armenpress.am Ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում առկա խնդիրները, արձագանքման համակարգի արդյունավետությունը և զոհակենտրոն մոտեցումների զարգացման անհրաժեշտությունն են քննարկել պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և հասարակական հատվածի ներկայացուցիչները ՆԳ նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում։
Մասնակիցները կարևորել են ոչ միայն իրավական մեխանիզմների կատարելագործումը, այլև մասնագիտական համագործակցության, հոգեբանական աջակցության և հանրային վստահության ամրապնդումը։
Այս մասին տեսանյութ է հրապարակվել ՀՀ ներքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի էջում, որտեղ նշվում է, որ մայիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ։
Քննարկմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին, ինչպես նաև ՆԳ նախարարության ներկայացուցիչներ։
Օրակարգում եղել են ընտանեկան բռնության կանխարգելման արդյունավետ մեխանիզմների, աջակցության համակարգերի կատարելագործման, ինչպես նաև միջգերատեսչական և միջազգային համագործակցության զարգացման ուղիները։ Անդրադարձ է կատարվել ոլորտում արձանագրված արդյունքներին, առկա խնդիրներին և թիրախային լուծումների մշակման հնարավորություններին։
Արփինե Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում ընտանեկան բռնության դեպքերով ոստիկանություն դիմումների աճ է արձանագրվել, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման մասին։
«Իրավական բոլոր գործընթացները կարող են կատարված լինել պատշաճ ձևով, սակայն երբ փորձում ենք հասկանալ՝ բովանդակային արձագանքը զոհի տեսանկյունից արդյոք ճիշտ ժամանակին և ճիշտ տրամաբանությամբ է տրվել, հասկանում ենք, որ դեռևս անելիքներ ունենք»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ կարևոր նշանակություն ունի նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ «112» օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգման համակարգում «Safe YOU» հավելվածի ինտեգրումը։ Սարգսյանը նշել է, որ ոստիկանությունն այդ հարթակի միջոցով զգալի թվով ահազանգեր է ստանում, ինչը
ցույց է տալիս, որ քաղաքացիները հավելվածն ընկալում են որպես պետության հետ կապ հաստատելու հասանելի և վստահելի միջոց։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանի խոսքով՝ հանրային դարձած բազմաթիվ դեպքերից հետո մարդիկ խոստովանել են, որ երկար տարիներ տեղեկացված են եղել բռնության մասին, սակայն չեն դիմել համապատասխան կառույցներին։
«Պետք է հասնենք նրան, որ մարդիկ, ովքեր իսկապես տեղեկություն ունեն դեպքերի մասին, դիմեն սոցիալական ծառայություններին և իրավապահ մարմիններին»,- նշել է նա։
«Սոցիալական արդարություն» ՀԿ ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանն ընդգծել է, որ հասարակությունում նկատելի է մտածողության փոփոխություն։
«Եթե նախկինում թեման տաբու էր, այսօր մարդիկ արդեն ասում են՝ խնդիր կա, բայց արձագանքն արդյունավետ չէ։ Սա արդեն գիտակցության որակական փոփոխություն է»,- ասել է նա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ ՆԳ նախարարության հետ համագործակցության արդյունքում արդեն իսկ արձանագրվել են դրական տեղաշարժեր։ Նա ընդգծել է, որ թեև Հայաստանի օրենսդրությունը ոլորտում բավական առաջադեմ է, անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել կիրառական պրակտիկան, մասնագիտական ուղղորդումն ու հաղորդակցությունը։
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանն էլ նշել է, որ միջազգային գնահատականներով Հայաստանը հաճախ ավելի զարգացած օրենսդրություն ունի, քան դրա կիրառման պրակտիկան։
«Խնդիրը երբեմն ոչ թե առանձին մասնագետների աշխատանքի, այլ համակարգային կապերի բացակայության մեջ է, ինչի հետևանքով խզվում է ամբողջ գործընթացի արդյունավետությունը»,- ընդգծել է նա։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կրթական բաղադրիչին և մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությանը։ Մասնակիցները կարևորել են պետական կառույցների ներկայացուցիչների՝ նոր իրողություններին համահունչ արձագանքելու կարողությունը՝ ոչ միայն տեսական գիտելիքների, այլև նոր մշակույթի ձևավորման միջոցով։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև հոգեբանական աջակցության բաղադրիչին՝ թե՛ բռնության ենթարկված անձանց, թե՛ ոլորտի մասնագետների համար։ Նշվել է, որ նման դեպքերի հետ առնչվող ծառայողները ևս ունեն մասնագիտական հյուծման և հոգեբանական վերականգնման կարիք։
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ ներկայացուցիչ Կարինե Դավթյանը բարձրացրել է ոստիկանության աշխատակիցների ինքնախնամքի և հոգեբանական աջակցության հարցը՝ ընդգծելով նրանց շուրջօրյա և բարձր սթրեսային աշխատանքի պայմանները։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ ոլորտում ներգրավված մասնագետների ամենօրյա շփումը մարդկային ծանր պատմությունների հետ լուրջ հոգեբանական բեռ է, ուստի անհրաժեշտ են ինստիտուցիոնալ նոր լուծումներ՝ ավելի արդյունավետ գործընթացներ ապահովելու համար։
Հանդիպման ավարտին մասնակիցները ներկայացրել են ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկներ՝ կարևորելով միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը, միասնական արձագանքման մեխանիզմների ներդրումը, վերապատրաստումների ընդլայնումն ու քաղաքացիակենտրոն մոտեցումների կիրառումը։
Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ պետության առաջնահերթ նպատակը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու պաշտպանվածությունն ապահովելն է։
«Թեկուզ փոքր քայլերով, բայց մենք արդեն ունենք արդյունքներ։ Եթե պահպանենք նույն հետևողականությունը, կկարողանանք ձևավորել ավելի արդյունավետ կառուցակարգեր՝ մեր երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացու համար»,- նշել է նախարարը։
Նշվել է, որ նման ձևաչափով հանդիպումները շարունակական բնույթ են կրելու՝ միտված ոլորտային խնդիրների վերհանմանն ու համակարգային լուծումների մշակմանը։