714852725_1322652310056980_1159661749174852747_n

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Հայաստանի հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար այս տարվա սեպտեմբերից կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

«Ծրագիրը մեկնարկում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ներքին գործերի նախարարության համագործակցությամբ։

Նախաձեռնության նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ և նպաստել անվտանգ ճանապարհային երթևեկության մշակույթի ձևավորմանը։

Ծրագրի շրջանակում աշակերտները կսովորեն ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհային նշաններն ու գծանշումները, լուսացույցի և կարգավորողի ազդանշանները, հետիոտնի և ուղևորի վարքականոնները, ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կստանան վարորդական գործնական հմտություններ։

ՆԳՆ-ի տվյալներով՝ 12-րդ դասարանում խմբակին մասնակցելը կարող է ծառայել նաև որպես վարորդական իրավունքի քննության նախապատրաստական դասընթաց, ինչի շնորհիվ սովորողները հնարավորություն կունենան հանձնել համապատասխան քննությունը և ստանալ վարորդական վկայական։

Գերատեսչությունում ընդգծում են, որ կյանքի համար անհրաժեշտ հմտությունների, գործնական կարողությունների և պատասխանատու վարքագծի ձևավորումը կրթական համակարգի կարևոր խնդիրներից է, իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ գիտելիքները կարող են նպաստել անվտանգ և պատասխանատու հանրային մշակույթի ձևավորմանը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն