊ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը պետականացվելու է:

«Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և ՀՀ կառավարությունը գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ գույքը ենթակա է պետականացման: Առաջիկայում շատ արագ ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ:

Գործարանի աշխատակիցներին շնորհավորում եմ ազատագրման առիթով: Էս պահից նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս ՀՀ կառավարությունն է: Արարատ ցեմենտը շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ-ին»,- Լոռիում քարոզարշավի ժամանակ ասել է Փաշինյանը:

ԲՀԿ առաաջնորդ Գագիկ Ծառուկյանը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը՝ «չի կարող իր հայրենիքը փոխել ունեցվածքի հետ»։

«Օրինական կա, առել ենք, ամեն ինչ էլ իր տեղում։ Էդ խի 25 տարի անցել ա, նոր են հիշել: Հարկերն էլ ենք տալիս, ամեն ինչն էլ տեղը տեղին։ Սա նշան ա, որ իրենք արդեն զգալով, որ իրենց վերջը եկել ա, էս վիճակով ժողովուրդ չես կարա պահես։ Այսօր մեր երկրի սպառնալիքը մնացել են Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը, ուրիշ բան չկա։ Հարկավոր է վերջ տալ, երկրին երաշխավորված խաղաղություն լինի, ժողովրդին ներդրումներ լինի, բարեկեցիկ կյանք»։

Ավելի ուշ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հստակեցրել է՝ «Արարատցեմենտի» պետականացման և դրա վերաբերյալ Դատախազության հայտարարությունների իրավական մասով ԲՀԿ-ն հետամուտ է լինելու:

Ավելի ուշ Գլխավոր դատախազությունն է հայտարարել, որ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ։ Փաստերի կապակցությամբ դատախազը 2026թ. մայիսի 5-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

«Մայիսի 5-ին գրություն է հասցեագրվել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը»,- հայտնել են Դատախազությունից:

Իսկ երեկոյան հանրահավաքի ժամանակ Փաշինյանը կոշտ հայտարարություն է արել ԲՀԿ ցուցակի անդամ Անդրանիկ Թեւանյանի մասին․

«Գիտեք, որ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը ՀՀ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի «Հայրենիքի դավաճանության» հոդվածով»։

Անդրանիկ Թևանյանն էլ արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․

«Պատկերացնո՞ւմ եք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։

Ուրեմն Նիկոլ Փաշինյան ուշադիր լսի, դու թուրքի կոշիկները լիզող, թուրքի պահած իշխանության պարագլուխ ես, դու Ադրբեջանի շահերին ես ծառայում, դու Ալիևին խոստացել ես ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, սահմանադրության փոփոխություն, ցեղասպանության ուրացում և դու խոստացել ես, որ տարածքներ ես զիջելու, եթե իրենք օգնեն քեզ վերարտադրվել, ու այդ մասին արդեն անոնս էլ ես արել»,- ասել է Թևանյանը։

Կառավարության շենքի դիմաց «մուկ տշելու» ակցիա է արել «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը: Նրանք բերել էին ֆուտբոլի փոքր դարպաս և փափուկ խաղալիք մուկ, որին «տշում էին» դեպի դարպասը։ Շենքի մոտ հերթապահող ոստիկանները, սակայն, վերցրին դարպասը, հեռացրին ակցիայի մասնակիցների մոտից։

Կուսակցությունից Իշխան Գևորգյանը հայտարարել է՝ մուկ տշելը նշանակում է իմիտացնել աշխատանք, որն իրականում չկա. «Իմիտացնում են տարբեր բաներ․ սահմանազատում, խաղաղություն․ ամեն ինչը իմիտացնում են։ «Բոլորին դեմ եմ»-ը միակն է, որ այդ ամենը ծաղրում է, ցույց է տալիս։ Մեր շարքերում շատ լուրջ մարդիկ են հավաքված, որոնք հաստատ պարապ չեն կամ մուկ տշող չեն, բայց մեկը պետք է ասի, որ «թագավորը մերկ ա», որ այս Սահմանադրությունը հագած մարդիկ կեղեքում են մեզ»։

«Հայաստան» դաշինքը այսօր քարոզարշավն անցկացրել է Քասախ, Պռոշյան, Եղվարդ համայնքներում։
Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ընթացքում անդրադարձել է մարտի 1-ի գործին։

«Մարտի 1-ի գործն ամբողջությամբ փուչ է։ Այս գործում կա մեկ հիմնական մեղավոր և պատասխանատու` նա, ով հրահրել է մարդկանց։ Պրակտիկ գործն արել է Նիկոլ Փաշինյանը, և նրա սիրտն էր փառավորվում ոստիկանության հետ բախումներից»,- ասել է Քոչարյանը:

ԱԺԲ-ն էլ հայտարարել է, որ իրենց քարոզարշավը խոչընդոտվում է։ ԱԺԲ ներկայացուցիչներից մեկը նշել է, Սյունիքում ժողովրդին ասել են՝ Սյունիքը վտանգված է, Տիգրանաշենը ուզում են հանձնել, և ճանապարհին իրենց մեքենան ոստիկանները կանգնեցրել են՝ ի սկզբանե պատճառաբանելով, որ մեքենայի բարձրախոսներն են պատճառը, հետո ասել՝ ամրացված իրեր կան, դրա պատճառով, այլ պատճառաբանություններ բերել։

«Ի սկզբանե ուզում էին տուգանել, բայց զանգ ստացան, զանգ կատարեցին, ևս մեկ ավտոմեքենա մոտեցավ և որոշեցին, որ մեզնից պետք է ժամանակ խլեն, մեզ բերեն-հասցնեն Վայքի ոստիկանություն։ Այստեղ բավականին ժամանակ կորցնելուց հետո դեռ չգիտենք՝ ինչ կլինի մեր ավտոմեքենայի ճակատագիրը»,- ասել է ԱԺԲ ներկայացուցիչը։

«Լուսավոր Հայաստանն» այսօր իր նախընտրական քարոզարշավն իրականացնում էր 2008թ. մարտի 1-ի զոհերի hուշարձանի մոտ։

Էդմոն Մարուքյանը պնդել է՝ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը թալանը ետ է բերելու, «Մարտի 1»-ը նորից է բացահայտելու ու գնալ, նրան ընտրել, կլինի խայտառակություն. «Նա ասում է՝ գործը բացահայտված է, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի։ Ինչպե՞ս կարելի է 8 տարի շարունակ երկիրը ղեկավարել՝ կառչած մնալով Քոչարյանին կալանավորելու թեմայից։ Դա սուտ է, ոչ ոք էլ չի նստի»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով․ «Ուզում են վերընտրվել, գնալ խորհրդարան, միասին Ստրասբուրգներում շրջագայել, ինչը մենք տեսանք վերջին 5 տարիներին: Նույն պատմությունն է նաև Հոկտեմբերի 27-ի գործի հետ․ ոմանք ընդհանրապես արյան վրա կարիերա են անում»:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էին «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար Դավիթ Անանյանի գլխավորությամբ: Կուսակցության ներկայացուցիչները քաղաքացիներին ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը, շփվել նրանց հետ, հորդորել հունիսի 7-ին անպայման գնալ ընտրությունների և ընտրել այն ուժին, որին ցանկանում են։ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում է Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչներից մեկը հարց է բարձրացրել, որ տարիներ շարունակ դաշտում աշխատելով՝ այսօր կանգնել է այն խնդրի առաջ, որ այդ աշխատանքը չի հաշվարկվում որպես աշխատանքային ստաժ, ինչն անմիջական ազդեցություն ունի թոշակի և սոցիալական այլ իրավունքների վրա։

«Մենք օրենսդրությունը փոխելու ենք, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքը ևս համարվի ստաժ, և հետագայում թոշակի ու սոցիալական այլ հարցերի հաշվարկման ժամանակ հիմք ընդունվի որպես աշխատանքային ստաժ»,- պատասխանել է Արման Թաթոյանը։

«Նոր ուժ» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ծրագրի 5-րդ կետը՝ «վերադարձ ազգային արժեքներին»։

«Մենք բոլորս էլ լավ գիտենք, որ մեր ժողովրդի ինքնությունը հազարամյակներով խարսխված է հենց ազգային արժեքների վրա՝ լեզու, կրոն, ազգային մշակույթ։ Հենց սրա շնորհիվ է, որ մենք մնացել ենք հայ։ Հիմա մարդիկ կլինեն, որ կհարցնեն՝ ինչու է այս կետը կոչվում «վերադարձ» ազգային արժեքներին, ովոհետև այսօր արզ տեսնում ենք, որ այս իշխանությունները գնում են ուրացման ճանապարհով և սկսել են սիմվոլներից՝ Արարատը, եկեղեցին, Ցեղասպանության հիշողությունը։ Օր առաջ այս ամենը պետք է կանգնեցնել»,- նշել է վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առավոտյան ներկայացրել է հետպատերազմյան զարգացման տեսլականը՝ արտաքին և ներքին քաղաքականության մասով.

  • Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ որպես ռազմավարական, այդ թվում՝ ռազմատեխնիկական էական մոդեռնիզացիայի հեռանկարով։
  • Թուրքիայի և Ադրբեջանի հետ պրագմատիկ, հաշվարկված հարաբերությունների զարգացում:
  • Արդար և կայուն խաղաղության ապահովման համատեքստում Արցախի հայության հիմնարար իրավունքների ճանաչման և պաշտպանության հետևողական առաջմղում, ներառյալ վերադարձի իրավունքը՝ միջազգային իրավունքի և միջազգային մեխանիզմների շրջանակում։ Արցախյան հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համակարգային քայլեր:

Կուսակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ,  շարունակել է քարոզարշավը Սյունիքի մարզում։ Շրջել են Ագարակում և Մեղրիում, շփվել բնակիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին։

Ծառուկյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ իրենց ծրագրային առաջնահերթություններից է Հայաստանում կրթությունն ու առողջապահությունն անվճար դարձնելը, համաներում կիրառելը. «Մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, որպեսզի մարդիկ կարողանան աշխատանք ունենալ»:

Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ստացված փաստական տվյալների մասին է հայտնել «նաև նախկին, այդ թվում՝ վիրավորում ստացած զինվորականների կողմից 2026թ. ապրիլին Երևանում տեղի ունեցած հավաքին մասնակցելու նպատակով վերջիններիս նյութապես շահագրգռելու, ինչպես նաև զինվորականի սպանություն կատարելու առերևույթ հանցանքների վերաբերյալ»՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:

Այսօր մի շարք ՀԿ-ներ հայտարարությամբ են հանդես եկել՝ Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից պահանջելով ազատ արձակել Արթուր Օսիպյանին․

«Օսիպյանի հրապարակային գործողությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը, հանրային կարևորության թեմաների անդրադառնալն ու բարձրաձայնելը և սոցիալական հարթակում արված գրառումը, ամբողջությամբ տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ներքո՝ որպես քննադատական խոսք։

[Պահանջում ենք] անհապաղ արգելանքից ազատ արձակել Արթուր Օսիպյանին և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը,

Գործունեության շրջանակներում պահպանել անկախության և անաչառության բարձր չափանիշներ, հիմնվել բացառապես ՀՀ Սահմանադրության և ՀՀ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա,Բացառել անօրինական կամ ընտրովի քրեական հետապնդումերը»,- նշված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն