photo_2026-05-26_20-35-25

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 18-րդ օրը

Այսօր հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 18-րդ օրն էր։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հաղորդագրություն է տարածել «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից ենթադրյալ օրինախախտման վերաբերյալ։ Ըստ դրա՝ ՌԴ-ում բիզնես գործունեություն իրականացնող անձինք «Ուժեղ Հայաստանի» համակրի և այլ անձանց հետ նախապատրաստել են արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ մի շարք քաղաքացիների տեղափոխել Հայաստան՝ հարկադրելով մասնակցել ընտրություններին և քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։  

«Ուժեղ Հայաստան»-ից անդրադարձել են կուսակցության գրասենյակներում և համակիրների տներում խուզարկություններին՝ նշելով․

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն է աշխատեցնում հրահանգավորված և ընտրողաբար։  Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը այսկերպ անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին, որի օրակարգում առաջնային է կանխել Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը», – գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը այսօր տեսանյութ է հրապարակել՝ նշելով՝ իրենց խոսքն ասում են սիմվոլիկ վայրից, որտեղ ջերմոցներ կան. նրա խոսքով՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում ունեցած 80%-անոց շուկան սպառնալիքի տակ է։

«Հայաստանը` որպես պետություն, խրախուսել է, որ մարդիկ բանկերից վարկեր վերցնեն, ստեղծեն ջերմոցային տնտեսություններ, որպեսզի արտադրանք վաճառեն, օրինակ՝ ԵԱՏՄ շուկաներում։ Վերջին հինգ տարում 80% մտել ենք ԵԱՏՄ, և վարվող քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված է եղել նրան, որ այդ շուկան դրվի սպառնալիքի տակ»,- ասել է Մարուքյանը։

Վայքում քարոզարշավ է իրականացրել «Հայաստան» դաշինքը, որի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթը սկսել է արտաքին քաղաքանության ռիսկերից՝ պնդելով՝ «այս իշխանությունն անում է ամեն ինչ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար»:

«Ռուսներն ասում են՝ «խելքներդ հավաքեք»: Ռուսաստանի կոշտ արձագանքից հետո թվում էր, թե պետք է վերանայեն։ Չես կարող երկու աթոռի վրա նստել»,- նշել է Հայաստանի երկրորդ նախագահը՝ հավելելով՝ «Դե ձեր լոլիկը տարեք Լիտվային վաճառեք»:

Քոչարյանն ասել է՝ «եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, մեծ հավանականությամբ Սյունիքը կարժանանա Արցախի ճակատագրին».

«Այս մարդը վերջերս եղել է, եթե չեմ սխալվում, Կապանում և հայտարարել է, որ Սյունիքի խնդիր չկա։ Հենց այդ մարդը մի տարածքի վերաբերյալ ասում է խնդիր չկա, մարդիկ պետք է սարսափեն։ Գնացել է Ղարաբաղ, հայտարարել է՝ Արցախը Հայաստան է և վերջ, ավելին միացում էր գոռում, հետո տեսանք ինչ եղավ։ Հիմա, իսկապես վճռական պահ է, այս մարդը շառ է մեր ժողովրդի գլխին, մեր հայրենիքի գլխին, իսկապես շառ է»,- նշել է նա։

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Սիսիանում կայացած քարոզարշավի ժամանակ խոսել է ընտրախախտումների մասին․

«Եթե իշխանությունը փորձի լկտիաբար մեզնից տանել հաղթանակը, ապա ստանալու են հեղափոխություն»,- հայտարարել է Քոչարյանը։

Իշխան Սաղաթելյանն էլ նշել է, որ իրենք ստեղծել են համակարգ, որի միջոցով վստահված անձերը հեռախոսներով արձանագրելու են ընտրախախտումները և կանխելու են դրանք։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարել է՝ «երկրի գործող ղեկավարը միանձնյա իրականացնում է ԱԱԾ տնօրենի, ՆԳ նախարարի և բոլոր ատյանների դատավորների գործառույթները՝ համակարգելով քաղաքական հետապնդումներն ու դատավճիռներ որոշելով հենց նախընտրական հանրահավաքների ժամանակ»։

Որպես օրինակ՝ Տոնոյանը մատնանշել է Անդրանիկ Թևանյանի վերջերս տեղի ունեցած ձերբակալությունը, նրա խոսքով՝ քրեական հետապնդումը մեկնարկել էր «վարչապետի կողմից հնչեցված հանրային հարձակումներից ուղիղ երկու օր անց»։ Տոնոյանն ընդգծել է, որ փաստաբաններն արդեն իսկ այդ գործն անվանել են բացարձակապես անհիմն և մտադիր են այն բողոքարկել դատական կարգով։

Կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ «ցուցադրական նախընտրական շոուի և վերևից գործադրվող ուղղակի ճնշումների նմանատիպ տարրեր են նկատվում նաև Արարատի ցեմենտի գործարանի ազգայնացման շուրջ ստեղծված իրավիճակում, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված ագրեսիվ հարձակումներում»։

Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ երեկոյան կայացած հանրահավաքի ժամանակ նշել է, որ որ Հայաստանում բժշկությունն ու կրթությունը պետք է լինեն անվճար, իսկ կենսաթոշակի նվազագույն չափը պետք է կազմի առնվազն 78 հազար դրամ։

Անդրադառնալով երկրում խաղաղության հաստատմանը՝ նա նշել է, որ իրենք պատրաստ են ապահովել երաշխավորված խաղաղություն։

«Այսօր խաղաղություն չկա, կա պայմանավորվածություն։ Պետք է թուղթ ստորագրվի, և չպետք է այնպես լինի, որ Ադրբեջանն ամեն օր նորանոր պահանջներ ներկայացնի»,- Եղեգնաձոր քաղաքում կայացած քարոզարշավի ժամանակ ասել է Ծառուկյանը։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կայացած քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ Գյումրիում պետք է իրականացվեն ավագանու արտահերթ ընտրություններ։

«Գյումրիում պետք է հաստատենք ժողովրդական իշխանություն, որպեսզի քաղաքը ծաղկի այնպես, ինչպես երկրի մյուս անկյունները։ Շատերն ասում էին, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կլինի «Գյումրի-2» սցենարը։ Ես մի քանի ամիս առաջ ասում էի, որ ոչ թե «Գյումրի-2» է լինելու, այլ լինելու է «Հեղափոխություն-2» և «Գյումրի-1»։ Ի՞նչ է նշանակում «Գյումրի-1»։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո ժողովրդավարական, ոչ բռնի հեղափոխությունը պետք է հասնի այն շենքին (Գյումրիի քաղաքապետարանի շենքին -խմբ.), որը մեր թիկունքում է»,- նշել է Փաշինյանը Գյումրիում կայացած քարոզարշավի ժամանակ։ 

Այսօր Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի դեմ՝ կապված վերջինիս այն հայտարարության հետ, որ Փաշինյանը Կանադայում տուն ունի․

«Այդ անհեթեթ հայտարարության համար ես նրան դատի եմ տալու, և նա ներողություն է խնդրելու»,- իր հրապարակած տեսանյութում ասել է Փաշինյանը։

«Նոր ուժ» կուսակցությունը՝ վարչապետի թեկնածու Հայկ Մարությանի գլխավորությամբ, քարոզարշավ է իրականացրել Էջմիածին քաղաքում։ Մարությանը թռուցիկներ է բաժանել քաղաքացիներին, զրույցի բռնվել նրանց հետ։

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունն էլ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում է եղել, վարչապետի թեկնածու Գևորգ Կարապետյանը և կուսակցության ներկայացուցիչները կոչ են արել քաղաքացիներին գնալ ընտրության և ընտրել ազգային ուժի։

Իսկ «Ալյանս» կուսակցությունը դուրս է գալու ընտրապայքարից։ 

ԿԸՀ-ից «Լուրեր»-ին հայտնել են, որ կուսակցությունը ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել, որը քննարկվելու է դռնբաց։

Դատախազությունից հայտարարել են՝ կգործի թեժ գիծ՝ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով։

«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ տեղեկությունների ստացման, հանրության հետ անմիջական հաղորդակցությունն ապահովելու և ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից բարձրացված հրատապ հարցերին արձագանքելու նպատակով կգործի  (010) 511-527 հեռախոսահամարը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն