Գործընկերային բովանդակություն
Հայաստանում հանրային տեղեկատվության գլխավոր խնդիրը միայն տվյալների առկայությունը չէ։ Շատ ավելի կարևոր է, թե որքանով են այդ տվյալները հասկանալի, մատչելի և օգտակար հանրության համար։ Թեև բաց աղբյուրներում պետական կառույցների գործունեության վերաբերյալ բավականաչափ տեղեկություն կա, այն հաճախ ցրված է տարբեր հարթակներում, ներկայացված է բարդ ձևաչափով և դրա որոնումը պահանջում է մասնագիտական հմտություններ ու երկար ժամանակ։ Այդ պատճառով պարզապես հասանելի տվյալը միշտ չէ, որ վերածվում է հանրային գիտելիքի։
Հենց այս խնդրի լուծմանն է միտված COPA (copa.global) ընկերության ստեղծած Parlour (parlour.copa.team) ամբողջովին ավտոմատացված առցանց հարթակը, որը մատչելի ձևաչափով ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի գործունեության վերաբերյալ բաց տվյալները։ Parlour-ը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հեշտությամբ հետևել խորհրդարանական գործընթացներին, հասկանալ պատգամավորների գործունեությունը, ծանոթանալ օրենսդրական նախագծերի օրակարգին և փաստարկված գնահատել հանրային նշանակության գործընթացները։
COPA-ն (ամբողջական անվանումը՝ Common Operational Picture Analytics) արհեստական բանականության լուծումներ մշակող հայկական ընկերություն է։ Ընկերության աշխատանքի հիմքում այն մոտեցումն է, որ բարդ և մասնատված տեղեությունը պետք է վերածվի հստակ, ստուգելի և կիրառելի գիտելիքի։ COPA-ն ինքնաշխատ եղանակով քաղում և վերլուծում է տարբեր աղբյուրներ՝ բաց տվյալներ, տեքստեր, ձայնագրություններ…․ Նպատակը միայն տվյալներ հավաքելը չէ, այլ արհեստական բանականության ալգորիթմների միջոցով, առանց մարդկային գործոնի միջամտության, դրանց մեջ կապեր, օրինաչափություններ և իմաստ գտնելը։
Parlour-ը հենց այդ գաղափարի գործնական կիրառությունն է։ Եթե COPA-ն տեղեկատվական «աղմուկից» ստանում է հստակ պատկեր, ապա Parlour-ն այդ պատկերը կառուցում է խորհրդարանի շուրջ։ Հարթակի նպատակն է Ազգային ժողովի աշխատանքը դարձնել թափանցիկ ու հասանելի բոլորի՝ լրագրողների, փորձագետների և հետաքրքրված քաղաքացիների համար։
ParlOur-ը հնարավորություն է տալիս մանրամասն հետևել ԱԺ գործունեությանը՝ տվյալները ներկայացնելով ոչ միայն չոր փաստերով, այլև փոխկապակցված շղթայի տեսքով։ Հարթակի հիմքում ԱԲ-ով աշխատող սեմանտիկ (իմաստային) որոնման գործիքն է, որն ինքնուրույն վերլուծում և թույլ է տալիս վերհանել 8-րդ գումարման խորհրդարանի առանցքային թեմաները։ Այստեղ կարող եք տեսնել խորհրդարանի ուշադրության կենտրոնում գտնվող գլխավոր հարցերը և պարզել, թե ովքեր են ամենաակտիվ պատգամավորները՝ ըստ գործունեության տարբեր չափանիշների։
Ընդհանուր պատկերն ավելի ամբողջական է դառնում պատգամավորների անհատական պրոֆիլների միջոցով։ Հարթակում յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունը ներկայացված է առանձին էջում, որտեղ ԱԲ համակարգն ավտոմատ կերպով գեներացնում և թարմացնում է նրա աշխատանքի հիմնական ցուցանիշները՝ բացառելով ձեռքով մուտքագրումը կամ սուբյեկտիվ միջամտությունը։ Օգտատերերը կարող են հետևել, թե քանի նիստի ընթացքում է տվյալ պատգամավորը ելույթ ունեցել, ինչպիսի օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել և ինչպիսի միջազգային գործուղումների է մեկնել՝ ստանալով յուրաքանչյուր ժողովրդական ընտրյալի աշխատանքի օբյեկտիվ և ամբողջական գնահատականը։
Պատգամավորների գործունեությունը հասկանալու համար կարևոր է նաև այն համատեքստը, որում այդ գործունեությունը ծավալվել է։ Այդ պատճառով ParlOur-ը հնարավորություն է տալիս ուսումնասիրել 8-րդ գումարման խորհրդարանի բոլոր նիստերի ամբողջական պատմությունը։ Շնորհիվ ձայնի և տեքստի մեքենայական մշակման (NLP)` բանալի բառերով կամ կոնկրետ պատգամավորի անունով որոնման միջոցով կարելի է ակնթարթորեն գտնել անհրաժեշտ նիստը, տեսնել քննարկված հարցերը, հնչեցված դիրքորոշումները և օրակարգային հիմնական թեմաները։ Այսպիսով, խորհրդարանական ընթացքը դառնում է ոչ միայն հասանելի, այլև որոնելի ու վերլուծելի։
Խորհրդարանի աշխատանքը, սակայն, չի սահմանափակվում միայն նիստերի դահլիճով։ ParlOur-ում առանձին ուշադրություն է դարձված նաև խորհրդարանական դիվանագիտությանը։ Հարթակում ԱԲ-ն պաշտոնական որոշումներից ինքնուրույն քաղում և քարտեզագրում է, թե որ երկրներ և քաղաքներ են ամենաշատը մեկնել պատգամավորները պաշտոնական այցերով, ինչ նպատակներով են կազմակերպվել այդ գործուղումները և ովքեր են մասնակցել դրանց։ Այս տվյալները թույլ են տալիս պատկերացում կազմել Ազգային ժողովի արտաքին կապերի աշխարհագրության և խորհրդարանական միջազգային ներգրավվածության մասին։
Parlour-ի արժեքը միայն տեխնոլոգիական չէ. այն սերտորեն կապված է բաց կառավարման մշակույթի հետ։ Բաց կառավարումը չի սահմանափակվում սոսկ փաստաթղթերի հրապարակմամբ։ Եթե հրապարակված տվյալը դժվար է գտնել, ընկալել կամ համադրել այլ տվյալների հետ, դրա հանրային ազդեցությունը մնում է նվազագույն։ Թափանցիկությունը գործնական արժեք է ստանում միայն այն ժամանակ, երբ քաղաքացին, լրագրողը կամ հետազոտողը հնարավորություն է ունենում այդ տվյալն անարգել որոնել, համեմատել, ստուգել և կիրառել։
Այս առումով Parlour-ը հանրային տվյալների կիրառման նոր մշակույթ է ձևավորում։ Այն խորհրդարանական տեղեկատվությունը տեղափոխում է մի հարթակ, որտեղ օգտատերը կարող է աշխատանքը սկսել ոչ թե բարդ փաստաթղթերից, այլ պարզ հարցադրումներից։ Ի՞նչ է քննարկվել Ազգային ժողովում վերջին ամիսներին։ Ո՞ր թեմաներն են գերակայել օրակարգում։ Ովքե՞ր են եղել ամենաակտիվ պատգամավորները և ինչպե՞ս են նրանք մասնակցել քվեարկություններին։ Ինչպիսի՞ միջազգային գործուղումներ են եղել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հանրային վերահսկողության հիմքն են։
Բայց պետք է հիշել՝ Parlour-ը «դատավոր» չէ։ Այն չի պիտակավորում պատգամավորներին և չի փոխարինում մասնագիտական վերլուծությանը։ Հարթակի դերը տվյալները տեսանելի ու կազմակերպված դարձնելն է։ Իսկ մեկնաբանությունը թողնված է լրագրողներին ու փորձագետներին։ Հարթակի ուժը ոչ թե պատրաստի պատասխաններ տալու, այլ ճիշտ հարցեր տալու հիմք ստեղծելու մեջ է։
Հայաստանի քաղաքական դաշտում նման գործիքների պահանջարկը խիստ զգալի է։ Ազգային ժողովի որոշումներն ուղղակիորեն ազդում են տնտեսության, կրթության, արդարադատության և հանրային կյանքի բազմաթիվ այլ ոլորտների վրա։ Սակայն քաղաքացիները հաճախ այդ գործընթացների մասին տեղեկանում են հետին թվով, երբ որոշումն արդեն ընդունված է լինում, կամ երբ բանավեճը հասնում է լրատվական տիրույթ։ Տվյալների պարզ ու մատչելի մատուցումը թույլ է տալիս հանրային ուշադրությունը կենտրոնացնել ավելի վաղ փուլերի վրա՝ նախաձեռնությունների քննարկում, քվեարկություն և հետևողական վերահսկողություն։
Parlour-ն ապացուցում է, որ արհեստական բանականության և տվյալների վերլուծության գործիքները կարող են ծառայել հանրային իրազեկմանն ու ժողովրդավարական հաշվետվողականությանը։ COPA-ի համար սա լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է բարդ տեղեկատվական միջավայրը դարձնել ընկալելի և օգտակար։
Ի վերջո, Parlour-ը պարզապես խորհրդարանի մասին կայք չէ. այն հանրային տվյալների հետ աշխատելու նոր ենթակառուցվածք է։ Այն հիշեցնում է, որ բաց տվյալների իրական արժեքը բացահայտվում է ոչ թե դրանց հրապարակման պահին, այլ երբ մարդիկ հնարավորություն են ստանում այդ տվյալների միջոցով հասկանալ, ստուգել և մասնակցել հանրային կյանքին։ Սա կարևոր քայլ է դեպի ավելի տեղեկացված հանրություն:



