armenpress.am Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է մնալ տարածաշրջանային օրակարգի առանցքային թեմաներից մեկը. չնայած երկու երկրների միջև վերջին զարգացումները վկայում են խաղաղության ուղղությամբ կարևոր առաջընթացի մասին՝ այնուամենայնիվ, խաղաղությունը դեռևս մնում է փխրուն և պահանջում է միջազգային հանրության հետևողական աջակցություն։
«Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այսպիսի տեսակետ է արտահայտել ՄԱԿ-ում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Խաղաղության համալսարանի դեսպան և մշտական դիտորդ Դավիդ Ֆերնանդես Պույանան՝ անդրադառնալով ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ու Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներին, այնպես էլ Եվրոպական միության հետ հարաբերություններն ու գործընկերությունն առավել խորացնելու ուղղությամբ Հայաստանի կողմից կատարվող քայլերին ու Երևանի եվրոպական ձգտումներին:
«Ես կարևոր և նշանակալի քայլեր եմ տեսնում խաղաղության ուղղությամբ։ Այս առումով, մասնավորապես, հատկանշական է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված խաղաղության հռչակագիրը: Այդուհանդերձ, սակայն այդ խաղաղությունը շատ փխրուն է և պահանջում է միջազգային հանրության հետևողական աջակցություն։
Այս տարին նույնպես կարևոր է, քանի որ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ Եվրոպայի առաջնորդները հավաքվեցին Երևանում՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինչպես Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին։ Եվ սա աշխարհաքաղաքական առումով շրջադարձային պահ էր Հայաստանի համար. կարծում եմ, որ սա նաև կարևոր ուղերձ էր միջազգային հանրությանը»,-նշել է Դավիդ Պույանան:
Զրուցակիցն իր խոսքում նաև կարծիք է հայտնել, որ այս ամենի հետ մեկտեղ կան նաև մարտահրավերներ՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ինչպես են իրականացվելու այն խոստումները, որոնք եվրոպացի առաջնորդներն արդեն տվել են Հայաստանի կառավարությանը՝ հատկապես աշխարհում տեղի ունեցող խառնաշփոթի և պատերազմների պայմաններում:
«Հայաստանում մարդիկ Եվրամիությունից շատ բաների են սպասում, և ինչպես իրականացնել նրանց սպասելիքներն ու այդ խոստումները, սա է իմ գլխավոր միտքը։ Բայց, ամեն դեպքում, տեսնում ենք, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը փորձում է առաջ մղել և խթանել արտաքին քաղաքականությունը դեպի Եվրոպական միություն»,-ընդգծել է Պույանան՝ շեշտելով, որ Հայաստանի՝ դեպի Եվրոպական միություն ձգտումների իրականացումը կպահանջի ժամանակ և աջակցություն միջազգային հանրության կողմից: