Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ճգնաժամային խնամք ու դաստիարակություն, ինչպես նաև տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք իրականացնող մի շարք հաստատություններում։ Վերահսկողական միջոցառումներին հետևել է նաև Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վերհսկողական այցերի նպատակը նշված կազմակերպություններում սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանման մոնիթորինգն էր։
Ուսումնասիրվել են սննդի կազմակերպման, պատրաստման, պահպանման, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման, ինչպես նաև սննդամթերքի ընդունման և պահման գործընթացները։
Տիգրան Պետրոսյանը հաստատությունների ղեկավարների հետ քննարկել է ռիսկերի կանխարգելման, խոհանոցային գործառույթների պատշաճ կազմակերպման և անձնակազմի իրազեկվածության բարձրացման հարցերը։
Նա ուշադրություն է հրավիրել կտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) համակարգի սկզբունքներին՝ հիշեցնելով, որ այդ ընթաց կարգերի ներդրումը պարտադիր է և ՍԱՏՄ ստուգումների թիրախում:
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կարևորում է երեխաների, տարեցների և խնամքի կարիք ունեցող անձանց համար վերահսկվող-անվտանգ սննդի ապահովումը՝ որպես հանրային առողջության պահպանման կարևոր բաղադրիչ, և շարունակելու է հետևողական աշխատանքներն այդ ուղղությամբ»,– ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։