news.am Առավոտյան այստեղ մուտք են գործել մի խումբ մարդիկ, ներկայացել են ԱԱԾ–ի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, ինձ տվել են դատարանի որոշում, որով իրավունք ունեն խուզարկել «Արմատ մեդիա»–ի խմբագրությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 5–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Արմատ մեդիա» լրատվական գործակալության խմբագիր Աղավնի Սուքիասյանը։
«Այս սենյակ մտնելու հաջորդ րոպեին առգրավել են իմ հեռախոսը, առգրավել են «Արմատ մեդիայի» բոլոր աշխատակիցների հեռախոսները՝ թվով 11 հեռախոս։ Ներկայացրել են դատարանի որոշում, որտեղ գրված է, որ իրավունք ունեն այս հասցեում, «Արմատ մեդիայի» խմբագրությունում առգրավել համակարգիչներ, կրիչներ և հեռախոսներ։ Այդ հիմքով վերցրել են բոլորի հեռախոսները։ Նաև տարել են իմ և Նելլի Ավետիսյանի համակարգիչները, ասելով, որ դրանք այս հասցեում են, հետևապես ենթակա են առգրավման։
Իրենք պատուհանով գնացին կողքի սենյակ՝ այնտեղ խուզարկություն իրականացնելու համար։ Չուզեցին դռնով դուրս գալ, քանի որ այնտեղ լրատվամիջոցներ կան։
Այս պահին «Արմատ մեդիայի» աշխատանքը կաթվածահար է, մենք չենք կարող աշխատել, կայքը չի կարող գործել, հաղորդումներ չենք կարող ունենալ։
Ես հրաժարվել եմ հայտնել իմ հեռախոսի գաղտնաբառը։ Անգամ այն աշխատակիցները, որոնք տվել են իրենց հեռախոսների գաղտնաբառը, որպեսզի հեռախոսը զննվի և վերադարձվի, անգամ նրանց հեռախոսները այս պահին առգրավված է։
Դատարանի որոշման մեջ գրված էր, որ Ալիկ Ալեքսանյանի գործով դատարանը իրենց տվել է թույլատվություն խուզարկել «Արմատ մեդիայի» խմբագրությունը։ Ուժային համակարգի ներկայացուցիչները, ըստ դատարանի որոշման, այս տարածքում պետք է փնտրեին կրիչներ, համակարգիչներ, հավաքներին մասնակցելու երթուղիներ, աշխատակիցների աշխատավարձի վերաբերյալ փաստաթղթեր»,–ասաց նա։
Խմբագիրը նկատեց, որ «Արմատ մեդիայի» կողմից որևէ փաստաբան դեռ տեղ չէր հասել, նրանք իրենց հետ բերել էին կրիչ, միացրել էին աշխատանքային համակարգչին, հավանաբար որոշակի ինֆորմացիաներ այդ կրիչի վրա տեղափոխելու համար. «Առաջին բանը, որ արել են, մտել են համակարգչում մեր սոցցանցի էջեր, և իրենց հետ բերած կրիչը միացրել են մեր աշխատանքային համակարգչին։ Մենք չգիտենք իրենց բերած կրիչի վրա ի՞նչ ինֆորմացիա կա, որը գուցե ներբեռնել են մեր համակարգիչ»,– ընդգծեց Աղավնի Սուքիասյանը։
Իր հերթին «Արմատ մեդիայի» գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանն ասաց. «Սա իշխանությունների պայքարն է ընդդեմ ազատ լրատվամիջոցի, ազատ խոսքի, և սրան պետք է միջազգային հանրությունը կոնկրետ արձագանքի։ Սա այն նախադեպն է, որը հաջորդեց երեկվա մեծ բանավեճին, և այս ստացվում է այնպես, որ մեծ բանավեճից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը հստակ պարտվեց իր խոսքով, այսօր արդեն հարձակում գործեց լրատվամիջոցի և ազատ խոսքի դեմ։ Սա միայն քաղաքական է, այստեղ մեդիայի աշխատանքի հետ կապված ոչ մի խնդիր չկա, միայն քաղաքական շահի սպասարկումն է ընտրություններից առաջ, որպեսզի մենք չկարողանանք աշխատել»։
Հարցին՝ խմբագրությունը ի՞նչ կապ կարող էր ունենալ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքի հետ, Սուքիասյանը պատասխանեց. «Ես չգիտեմ։ Ալիկ Ալեքսանյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել հայտարարագիր, որտեղ գրված է, որ Ալիկ Ալեքսանյանը «Արմատ մեդիայի» սեփականատերն է։ Այսինքն Ալիկ Ալեքսանյանը որևէ բան չի թաքցրել»։
Այդ պահին ՔՆնչական կոմիտեի ներկայացուցիչը խնրդեց բոլորին դուրս գալ սենյակից, քանի որ քննչական գործողություն է իրականացվում։