Gemini_Generated_Image_x6o617x6o617x6o6

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 17-րդ օրը

Մայիսի 24-ը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 17-րդ օրն էր։ Մարզերում և Երևանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ քաղաքական գործիչները հեռակա բանավիճեցին միմյանց հետ, անդրադարձան Հայաստանի ներքին և արտաքին հիմնախնդիրներին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրը սկսեց՝ հայտնելով, որ Աքալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ 

Արդեն Շիրակում քարոզարշավ իրականացնելու ընթացքում Փաշինյանը շարունակեց խոսել տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման մասին։

Նրա խոսքով՝ Հայաստանը վերջին տարիներին աշխարհի ծայրամասից տեղափոխվել է և քաղաքական ու տնտեսական իմաստով դարձել է աշխարհի կենտրոն, որովհետև TRIPP (ԹՐԻՓՓ) նախագիծը, երբ որ իրագործվի (իսկ դա առաջիկայում իրագործվելու է), կփոխի ամեն ինչ։ 

«Հիմա մենք առաջիկայում պատրաստվում ենք Միացյալ Նահանգների հետ ստորագրել արդեն համաձայնագիրը, որը լինելու է այն շրջանակում, որն արդեն հրապարակված է։ Սա էլ է շատ կարևոր. բոլոր սկզբունքները հրապարակված են։ Մենք Մեղրիով ունենալու ենք երկաթուղի. այն Մեղրիից մտնելու է Նախիջևան, Նախիջևանից՝ Երասխ, Երասխից գալու է Գյումրի, Գյումրիից մտնելու է Ախուրիկ, Ախուրիկից՝ Թուրքիա։ Նաև շատ կարևոր է նախագծի իրականացման արդյունքում բացվելիք Իրան-Հայաստան երկաթուղին»,- նշել է Փաշինյանը։

Մարալիկում գործող վարչապետը վստահեցրել է, որ ամենաուշը երկու տարում լուծելու են Հայաստան-Եմ վիզաների ազատականացման հարցը․ «Այդ ժամանակ ձեզ մնալու է Լառնակա գնալու համար անձնագիր չմոռանալ, տոմսն էլ, դե, գիտեք երկու եվրո է»։

 Արթիկում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել է՝ «Գագիկ Ծառուկյանենց տներն սկսելու ենք վերադարձնել ժողովրդին»։

«Մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանի՝ սարի գլխին սարքած տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա էնպես, ինչպես նրա փեսայի տունը՝ Գուլոյանի՝ 2․5 միլիոն դոլար արժողությամբ, արդեն սեփականություն է։ Ես ասում եմ՝ Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը՝ ոնց երկու բոթասով սկսել են, երկու բոթասի էլ ես հասցնելու եմ իրենց՝ ձեր աջակցությամբ»,- ասել է նա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանն Էջմիածնում քարոզարշավ իրականացնելիս։

«Ավելի լավ բան առաջարկեմ մեր վարչապետին. որ կառավարության առանձնատունը՝ դաչան, ավելի լավ է նվիրենք մեր պատերազմում վիրավորում ստացած տղաներին՝ հերոսներին, որ ապաքինման կարիք ունեն։ Ուշադրություն դարձնենք նրանց, նրանք մեր ազգի պատիվը բարձր են պահել։ Ինչ էլ պետք է, ասենք՝ սարքավորումները, ես իմ կողմից կազմակերպեմ։ Նրանք արժանի են»։ 

Այսօր հայտնի դարձավ նաև, որ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը կալանավորվել  է 2 ամսով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությունից հետո իրավապահները մայիսի 22-ի գիշերը Անդրանիկ Թևանյանին ձերբակալել էին: Նա մեղադրվում է լրտեսության և դավաճանության համար։

«Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում անդրադարձել է գյուղացիների աշխատանքային իրավունքներին։

Նրա խոսքով՝ մարդիկ ամբողջ կյանքում հողագործությամբ են զբաղվում, որովհետև այլ գործ չկա անելու, բայց թոշակ ստանալու կամ կոնկրետ աշխատանքի ընդունվելու ժամանակ հաշվի չեն առնում դա։

«Այս պարագայում ստացվում է պետությունը աշխատանքի տեղ չի ստեղծել, մարդը գնացել է, ամբողջ կյանքում աշխատել է, տունը պահել է, չգիտեմ, հանրօգուտ գործով է զբաղվել, և վե՞րջ, զրոյացվե՞ց այդ ամենը։ Կամ մարդուն ասում են՝ քո աշխատած տարիները հաշվի չենք առնում ստաժի մեջ, որովհետև արխիվային փաստաթղթեր չկան։ Շատ են այդ դեպքերը։ Բա այդ մարդը որտե՞ղ է աշխատել, լուսնի՞ վրա է աշխատել, այլ մոլորակայի՞ն է եղել»,- նշել է Թաթոյանը։

Նա ընդգծել է, որ գյուղացիների աշխատանքը պետք է հաշվի առնել աշխատանքային ստաժի մեջ, անգամ եթե արխիվային փաստաթղթերը կորել են։

Այսօր հայտարարություն է տարածել «Ազգային-ժողովրդավարական բևեռի» (ԱԺԲ) խորհուրդը՝ նշելով, որ «նախընտրական փուլում պետական լծակներն օգտագործվում են որպես քաղաքական ճնշման միջոց»։

Հայտարարությունում նշված է, որ Հայաստանում ընթացող 29-օրյա քարոզարշավի ընդամենը վերջին հինգ օրվա ընթացքում արձանագրվեց երեք խիստ մտահոգիչ դեպք՝ ԱԺԲ ավտոմեքենայի առգրավումը, արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանի կալանավորումը և Անդրանիկ Թևանյանի դեմ լրտեսության մեղադրանքները։

«Երեք տարբեր թիրախ։ Հինգ օր։ Մեկ ակնհայտ օրինաչափություն։ Պետական ապարատը հարաճուն կերպով օգտագործվում է ոչ թե օրենքի գերակայությունն ապահովելու, այլ քաղաքական ճնշում գործադրելու և ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։

 ԱԺԲ-ն կոչ է արել միջազգային կառույցներին՝ կիրառել առկա ամբողջ գործիքակազմը՝ «արձանագրելու, դատապարտելու և կանխելու համար մարդու իրավունքների, քաղաքական բազմակարծության և ժողովրդավարական գործընթացների դեմ ուղղված հետագա ոտնձգությունները»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր հանդիպել է Կոտայքի բնակիչներին։ 

«Ես օգնել եմ, որ կանգնի պատերազմը, բայց այս մարդը իր մեծամտությամբ, անիմաստությամբ ոչ մի բանի ընդունակ չի։ Իր շուրջն էլ հավաքել է իր նման մի երեք-չորս հոգի, ուրախանում են։ Իրենք չեն հասկանում, որ իրենց անդունդ է տանում։ Այ երեք-չորս հոգի ունի, որ ամեն օր իր համար դոշ տված… թե ինչի համար եք դոշ տալիս»,- ասել է նա։

Կարապետյանը վստահեցրել է, որ ամեն ինչ անելու են հայ գերիներին վերադարձնելու համար․ «Գերիների մասին. ամեն ինչ անելու ենք իրենց համար։ Այս խայտառակությունը, որ ամբողջ աշխարհի առաջ մենք նայում ենք, տեսնում ենք մեր ընկերներին, մեր նույնպես ուժեղ ընկերներին, բայց այսօր անմխիթար վիճակում… ամբողջ աշխարհը ծիծաղում է մեր վրա, որովհետև մեր իշխանությունները… ես արդեն կասկածներ ունեմ, որ նույնիսկ օգնել են իրենց այնտեղ հայտնվելուն, նույնիսկ վտանգ են տեսել։ Դրա համար այդ հարցը լինելու է մեր գլխավոր խնդիրներից մեկը, որ մեր լավագույն զավակները գան իրենց տները»,- նշել է նա:

«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը, քննադատել է ձերբակալություններն ու կալանավորումները։

«Միակ բանը, որ սրանց գլխի մեջ կա. ինչքան մարդ ձերբակալեն, կալանավորեն, ուրիշ բանից չեն հասկանում: Մեկ էլ սիրուն գրդոն անեն: Համակարգային գրդոն է էս երկիրը, մենք շուտով ձեզ ցույց կտանք՝ որտեղ ինչ են կերել: Ձևը գտել են՝ տարիներով մարդկանց ոնց շանտաժի ենթարկեն, ոնց վախեցնեն: Նախընտրական փուլ է, բայց երկիրն անտերության ա մատնված: 2-3 ամիս էս մարդը թմբուկ է նվագում»,- հայտարարել է Կարապետյանը:

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի 17-րդ օրը գտնվել է Գյումրիում։

Ռիժկովի ճեմուղում կուսակցությունն իրականացրել է «քաղաքական ուժերի պորտը տեղը դնելու ինտերակտիվ ակցիա»։ Դրա շրջանակում ճեմուղում տեղադրվել էր ընտրություններին մասնակցող բոլոր 19 ուժերի նշաններով ցուցատախտակ, իսկ քաղաքացիները կարող էին պորտի պատկերով կպչուն թղթերը փակցնել որևէ քաղաքական ուժի պատկերի վրա։

Ակցիայի ընթացքում կուսակցության անդամները նշեցին, որ իրենց մեղադրում են անլուրջ լինելու մեջ, սակայն իրենց ակցիաները շատ լուրջ են և շատ քաղաքական:

Կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանը, խոսքն ուղղելով քաղաքացիներին, նշեց, որ հունիսի 7-ին կարող են գնալ ընտրությունների և քաղաքական գնահական տալ ուժերին․ «Ովքեր ձեզ զզվեցրել են, ովքեր ձեզ հոգնեցրել են, կարող եք գնալ հունիսի 7-ին ընտրատեղամաս ու բոլոր այդ անպատասխանատու քաղաքական ուժերի պորտը տեղը դնել»,- ասաց նա։

Սիսիանում «Հանուն հանրապետության» կուսակցության քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժի ղեկավար Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ խաղաղության և անվտանգության հանձնառությունները միջազգային պայմանավորվածություններ են։ Նրա խոսքով՝ դրանց շուրջ մշուշներ են գոյանում, որովհետև Ռուսաստանը ամեն ինչ անում է, որպեսզի ձեռքբերված համաձայնությունները կյանքի չկոչվեն։ 

«Ռուսաստանի ազդեցությունը ընդհանրապես հնարավոր է պահպանել, եթե կա պատերազմ, եթե կա արնահոսություն, իսկ մենք հասկանում ենք նաև, որ միջազգային այս պայմանավորվածությունները մեծապես կախված են հենց հունիսի 7-ի ընտրություններից: Եթե դրա արդյունքում մենք չկարողանանք դեմոկրատական ուժերի հաղթանակը ապահովել, մենք հայտնվելու ենք մի երկարաժամկետ անորոշ ապագայի մեջ: Ինչը, կարծում եմ, թե ՛ պետության և թե ՛ ժողովրդի շահերից չի բխում»,- նշել է Բաբաջանյանը։

Վանաձորում «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժի ղեկավար Արամ Սարգսյանը նշել է՝ եթե նախորդ ընտրությունների ժամանակ քաղաքացիները «Հանրապետությանը» տային ձայների 5% -ը, ոչ թե՝ 3․5%-ը, իրավիճակն այլ կլիներ։ 

««Պատիվ ունեմ»-ի փոխարեն կամ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի փոխարեն, Ազգային ժողովում կլինեինք մենք, ու այսօր կլիներ լրիվ ուրիշ իրավիճակ։ Դուք եք քվե տվել իրենց, դրա համար էլ հինգ տարվա ընթացքում լսել եք հողատու ու դավաճան խոսակցությունը, ուրիշ ոչինչ։ Մեզ քվե տալով այդ խոսակցությունը վերջանալու է, որովհետև մենք գնալու ենք, ասելու ենք դուք 7.4 միլիարդ խորանարդ մետր ջուր ունեք։ 14 ջրամբար է պետք 5 միլիարդը կուտակելու համար։ Բերեք օրենք, բերենք արտոնություններ տանք հարկային ընկերության, որը էդ ջրամբարները կկառուցի ու մենք մեր ջուրը տնօրինենք, չթողնենք, որ դա գնալ լցվի Կուր ու Արաքս, գնա Ադրբեջան»,- ասել է Սարգսյանը։

«Հայաստան» դաշինքն այսօր քարոզարշավ էր իրականացնում Երևանում։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը նշել է, որ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով երկրում ձևավորվել է «չարչիական տնտեսություն», որը հիմնված է բացառապես առևտրի, այլ ոչ թե արտադրության վրա։

«Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու»,- ասել Խաչատրյանը։

Անվտանգային և քաղաքական այլ խնդիրների է անդրադարձել է դաշինքի ղեկավար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

«Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում։ Ե՞րբ եք լսել զորավարժությունների մասին, ոչ թե «պարադի» մասին, այլ զորավարժությունների մասին։ Քանի՞ տարի է՝ չի եղել, ոչինչ չի արվում։ Ժամանակակից բանակը չի կարող լինել պահակային բանակ»,- ասել է Քոչարյանը։

Իր ելույթում 2-րդ նախագահն անդրադարձել է երկրի արտաքին պարտքի աճին՝ հայտարարելով, որ վերջին տարիներին պարտքն ավելացել է 8 միլիարդ դոլարով, սակայն Երևանում որևէ խոշոր ծրագիր, ըստ նրա, չի իրականացվել:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր գտնվում էր Սյունիքում։ Մարզից հրապարակած տեսանյութում կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է՝ հնարավոր է, որ 21 թվականը կրկնվի, եթե ընդդիմությունը նույն սխալները շարունակի կատարել: 

Տեսաուղերձի ժամանակ ԼՀԿ ընտրացուցակով ներկայացված Կարպիս Փաշոյանը նշել է, որ երբ նախընտրական արշավը դեռ չէր սկսել, իրենք ծրագրեր են առաջարկել ընդդիմադիր այլ գործիչների, սակայն կառուցողական արձագանք չեն ստացել։

«Մեծամտաբար ասում են մենք արդեն հաղթած ենք, մենք արդեն դեմք ենք, մենք արդեն օլիմպոսի գագաթին ենք, բայց հիմա իսկապես իրավիճակը մտահոգիչ ա և տվյալները ցույց են տալիս, որ եթե ընդդիմադիրները մենք բոլորս դասեր չքաղենք, 21 թվականի աղետալի իրականությունը կարող է վերարտադրվել և կրկնվել»,- նշել է նա:

Էդմոն Մարուքյան կոչով դիմել է քաղաքացիներին․ «Ես այս կոչով արդեն չեմ դիմում ընդդիմությանը, որովհետև ընդդիմությանը դիմելն այլևս անիմաստ է, որովհետև սխալներն այլևս անդառնալի են մեծ հաշվով, բայց ուզում եմ ժողովրդին կոչ անել, որ հիշենք 21 թվականը, թե ինչ ենք ունեցել 21 թվականին այդ բևեռացման արդյունքում։ Մենք գոնե մեր մասով ձեզ երաշխավորում ենք, որ հունիսի 7-ին թիվ 19 քվեաթերթիկով քվեարկելով՝ մենք կկանգնենք և թույլ չենք տա 21 թվականի կրկնությունը: Սա է մեր ուղերձը»,- ասել է Մարուքյանը:

 

Գլխավոր նկարը ստեղծվել է Արհեստական բանականության միջոցով

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն