photo_2026-05-29_23-04-22

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 22-րդ օրը

Այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 22-րդ օրն էր։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը կմասնակցի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների բանավեճին: Այս մասին հայտնել է ինքը Կարապետյանը։

Բանավեճը կազմակերպում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հունիսի 4-ին: Առաջին համարների բանավեճին կնախորդեն ևս երկու մեծ բանավեճեր՝ հունիսի 1-ին և 2-ին, տեղեկացրել է Հանրային ղեկավարությունը: 

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը հայտարարել է, որ ահազանգեր են ստանում, որ մարդկանց ստիպում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի երրորդ համարի քվեաթերթիկը դուրս բերել՝ որպես ապացույց, որ մեր օգտին չեն քվեարկելու։

«Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է, և դուք ինքներդ կարող եք խնդիր ունենալ, եթե արձանագրվի, որ դուք քվեաթերթիկ եք դուրս բերում։ Հետևաբար, կրկին ասում եմ՝ մի թույլ տվեք, որպեսզի ձեր նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառեն, ու դո՛ւք եք դառնալու ու հիմնական այն աղբյուրը, ովքեր որոշելու են, թե ով է մեր Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը։ Եվ այս ճնշումներին վերջ տալու հիանալի ու շատ մոտալուտ հնարավորություն ունեք»,- նշել է Մելոյանը։

ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավի ժամանակ խոսել է Սյունիքի անվտանգության մասին՝ ասելով․

«Մեզ ասում էին պատերազմ եք սադրել, բայց իրենք գիտեին, որ պատերազմ են թողել։ 2016 թվականի քառօրյա պատերազմը որևէ թղթով չի ավարտվել, պարզ չի եղել ինչով է ավարտվել այդ պատերազմը։ 2020 թվականի պատերազմը 2016 թվականի պատերազմի շարունակությունն է եղել, և սա է ճշմարտությունը»,- ասել է Փաշինյանը։

Նա վստահեցրել է նաև, որ այս իշխանությունն է Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել հանձնումից, որը, իր խոսքով, Ռոբերտ Քոչարյանը պլանավորում էր իրականացնել․

«Հոկտեմբերի 27-ը արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստում, քանի որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են իրենց կյանքով հետաձգել այդ պրոցեսը։ Դրա մասին հրապարակային վկայություններ կան։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ Մեղրիով միջանցքի թեմա ևս կար և ես հրաժարվել եմ ստորագրել դա, ուրիշ տարբերակ ենք ստորագրել, իսկ դրանից հետո մեր ընդդիմությունը և  արտաքին ուժերն ասել են, որ ես միջանցք եմ խոստացել, արդյունքում մենք ունեցանք երկու օր առաջ Միացյալ Նահանգների հետ նախաստորագրված փաստաթուղթը, որը պայթեցրեց այդ բոլոր պնդումները»,- հավելել է նա:

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում իրականացրած քարոզարշավի ժաման խոստացել է վերականգնել քաղաքի արդյունաբերական համբավն ու կառուցել ճոպանուղի։

«Ինձ դիմել էին նաև տուրիստական ուղղության զարգացման հարցով՝ առաջարկելով այստեղ ճոպանուղի կառուցել։ Իմ ժամանակ կառուցվել է Ծաղկաձորի ճոպանուղին, Ծաղկաձորը դարձել է լեռնադահուկային հանգստավայր, իմ ժամանակ է կառուցվել նաև Ջերմուկի ճոպանուղին։ Խոստանում եմ՝ շատ կարճ ժամանակահատվածում դուք ևս կունենաք ճոպանուղի»,- հայտարարել է նա։

Քոչարյանը նշել է նաև՝ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր։

«Վանաձորը եղել է արդյունաբերական քաղաք, և մենք պետք է այդ փառքը վերադարձնենք այստեղ։ Արդյունաբերական երկիր ունենալու համար անհրաժեշտ է բարձր մակարդակի կրթություն»,- ասել է նա։

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները այսօր Զեյթուն վարչական շրջանում են քարոզարշավ արել։

Արման Թաթոյանը քաղաքացիների հետ հանդիպմանը նշել է, որ հանձնառու է լինել Հայաստանի իրավունքների պաշտպանը։

«Թող բոլորն իմանան, որ Հայաստանը պատասխան տվող ունի և ով հանկարծ կփորձի Հայաստանի, քաղաքացիների իրավունքների «խաթրին» կպնել, պետք է պատասխան ստանա։ Մենք չպետք է ապրենք նվաստացած և մեզ չպետք է ասեն ինչ անենք, այլ մենք բոլորով պետք է համախմբվենք, թև-թևի տանք»,- ասել է նա: 

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության պատգամավորի թեկնածու Արտյոմ Աբրոյանը վստահ է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու է իշխող «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությունը, իսկ իրենց կուսակցությունը հավաքելու է մոտ 10 տոկոս և մտնելու է խորհրդարան։

«Մենք անցկացնում ենք շատ լավ քարոզարշավ, մեզ շատ լավ դիմավորում են, ժողովուրդը մեր հանդեպ շատ լավ է տրամադրված, մենք 10 տոկոսով անցնելու ենք խորհրդարան։ Քաղաքացիները մեզ հիմնականում նախկինների վերաբերյալ հարցեր են տալիս, հարցնում են՝ ինչու նրանց հարցերը լուծված չեն։ Բայց դրանով մեր կուսակցությունը չպետք է զբաղվի, գործող իշխանությունը պետք է անի», – ասել է Աբրոյանը։

Արտյոմ Աբրոյանը նշել է, որ եթե կոալիցիա ձևավորելու անհրաժեշտություն լինի, ապա Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը կոալիցիա կձևավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

ԿԸՀ-ն քննում է «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանի դիմումը՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդության իրավունքից զրկելու վերաբերյալ։

 Էդմոն Մարուքյանը հանձնաժողովի նիստին պնդել է, որ «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանն անաչառ չէ, հայտարարություններով արատավորել է իր բարի համբավը։ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հակադարձել է՝ Իոաննիսյանը որևէ ուժի դեմ որևէ հակաքարոզչություն չի արել, դրսևորել է քաղաքական քարոզչություն, ընդամենը իր ֆեյսբուքյան էջում տարածել է այլ աղբյուրներից բերված տվյալներ։ 

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ինքն ընդամենը զարմանք է արտահայտել, ինչը չի կարող դիտարկվել որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն։

«Ինչ-որ կայք հրապարակել էր, որ Էդմոն Մարուքյանը հասարակական կարծիքի առաջնորդ է։ Ես չեմ ասել, որ դա լավ է, կամ դա վատ է։ Ընդամենը արտահայտել եմ բառացի, տառացի իմ զարմանքը։

Քարոզչության և հակաքարոզչության արանքում կա չեզոքություն, և նման զարմանքի արտահայտումը գտնվում է չեզոք հատվածում։ Ի՞նչը հերքեմ, իմ զարմա՞նքը: Հերքեմ, ասեմ՝ կներե՛ք, ես զարմանք չե՞մ ապրում»,- ասել է նա։

ԿԸՀ նախագահի հարցին, թե արդյոք նա ընդունում է, որ իր խոսքի ազատությունը պետք է սահմանափակվի, Իոաննիսյանը հիշեցրել է Ընտրական օրենսգրքի մասին և նշել, որ որպես դիտորդ հավատարմագրվելուց հետո իր հրապարակային խոսքն էապես փոխվել է։ 

«Անկախ դիտորդ» դաշինքը The Insider, Radio France Internationale, Dossier, Reuters լրատվամիջոցների հետաքննությունների հիման վրա իշխանության զավթման փորձի ու փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն։

Դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտնել է՝ ըստ նշյալ նյութերի՝ ՌԴ-ում առերևույթ պլանավորել, կազմակերպել ու ֆինանսավորել են Հայաստանում հետևյալ գործողությունները՝

  • Ապատեղեկությունների կանխմտածված գեներացում ու տիրաժավորում,
  • Քաղաքական ուժերի ֆինանսավորում և տարատեսակ այլ աջակցությունների տրամադրում,
  • Ռուսաստանում բնակվող ընտրողների նկատմամաբ պարտադրանքներ,
  • Վերը նշվածի հետ փոխկապակցված այլ ապօրինի գործողություններ։

««Ներկայացված հաղորդումը 15 էջանոց է։ Դիմումով խնդրում ենք նաև ուսումնասիրել «Կովկասի Խրոնիքոնը» կայքում հրապարակված նյութերը ու սխեմաները»,- գրել է Դանիել Իոաննիսյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Շիրակի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք

Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի և Արթիկի գրասենյակներում:

«Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակներում այսօր ձերբակալվել է 7 անձ, կատարվում են վարութային գործողություններ», – հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Բրիտանական Reuters լրատվական գործակալության 5 աղբյուրներ հայտնել են, որ ՌԴ պաշտոնյաները քննարկել են Ռուսաստանում ապրող հայերին Հայաստան տեղափոխելու հնարավորությունը, որպեսզի վերջիններս քվեարկեն ընտրություններում Փաշինյանի հակառակորդների օգտին։

Գործակալության երեք աղբյուրների տվյալներով՝ Ռուսաստանի իշխանությունները գնահատել են, որ 100 հազար ընտրողների տեղափոխումը կարժենա մոտ 50 միլիոն դոլար։

Գործակալությունը գրում է, որ ՌԴ պաշտոնյաներն ակտիվացրել են ապատեղեկատվական օնլայն արշավները՝ ուղղված Փաշինյանի կառավարության վարկաբեկմանը: Եվրոպացի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, գործակալությանն ասել է, որ արշավները ներառում են Կրեմլի հետ կապված «Փոթորիկ-1516» անունով բոտերի ցանց, որը դեր է խաղացել ԱՄՆ վերջին ընտրություններին միջամտելու գործողություններում։ ո

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն