լևոն Զուրաբյան

Նիկոլ Փաշինյանը գնացել է գործարքի. Զուրաբյանը՝ Թրամփի աջակցության մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը ՀՀ գործող վարչապետին ունի զուտ տնտեսական և ռազմավարական դրդապատճառներ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է խորհրդարանական ընտրություններին առաջադրված ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Թրամփը գրել էր, որ հունիսի 7-ին ընտրություններում լիովին աջակցում է Փաշինյանին, ու որ Փաշինյանը լիարժեքորեն կիսում է իր տեսլականը Հարավային Կովկասի խաղաղության և բարգավաճման հարցում։

Ըստ Զուրաբյանի` առաջին անգամ է, որ ժողովրդավարական սկզբունքների ոտնահարումն ու հայ ժողովրդին օտարի կամքը պարտադրելը բացահայտորեն արդարացվում են ամերիկյան նավթային ընկերությունների գերշահույթներով և աշխարհաքաղաքական նպատակներով։

«Նիկոլ Փաշինյանը փաստորեն գնացել է գործարքի. նա կառուցում է TRIP–ը` ներքաշելով Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, որում մենք կարող ենք բառիս բուն իմաստով ոտնատակ ընկնել` փոխարենը ստանալով Արևմուտքի հակադեմոկրատական աջակցությունը Հայաստանում կառավարող հակաժողովրդական անիրավ ռեժիմին»,– գրել է նա։

ՀԱԿ վարչապետի թեկնածուի կանխատեսմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանին սպառնում են միայն ավերածություններ, կորուստներ և բռնապետության հաստատում։

Նրա համոզմամբ՝ նման քաղաքականության արդյունքում երկիրը լավագույն դեպքում կվերածվի համաշխարհային տնտեսության հումքային կցորդի, որտեղ, իր ձևակերպմամբ, «տերն ու տիրակալը լինելու է Ադրբեջանը»՝ դրանից բխող բոլոր ազգային վտանգներով։ Որպես ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք՝ Լևոն Զուրաբյանը մատնանշում է սեփական ռազմավարական մոտեցումը։ Նա շեշտում է, որ Հայաստանը պետք է մերժի ցանկացած կողմի, այդ թվում՝ Ռուսաստանի կցորդը դառնալու հեռանկարը և հանդես գա որպես ինքնիշխան ու անկախ պետություն։

«Մեր խաղաղության և զարգացման բանաձևը՝ ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ գերտերությունների շահերի ներդաշնակեցման ծրագիրն է, որը կայուն և հարատև խաղաղություն ու զարգացում կբերի մեր երկրին»,– եզրափակել է Զուրաբյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն