Գործարարների աշխատակիցներն ու համակարգված նվիրատվությունները.
ովքեր և ինչպես ֆինանսավորեցին ՔՊ-ին 2025-ին

-Դուք գիտեի՞ք, որ Ձեր տղան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 2.5 մլն դրամ է նվիրաբերել։

-Ո՞նց։ Ասա՝ եթե էդքան փող ունեիր, կեսը տայիր՝ ավտոս կսարքեի։ 

Սա հատված է Երեւանի բնակիչներից մեկի հետ մեր զրույցից։ Գուցե բնական է, որ հայրը տեղյակ չէ որդու ծախսերից, բայց սա առաջին անգամը չէ, երբ ընտանիքի մի անդամը խոշոր նվիրատվություն է կատարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և դա նրա հարազատների մոտ զարմանք ու հարցեր է առաջացնում։ «Ինֆոքոմը» ուսումնասիրել է 2025 թվականի ընթացքում ՔՊ-ին կատարած նվիրատվությունները ու փորձել գտնել դրանց հետագիծը։

Մայիսին մենք այցելել էինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 2025 թվականի մարտի 3-4-ը 2.5-ական մլն նվիրաբերած մարդկանից յոթի հասցեներ։ Մի դեպքում դուռը բացող չեղավ, մեկ ուրիշ դեպքում՝ տան նոր բնակիչը նախորդ տիրոջ անունն անգամ չէր մտաբերում, և այսպես շարունակ։ Ներքուստ պատրաստ լինելով, որ մեր առանձնացրած վերջին նվիրատուի գրանցված հասցեում էլ մեզ դիմավորելու է նրա հետ կապ չունեցող նոր բնակիչ կամ առհասարակ դուռը չի բացվելու՝ հասանք յոթերորդ հասցե։ Մուտքի առաջ երկար սպասելու կարիք չեղավ․ մի տղամարդ սեփական քարտով բացեց դուռը, մենք էլ նրան շնորհակալություն հայտնելով մտանք շենք։ Պարզվեց՝ նույն հարկ ենք բարձրանում։ Վերելակից դուրս գալիս լռությունը առաջինը կոտրեց տղամարդը՝ հարցնելով, թե ում տուն ենք գնում։ Արամի (անունը փոխել ենք)՝ ասացինք։ Տարակուսած ճշտեց՝ Արամի՞։

-Այո, կարո՞ղ է Դուք եք Արամը,- կիսակատակ հարցրինք։
-Չէ, տղաս է,- պատասխանեց և ճշտելով, թե ով ենք՝ առաջարկեց զրույցը շարունակել տանը։

Այս պարզ հրավերով կոտրելով անպտուղ փնտրտուքների շղթան՝ մտանք ներս։

Առաջինը, որ արեցինք ներս մտնելուց հետո, տան չորս կողմը նայելով պատկերացնելն էր՝ կողմնակի դիտորդը կհավատա՞ր, որ այս տան բնակիչը կարող էր 2․5 մլն դրամի նվիրատվություն անել․ պատասխանն էր՝ ոչ, բայց հետո պարզեցինք՝ Արամն իր ընտանիքի հետ առաձին է ապրում՝ վարձով։ 

Ծնողների համար անակնկալ էր, որ իրենց որդու անունը հանդիպում է «Քաղաքացիական պայմանագրի» նվիրատուների ցանկում։ 

– Իսկ իր գործերը լա՞վ են,- հարցնում ենք՝ կտրելով եղանակի ու կենցաղային թեմաների շուրջ խոսակցությունը։

– Դե, եթե վարձում է ապրում, ուրեմն՝ հա,- պատասխանում է։ 

Մեր զրույցում ծնողները ենթադրեցին, որ տղան գուցե ընկերների օգնությամբ է հավաքել այդ գումարը։ 

– Դե, ինքը շրջապատով է, պատերազմի ժամանակ էլ էին օգնություն ուղարկում։ Եսիմ, երևի՝ հիմա էլ են միասին արել, հիմիկվա երեխեքը ամեն ինչ չեն ասում մեծերին, երեխեք ջան, իրանք ինչ ուզում՝ անում են,- ասում է զրույցին երբեմն-երբեմն մասնակցող մայրը։ 

– Մենք, կոպիտ ասած, ծերը ծերին ապրող մարդիկ ենք։ Ինքը մեզ ամեն ինչ չի ասում,- լրացնում է հայրը։

Հարցրինք՝ սատարո՞ւմ է «Քաղաքացիական պայմանագրին»։ Ասացին, որ քաղաքական թեմաներով առանձնապես չեն խոսում։

– Նվիրատության մասին առաջին անգամ լսեցի, ինքը ծախսող տղա ա, բայց էդքա՞ն,- ասաց հայրը՝ ավելի ուշ հավելելով,- բայց եթե ՔՊ-ին է արել՝ լավ է արել։

– Իսկ որտե՞ղ է աշխատում Արամը,- հարցրինք։

– Հիմնարկում, կարելի է ասել՝ փոխտնօրեն է։ Ալեքսանյանի հիմնարկում (խմբ․՝ Սամվել Ալեքսանյանի)։

Անունը հիշել չկարողացավ, բայց ասաց՝ «Ալեքս տեքստիլի» նման ընկերություն է։ 

Արամը ՔՊ-ի միակ նվիրատուն չէ, որը կապ ունի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Կրկին մարտին 4-ին ևս 2․5 մլն դրամ է փոխանցել «Էյչ բի գրուպ» ընկերության տնօրեն Հակոբ Բաբայանը։ Իսկ այս ընկերության սեփականատերը Սամվել Ալեքսանյանի որդին՝ Գագիկ Ալեքսանյանն է։ 

Մարտի 4-ին 2․5 մլն դրամի նվիրատվություն է կատարել նաև «Լեքս Դիստրիբյուշն» ընկերության տնօրեն Միքաել Մխիթարյանը։ Նա նույնպես Մալաթիա-Սեբիաստայից է։ Մխիթարյանի տնօրինած ընկերության հիմնադիրն Արամ Շարոյանն է, որի հայրը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքսանյան Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է՝ Հրաչյա Շարոյանը։

Նույնը օրը նույնչափ նվիրատվություն է կատարել Արմեն Եղինյանը։ Նրա ֆեյսբուքյան և տիկտոկյան էջերից պարզ է դառնում, որ Եղինյանը աշխատում է «Փարվանա» ռեստորանային համալիրում՝ որպես խոհարար։ Ռեստորանը պատկանում է «Փարվանա լիճ» ընկերությանը, որի սեփականատերն էլ Ալեքսանյանի կինն է՝ Շողերինա Մկրտչյանը։ Որպես հաճախորդ զանգահարեցինք ռեստորան՝ ճշտելու՝ Եղինյանն այնտե՞ղ է աշխատում, թե՞՝ ոչ։ Ընդունարանի աշխատակիցն ասաց, որ Արմենն իրենց շեֆ խոհարարն է, բայց դժվարացավ հիշել նրա ազգանունը։ 

Եղինյանի ֆեյսբուքյան ընկերների ցանկում գտանք նույն օրը 2.5 մլն դրամ փոխանցած ևս երեք անձի։ Ընդհանրապես, այս և մոտ օրերի որոշ նվիրատուներ գրանցված են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ Ալեքսանյանի բիզնես և քաղաքական գործունեությունը ասոցացված է այս վարչական շրջանի հետ։ Հետաքրքիր է նաև այն, որ համաձայն Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների, այս նվիրատուներից երկուսի տները գրավադրված են։ Նրանք, սակայն, միակ գրավադրված տուն ունեցող նվիրատուները չեն։ Խոշոր նվիրատուներից ևս 2-ի տներն այդ կարգավիճակում են։ 

«Վեգա» խանութների ցանցի սեփականատեր Յուրի Աֆրիկյանը նույն շրջանում՝ մարտի 10-ին, կուսակցությանը փոխանցել է 1 մլն դրամ, իսկ հոկտեմբերի 13-ին՝ ևս 5 մլն դրամ։ 2010-ականների մամուլի հրապարակումներում ընկերությունը կապվել է Սամվել Ալեքսանյանինն է, թեպետ ինքը՝ Ալեքսանյանը հերքել է տեղեկությունը։ 

Մեր հետաքննություններից մեկում պատմել էինք ՔՊ-ի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախորդ տարիների նվիրատունների մասին, որոնց ընկերություններին Կառավարությունը նվիրատվությունից առաջ կամ հետո՝ 2023-2025 թվականների ընթացքում, շնորհել է արտոնություններ։ Նշել էինք, որ Սամվել Ալեքսանյանի որդուն՝ Գագիկ Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Ալեքս էնդ հոլդինգը», 2025-ի դեկտեմբերին կառավարությունից 23․8 մլրդ դրամի արտոնություն է ստացել՝ 31․1 մլրդ դրամի հումքի ներմուծման համար, որը նախատեսվում է օգտագործել շաքարի արտադրությունում։ Սա այդ տարիների ընթացքում կառավարության շնորհած ամենամեծ մաքսային արտոնությունն է։ Դիտարկված ժամանակահատվածում Ալեքսանյաններին պատկանող 7 ընկերություն 8 անգամ ստացել է մաքսային արտոնություն, որի չափը կազմել է շուրջ 26 մլրդ դրամ` տրամադրված բոլոր արտոնությունների 17.15%-ը։ 

Նվիրատվություններով առատ մարտը

2025 թվականին կառավարող կուսակցությունը 1216 անձից ստացել է 1688 նվիրատվություն՝ ավելի քան 416 մլն դրամի չափով։ Քանակով ամենաշատ նվիրատվությունները գրանցվել են մարտին և դեկտեմբերին։ Մարտին կուսակցությանը կատարվել է 192․5 մլն դրամի 493 նվիրատվություն, դեկտեմբերին՝ 15․5 մլն դրամի՝ 617 նվիրատվություն։ Այսպիսով՝ միայն մարտին կուսակցությունը ստացել է ամբողջ նվիրատվության 46%-ը։  

Նշենք, որ հենց այս ամսում՝ մարտի 30-ին են տեղի ունեցել Գյումրիի ու Փարաքարի համայնքային ընտրությունները, և նվիրատվությունների այս ծավալը պայմանավորված է նաև նախընտրական դրամահավաքով։

Համակարգված նվիրատվությունները՝ պաշտոնյաններից

Մենք նույնականացրել ենք նվիրատուներից գրեթե կեսին՝ 598-ին։ Նրանցից 508-ը պաշտոնյաներ են և պաշտոնյաների հետ համատեղ բնակվող անձինք, որոնք կատարել են ընդհանուր նվիրատվությունների շուրջ 27%-ը՝ փոխանցելով 114 մլն դրամ։ Որոշ դեպքերում պաշտոնյայի հետ համատեղ բնակվող անձինք ծավալում են նաև բիզնես գործունեություն։ Այդ պարագայում մենք նրանց համարել ենք գործարար։

Համանման պաշտոններ զբաղեցնող անձինք երբեմն նվիրատվությունները կատարել են նույն ժամանակահատվածում՝  նույն չափով։ Այսպես, մարտի 6-10-ը 4 համայնքի ղեկավար փոխանցել է 1 մլն դրամ, իսկ 10 ավագանու անդամ՝ 200-հազարական դրամ։ 

Հունիսի 4-17-ը 16 պատգամավոր, 7 նախարար և փոխնախարար փոխանցել են 500-հազարական դրամ, իսկ 9 ավագանու անդամ նույն ժանակահատվածում՝ 100-հազարական դրամ։ 

Նախարարների և փոխնախարարների կողմից սինքրոն փոխանցումների հաջորդ շրջափուլը եղել է դեկտեմբեր 5-25-ը։ 15 նախարար և փոխնախարար փոխանցել է 20-հազարական դրամ։ 

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 29-ը 131 ավագանու անդամ, 58 համայնքի ղեկավար և 55 պատգամավոր ՔՊ-ին փոխանցել են 20-հազարական դրամ։ Դեկտեմբերի 1-24-ը 19 մարզպետ և փոխմարզպետ փոխանցել է դարձյալ 20-հազարական դրամ։ 

ՔՊ-ին կատարված մեկ այլ խումբ սինքրոն նվիրատվությունների մասին պատմել ենք մեր նախորդ հրապարակմամբ։ Պարզել էինք, որ կուսակցությանը 5 օրվա ընթացքում նվիրատվություն էր կատարել առնվազն 23 բժշկական կենտրոնի ղեկավար։ Այս դեպքում էլ նվիրատվությունների քանակի առատությամբ առանձնացել են մարտը և դեկտեմբերը։ Մարտյան մեկ շաբաթում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է բժշկական կենտրոնների տնօրենների նվիրատվությունների մեծ մասը՝ շուրջ 5․7 մլն դրամ։

Առյուծի բաժինը՝ գործարարներից

Մեր նույնականացրած բիզնեսների սեփականատերերը և տնօրենները կատարել են ստացված նվիրատվությունների շուրջ 35%-ը՝ առնվազն 146 մլն դրամ։ 5․3%-ն էլ, այսինքն՝ 27 մլն-ը, նվիրաբերել են գործարարների հետ գործնական կամ անձնական հարաբերություններ ունեցող անձինք։ 

Գործարարների հետ համընկնող անուն-ազգանուններով ևս 13 անձ կատարել է ընդհանուր 15 մլն դրամի նվիրատվություն, սակայն նրանց գործարար լինելը չենք կարողացել հաստատել, որովհետև կամ նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին, կամ հրաժարվել են պատասխանել հարցին։ Օրինակ՝ Գևորգ Կորյունի Մարտիրոսյանը կուսակցությանը փոխանցել է 1 մլն դրամ։ Այս անունով Հայաստանում երկու անձ կա, որոնցից մեկն անհատ ձեռնարկատեր է, զբաղվում է սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մանրածախ առևտրով։ Կապ հաստատեցինք նրա հետ՝ ճշտելու՝ նվիրատուն ի՞նքն է, թե՞ ոչ, սակայն Մարտիրոսյանը նշեց, որ չի ցանկանում պատասխանել հարցին։

Հատկանշական է, որ թեպետ պաշտոնյա-նվիրատուների քանակը անհամեմատ գերազանցում է գործարար-նվիրատուներին, սակայն վերջիններիս կատարած նվիրատվությունների հանրագումարը զգալիորեն ավելի մեծ է։

Ընդ որում՝ ՔՊ նվիրատուների բիզնես շրջանակը կարող է ավելի մեծ լինել, որովհետև մենք առաջնահերթորեն նույնակացրել ենք 1 մլն-ից բարձր նվիրատուներին և ավելի քիչ նվիրատվություն կատարած գործարարներից մի քանիսին։ Այսինքն՝ 1 մլն դրամից ցածր նվիրատվություն կատարած անձանց շարքում ևս կարող են լինել գործարարներ։

17 մլն-ը՝ Արսենյաններից և փոխկապակցվածներից

Վայոց ձորի մարզպետ, «Ջերմուկ գրուպ» ընկերության իրական շահառու Վահագն Արսենյանը փետրվարի 20-ին նվիրաբերել է 2․5 մլն դրամ, տարեվերջում ավելացրել է ևս 20 հազար դրամ։ Ընկերության՝ այդ պահին գործող տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հունվարի 22-ին փոխանցել է 2․5 մլն դրամ։ Իսկ մեկ օր առաջ նույնքան նվիրաբերել է Վահագն Արսենյանի հորեղբոր որդին՝ Եղիշե Արսենյանը։ Եղիշե Արսենյանը մասնաբաժին ունի «Ինֆեռնո 55» ընկերությունում, որի մյուս սեփականատերը Նորայր Մովսիսյանն է՝ կուսակցության ևս մեկ խոշոր նվիրատու։ Նա հունվարի 22-ին ՔՊ կուսակցությանը նվիրաբերել է 2․5 մլն դրամ։ 

Fb 11 (3)

Նորայր Մովսիսյանի և Արսենյանների միակ կապը «Ինֆեռնո 55» ընկերությունը չէ։ Մովսիսյանն ինստագրամյան հարթակի իր էջում ներկայացվում է որպես «Ջերմուկ գրուպ» ընկերության կառուցած «Բյուրեղ» բնակելի թաղամասի տնօրեն։ Նրա եղբայրը՝ Սևակ Մովսիսյանն էլ է 2․5 մլն դրամ փոխանցել։ Եղբայրները գրանցված են Մխչյան գյուղում։ Գյուղում նույնպես Մովսիսյանին ճանաչում են որպես «Բյուրեղ» թաղամասի տնօրեն։ Ըստ մեր աղբյուրից ստացված տեղեկության՝ 2 մլն դրամ փոխանցած Նժդեհ Մկրտչյանը նույնպես աշխատում է այդ բնակելի թաղամասում։ Վերջինս նաև Նորայր Մովսիսյանի ֆեյսբուքյան ընկերներից է։

Նորայր Մովսիսյանի եղբոր՝ Սևակի փոխանցման օրը՝ հոկտեմբերի 7-ին, կուսակցությանը ևս 2․5 մլն դրամ է փոխանցել Մանուկ Մանուկյանը։ Նրա բիզնես գործունեությունը Արսենյանների հետ չի հատվում, սակայն նրա ֆեյսբուքյան էջում կա Կիպրոսի հանգստից արած լուսանկար Մովսիսյան եղբայրների հետ։ Փորձեցինք կապ հաստատել Նորայր Մովսիսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ կապ ունի Մանուկ Մանուկյանի հետ։ Թաղամասից նշեցին, որ մեր հեռախոսահամարը կփոխանցեն Մովսիսյանին, սակայն այդպես էլ զանգ չստացանք։ 

Նախկինում կառավարությունից խոշոր մաքսային արտոնություն ստացածների շարքում առանձնացրել էինք նաև «Ջերմուկ գրուպը»։ Ընկերությունը 2023 թվականին ազատվել էր 102․6 մլն դրամ մաքսատուքի վճարից՝ 8․3 մլրդ դրամի հումքի և սարքավորումների ներմուծման համար։ 

Այս տարվա արտոնյալների ցանկն ուսումնասիրելիս ևս գտանք «Ջերմուկ գրուպ» անունը․ այս անգամ ընկերությունը ստացել է 18 մլն դրամի արտոնություն։ 

Վայոց ձորի մարզպետ, «Ջերմուկ գրուպ» ընկերության իրական շահառու Վահագն Արսենյանը ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածու։ 

48 մլն-ը՝ Սուքիասյաններից և փոխկապակցվածներից

Ի տարբերություն Արսենյանի՝ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ապագայում ձևավորվելիք խորհրդարանում հայտնվելու հնարավորություն չի ունենա, քանի որ չի ընդգրկվել ՔՊ-ի ցուցակում։ Չնայած դրան՝ Սուքիասյանի անձնական և գործարար շրջապատը մեծ ներդում է ունեցել ՔՊ ֆինանսավորման մեջ։

Մերի, Խաչատուր, Արիկ Սուքիասյանները՝ պատգամավորի եղբայրների երեխաները, հոկտեմբերի 14-ին կուսակցությանը նվիրաբերել են 5-ական մլն դրամ։ Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Ալբերտ Սուքիասյանը, փոխանցել է նույնքան։ Նրանք բոլորը ծավալում են բիզնես գործունեություն։ Ինքը՝ Խաչատուր Սուքիասյանը, նվիրատվություն չի կատարել։ 

Fb 12 (2)

«Սիլ կոնցեռն» ընկերության տնօրեն Էդգար Մկրտչյանը հոկտեմբերի 15-ին կուսակցությանը փոխանցել է 5 մլն դրամ։ «Արարատ ինկասացիա» ընկերության տնօրեն Արմեն Ղազարյանը մարտի 6-ին փոխանցել է 1 մլն դրամ, իսկ Սուքիասյանների հիմնական փոխանցումների շրջանում՝ հոկտեմբերի 16-ին, փոխանցել է ևս 5 մլն դրամ։ Մարտի 4-ին նվիրատվություն է կատարել նաև «Սիլ կապիտալ» ընկերության նախկին, «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայիս տնօրեն Հայկ Բաղրամյանը։ Նա փոխանցել է 5,500 դոլար, համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ համարժեք 2 մլն 116 հազար դրամի։ 

Հոկտեմբերի 16-ին 5 մլն դրամի փոխանցում է կատարել նաև «Դավոս ինթերնեյշնլ» ընկերության բաժնետեր, տնօրեն և մինչև տարեսկիզբ «Նարեկ» ընկերության տնօրեն հանդիսացած Արտաշես Ստեփանյանը։ Արտաշես Ստեփանյանը գրանցված է Շարուրի 28 հասցեում, իսկ մի քանի շենք այն կողմ ապրում է մեկ այլ խոշոր նվիրատու՝ Աշոտ Նազարյանը։ Նա նյութի սկզբում նկարագրած մեր նվիրատուներից այն մեկն էր, որը տարիներ առաջ վաճառել էր բնակարանը, և մենք չկարողացանք պարզել նրա հնարավոր կապը Սուքիասյանների հետ։ 

«Բջնի գրուպ» ընկերության տնօրեն Գառնիկ Ներսիսյանը նույն օրը փոխանցել է 5 մլն դրամ։ Հոկտեմբերի 16-ին հերթական 5 մլն դրամի նվիրատվությունն է կատարել Երևանի «Զովք» գործարան բաց բաժնետիրական ընկերության և «Սիլ» հանքային ջրերի գործարանի տնօրեն Վահագն Ալեքսանյանը։

Վերը նշված բոլոր ընկերությունները պատկանում են Սուքիասյան ընտանիքին։ 

Այսպիսով՝ երեք խոշոր գործարար շրջանակից՝ Ալեքսանյաններ, Սուքիասյաններ, Արսենյաններ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է առնվազն 72,5 մլն դրամի նվիրատվություն կամ ընդհանուր նվիրատվությունների 17%-ը։

Միևնույն բիզնեսից՝ դեպի մեկ կուսակցություն

«Լենդմարկ կապիտալ» ներդրումային ընկերության սեփականատեր Գոռ Գևորգյանը և նրա կինը՝ Տաթևիկ Հարությունյանը, փետրվարի 14-ին «Քաղաքացիական պայմանագրին» փոխանցել են 2,5-ական մլն դրամ։ Ընկերության աշխատակից Հայկ Խեկոյանը նույնքան նվիրատվություն է կատարել արդեն հոկտեմբերի 17-ին։

2025 թվականի ապրիլի 1-ից թույլատրելի առավելագույն նվիրատվության չափը 2․5 մլն-ից դարձել է 10 մլն դրամ։ Մինչ փոփոխության ուժի մեջ մտնելը երկու նվիրատու՝ Վահագն Արսենյանը և Սամվել Օրդուխանյանը, փոխանցել են առավելագույն 2․5 մլն-ը, ապա կատարել հավելյալ նվիրատվություններ։ Սամվել Օրդուխանյանը «Օրդ գրուպ» և «Օրդ շին» ընկերությունների սեփականատերն է։ Նա ՔՊ-ի ամենախոշոր նվիրատուն է․ փետրվարին՝ 2․5 մլն դրամ, նոյեմբերին՝ 7․5 մլն։ Օրդուխանյանի առաջին նվիրատվության օրը՝ փետրվարի 11-ին, նվիրատուների ցանկում հանդիպում է նաև Արմեն Մանուկյան անունով նվիրատու։ Նման տվյալներով անձը «Գլ գրուպ» ընկերության սեփականատերն է, որի նախորդ սեփականատերը եղել է Օրդուխանյանի հայրը՝ Լևոն Օրդուխանյանը։ 

«Ոսմար» ընկերության սեփականատեր Գարիկ Հակոբյանը և նրա եղբայրը` Վահիկ Հակոբյանը, մարտի 10-ին նվիրաբերել են 2․5-ական մլն դրամ։ Նրանց հայրը՝ Արտուշ Հակոբյանը, որը ՔՊ կուսակցության անդամ է, փետրվարի 2-ին նվիրաբերել է 20 հազար դրամ, մարտի 5-ին՝ 1 մլն դրամ։ Ճանապարհաշինարարությամբ զբաղվող այս ընկերությունը նախորդ և ընթացիկ տարում պետական կառույցների հետ կնքել է գրեթե 6 մլրդ դրամի 6 պայմանագիր։ 

Եղբայրների փոխանցման օրը՝ մարտի 10-ին, կուսակցությանը 2․5 մլն դրամի նվիրատվություն է կատարել ճանապարհաշինարար մեկ այլ՝ «Քարավան-11» ընկերության սեփականատեր Հակոբ Հակոբյանը։ Արտուշ և Հակոբ Հակոբյանների հայրանունը նույնն է՝ Աշոտ։ 

Իսկ մարտի 7-ին 2,5 մլն դրամի փոխանցում է կատարել Աշոտ Հակոբի Հակոբյանը։ Փորձեցինք կապ հաստատել Հակոբ Հակոբյանի հետ՝ճշտելու՝ Աշոտ Հակոբյանն իր որդի՞ն է, թե՞ ոչ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։ Մինչդեռ Գարիկ Հակոբյանը մեր հարցին ի պատասխան հաստատեց, որ երկու Հակոբյաններն իրար հետ ազգակցական կապ ունեն, սակայն անջատեց հեռախոսը, երբ խնդրեցինք հստակեցնել կապը։ 

«Քարավան-11»-ը հիմնադրվել է 2002 թվականին և ոլորտի առաջատարներից էր Արցախում։ Ընկերությունը շարունակում է պետական խոշոր պայմանագրեր կնքել նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այսպես, ընկերության հետ կնքվել է շուրջ 3․5 մլրդ դրամի 5 պայմանագիր։

«Ալմի» ընկերություն սեփականատեր Ահարոն Հարոյանը ՔՊ-ին նվիրաբերել է 1 միլիոն դրամ։ 2024-2025 թվականներին ընկերությունը Հայաստանի տարածքային հիմնադրամի և Անիի համայնքապետարանի հետ կնքել է մոտ 2 մլրդ դրամի 4 պայմանագիր շինարարական աշխատանքների համար։

«ԱՄՎ պարտներ» ընկերության սեփականատեր Արմեն Մինասյանը կուսակցությանը փոխանցել է 750 հազար դրամ։ Մինասյանի ընկերությունը 2025-2026 թվականներին Ջրային կոմիտեի հետ կնքել է 3 մլրդ դրամի 2 պայմանագիր։ Մեր զրույցում Մինասյանն ասաց, որ ընկերությունը նշված ընթացքում մասնակցել է 20-ից ավելի պետական մրցույթների, և որ ինքը նվիրատվությունը կատարել է որպես կուսակցության գաղափարակից՝ անկախ բիզնես գործունեությունից։

«Մաքս ինվեստ», «Դուստր Մոնիկա» և «Սայլենթ Հաուս» ընկերությունների սեփականատեր Մանուկ Հակոբյանը մարտի 10-ին նվիրաբերել է 1 մլն դրամ։ Հակոբյանը հաստատեց, որ ինքն է նվիրատուն, սակայն խնդրեց այլևս չանհանգստացնել իրեն։ 

Նվիրատվություն կատարած գործարարներին և նրանց փոխկապակցված անձանց ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ստորև՝

Արտոնություններ ստացած նվիրատուները

Արսենյաններին և Ալեքսանյաններին փոխկապակցվող ընկերություններից բացի կան նաև այլ մաքսային արտոնություններ ստացած ընկերություններ, որոնք նվիրատվություն են կատարել ՔՊ-ին։ 

«Լենտեքս» ընկերության տնօրեն Կարեն Գոմցյանը մարտի 7-ին 500 հազար դրամ է փոխանցել կառավարող կուսակցությանը։ Կառավարությունն այս ընկերությանը ապրիլի 2-ի նիստում շնորհել է արտոնություն՝ ազատելով սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի ներկրման 40 մլն դրամի մաքսատուրքից։

Նախորդ հոդվածում նշել էինք, որ խոշոր արտոնություններ ստացած «Դուստր Մարիաննա» ընկերության 10% բաժնետեր և ընկերության հիմնադիր Տիգրան Վարդանյանի որդին՝ Ժորա Վարդանյանը, 2023 թվականին կուսակցությանը փոխանցել է 2 մլն դրամ։ Նվիրատվությունից մեկ տարի առաջ ընկերությունը ազատվել էր 2․7 մլրդ դրամի մաքսատուրքից։ Եվս 750 մլն դրամի արտոնությունից ընկերությունն ազատվել է նախորդող տարվա փետրվարին։

Թեպետ Ժորա Վարդանյանն այս անգամ նվիրատվություն չի կատարել, սակայն նվիրատուների ցանկում հանդիպում ենք նրան փոխկապակցված անձի․ Հայկ Մելքոնյանը նոյեմբերի 14-ին ՔՊ-ին նվիրաբերել է 3 մլն դրամ։ Մելքոնյանը տնօրինում է «Բեստպակ» ընկերությունը, որի հիմնադիրը ևս Տիգրան Վարդանյանն է։ «Բեստպակ» ընկերությունը ևս 2022 թվականին արտոնություն ստացած ընկերությունների շարքում է։ Ընկերությունը ստացել է 1․9 մլրդ դրամի արտոնություն սերուցքային կարագի արտադրության մեջ օգտագործվող հումքի ներկրման համար։

41․8 մլրդ դրամի հումքի ներկրման համար 2023 թվականին 4․8 մլրդ դրամի արտոնություն ստացած «Պրոֆ ալ» ընկերության բաժնետեր և տնօրեն Էդգար Ավետիսյանը նույնպես ՔՊ-ի խոշոր նվիրատուներից է։ Նա մարտի 5-ին կուսակցությանը նվիրաբերել է 2 մլն դրամ։ 

Այսպիսով, համանման պաշտոն զբաղեցնող անձանց նվիրատվությունները հաճախ կատարվել են նույն շրջանում և նույն չափով։ Իսկ միևնույն բիզնես շրջանակներից հիմնականում նույն ժամանակահատվածում կատարվել են մեծ թվով նվիրատվություններ։

Հետաքննությանն աջակցել է Ռիմա Գրիգորյանը 

Գլխավոր լուսանկարում՝ ձախից աջ՝ Լևոն Օրդուխանյան, Սամվել Ալեքսանյան, Խաչատուր Սուքիասյան, Վահագն Արսենյան, Նիկոլ Փաշինյան


Առաջարկում ենք կարդալ՝

Սինքրոն նվիրատվություններ ՔՊ-ին. 5 օրում՝ առնվազն 23 բժշկական կենտրոնի տնօրեն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռոբերտ Կադարյանը՝ ՔՊ նվիրատուների ցանկում

 

Թողնել մեկնաբանություն