Առանց ծուխ միջավայրի փորձը Շվեդիայում. Հարցազրույց «Ֆիլիպ Մորրիս» ընկերության Օրալ արտադրության նախագահ Նիկոլաուս Ռիկեթսի հետ

Գործընկերային բովանդակություն

Մայիսի 19-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցավ «Technovation» կոնֆերանսը՝ PMI-ի գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտներում առաջատար գլոբալ միջոցառումը։ Կոնֆերանսի վայրը պատահաբար չէր ընտրված: Ստոկհոլմի փողոցներում զբոսնելիս՝ այգիներում, նստարանների տակ կամ շենքերի անկյուններում ծխախոտի մնացուկներ չեք գտնի, ծխող մարդիկ՝ ևս։ Տեղացիներն անգամ կատակում են՝ «եթե Ստոկհոլմում ծխող մարդ եք տեսնում, ամենայն հավանականությամբ զբոսաշրջիկ է»։ 

Սկանդինավյան այս երկրում անծուխ նիկոտին պարունակող բարձիկների՝ սնուսի անվանդույթը հարյուրամյակների պատմություն ունի. դեռ 1700-ականներին այն արդեն լայն տարածում ուներ Շվեդիայում կանանց և տղամարդկանց շրջանում, իսկ դրանց ոսկեզօծ կամ արծաթապատ տուփերը վերածվել էին հասարակության մեջ ունեցած դիրքը ցուցադրելու թանկարժեք աքսեսուարի։ Այսօր արդեն անծուխ նիկոտինային բարձիկների տուփերով Շվեդիայում ոչ ոքի չես զարմացնի, մինչդեռ Շվեդիան զարմացնում է ծխելու մակարդակի նվազեցման տպավորիչ ցուցանիշներով։

Կոնֆերանսից հետո լրագրողները հնարավորություն ունեցան շփվելու «Ֆիլիպ Մորրիս» ընկերության Օրալ արտադրության նախագահ, Swedish Match ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաուս Ռիկեթսի հետ։ Ռիկեթսի հետ հարցազրույցը որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

Շվեդիան հաճախ է հիշատակվում, որովհետև այստեղ ծխելու մակարդակը ցածր է, իսկ սնուսը և նիկոտինային բարձիկները լայնորեն տարածված են։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է իրական բանալին՝ արտադրա՞նքը, կարգավորո՞ւմը, սպառողների վարքագի՞ծը, թե՞ բոլորը միասին։ 

– Բոլորը միասին։ Իհարկե, կարգավորումը եղել է այս երևույթի հիմնաքարը։ Ինչո՞ւ է այն հիմնաքար։ Որովհետև Շվեդիայի ռազմավարությունը միշտ հիմնված է եղել փաստերի, ապացույցների և գիտության վրա։ Եթե նայենք Շվեդիայում ծխելու ցուցանիշները, 1980-ականներին չափահաս բնակչության մոտ 35%-ն էր ծխում, այսօր՝ 5%-ը։ Եթե նայեք Եվրոպայի մնացած հատվածին, ցուցանիշները 20-40% միջակայքում են։ Ինչո՞ւ է Շվեդիայում այդքան ցածր, իսկ Եվրոպայի մնացած մասում՝ զգալիորեն բարձր։ Պետք է ինչ-որ պատճառ լինի. միայն սպառողի վարքագիծը չէ։ Ակնհայտ է, որ կարգավորումները մեծ դեր են խաղացել, բայց՝ զուգորդված նորարարության հետ։ Եղել է նաև որոշակի մշակութային ճնշում, որովհետև մարդիկ, հավանաբար, մյուս երկրներից ավելի լավ են հասկացել, կառավարությունն էլ շատ ավելի հստակ է տեղ հասցրել այն փաստը, որ ծխելը վատ սովորություն է։ Եվ իսկապես, ծխելը հիվանդությունների պատճառ է հանդիսանում։ Եվ այստեղ այնպես արեցին, որ ծխելը «զիլ» բան չհամարվի։ Ծխելն իսկապես [Շվեդիայում] ընդունված չէ հանրության կողմից։ Այսինքն՝ եթե դու ծխող ես, շվեդների համար դա նշանակում է, որ դու կամ անպատասխանատու մարդ ես, կամ հավանաբար օտարերկրացի։ Շվեդիայում այդպիսի մտածելակերպ էր ձևավորվել։ Թութունի օգտագործումն ընդունված է եղել, բայց շվեդական սնուսի տեսքով։ Եվ դա տասնամյակներ շարունակ այդպես է եղել։ Մոտ 10 տարի առաջ Շվեդիայում ներկայացվեցին նաև նիկոտինային բարձիկները։ Երբ դրանք հայտնվեցին, մարդիկ դրանցում տեսան արդեն ծանոթ ձևաչափ։ Բայց այս անգամ առանց թութունի՝ միայն նիկոտինով։ Եվ շատերը, ովքեր օգտագործում էին ավանդական սնուսը, անցան նիկոտինային բարձիկներին։ Մյուս ծխողները նույնպես դրանց մեջ այլընտրանք գտան, քանի որ շվեդական սնուսն էլ բավականին յուրահատուկ արտադրանք է․ այն ունի ուժեղ հոտ, և բոլորին չէ, որ դա դուր է գալիս։ Իսկ նիկոտինային բարձիկների համային հավելումները նույնպես օգնում էին, որ ծխողները կատարեն այդ անցումը, սկսեն օգտագործել նիկոտինային բարձիկներ և նվազեցնեն ծխախոտի օգտագործումը։ Այս ամենն իսկապես երկար ճանապարհ էր։ 

Այսօր շատ լսեցինք Շվեդիայի փորձի մասին։ Բայց Հայաստանը Շվեդիա չէ, Հայաստանը Ճապոնիա չէ։ Եվ Հայաստանում մարդիկ միշտ չէ, որ նույնչափ պատասխանատու են իրենց և մյուսների առողջության նկատմամբ։ Այսօր լսեցինք նաև Իտալիայի փորձի մասին։ Մենք հաճախ ասում ենք, որ իտալիացիների և հայերի մտածելակերպը բավականին մոտ է։ Ինչպե՞ս եք տեսնում անծուխ արտադրանքների ապագան Հայաստանի նման երկրներում։

Տեսեք, կարող եմ ասել, որ Իտալիայում էլ սկզբում հեշտ չէր։ Իտալացիներն էլ շատ կապված են իրենց ավանդույթներին և սիրում են իրենց ծխախոտը։ Նրանք ընդհանրապես բաց չէին ծխախոտի տաքացման համակարգերի կամ ցանկացած այլ նորարարական արտադրանքի հանդեպ։ Միջերկրածովյան բազմաթիվ երկրներում էլ այդպես է։ Բայց եթե նայեք Իտալիային 10 տարի անց, կտեսնեք անծուխ այլընտրանքների զանգվածային ընդունում․ թե՛ ծխախոտի տաքացման համակարգերը, թե՛ էլեկտրոնային ծխախոտները, և այժմ նաև նիկոտինային բարձիկները։ Բոլոր երեք կատեգորիաներն էլ Իտալիայում կան, կարգավորվում են և ունեն արտադրանքի ստանդարտներ։ Եվ ծխողները աստիճանաբար անցում են կատարում դրանց։ Չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու նույնը չի կարող կրկնվել Հայաստանի նման երկրներում։ Հարցը ոչ թե «եթե»-ն է, այլ «երբ»-ը։ Այսօր մենք ապրում ենք հիպերկապակցված աշխարհում։ Հայաստանում չափահաս ծխողները բոլորն ունեն սմարթֆոններ, ինտերնետ։ Շատերը նաև կարդում և հասկանում են անգլերեն կամ այլ լեզուներ։ Նրանք տեսնում են, թե ինչ է կատարվում աշխարհում։ Եվ կգա մի պահ, երբ կասեն․ «Ինչո՞ւ այս հետաքրքիր արտադրանքները հասանելի են այլ երկրներում, բայց ոչ մեր երկրում»։ Կարծում եմ՝ կարգավորող մարմիններն էլ պետք է այդպես նայեն հարցին։ Եվ վստահ եմ՝ ձեր կառավարությունում էլ կան մարդիկ, որոնք հասկանում են դա։ Մի պահ նրանք էլ կասեն․ «Լավ, եթե այս արտադրանքներն այդքան մեծ ազդեցություն ունեն հանրային առողջության վրա, ինչո՞ւ մեր քաղաքացիներին չեն առաջարկվում»։ Կարծում եմ՝ սա ճանապարհ է, որով պետք է անցնենք։ Եվ այն սկսելու համար պետք է լինի շատ ակտիվ երկխոսություն արտադրողների, լրատվամիջոցների և կառավարությունների միջև։ Լրատվամիջոցներն, իհարկե, կօգնեն մեզ փոխանցել այդ ուղերձը։ Եվ դրան զուգահեռ պետք է նաև կրթական աշխատանք կատարել կառավարության հետ, որպեսզի նրանք ուսումնասիրեն տվյալները, որոշ դեպքերում նաև իրենք ուսումնասիրեն արտադրանքները։ Ես միշտ սիրում եմ կարգավորողներին ասել․ «Չեմ խնդրում ինձ հավատալ։ Խնդրում եմ ստուգել այն, ինչ ասում եմ»։ Վերցրեք արտադրանքը, վերլուծեք այն։ Երբ արդյունքները ստանաք, համեմատեք իմ արդյունքների հետ և կհասկանաք, որ դրանք նույնն են։ Կտեսնեք, որ այս արտադրանքները լրիվ այլ են թունավոր նյութերի պարունակության տեսանկյունից։ Օրինակ, ծխախոտի տաքացման արտադրանքներում քաղցկեղածին նյութերի 95% նվազում կա։ Սա ահռելի տարբերություն է։ Սար ու ձոր։ Չի կարելի անտեսել դա։ Գիտնական պետք չէ լինել հասկանալու համար, որ այս արտադրանքը զգալիորեն պակաս վնասակար է, քան սիգարետը, չէ՞։ Եվ որքան շատ նման տվյալներ լինեն, այնքան ավելի հստակ կլինի միտքը․ «Լավ, հիմա սա գիտեմ։ Ինչպե՞ս այս արտադրանքները բերել շուկա և հասանելի դարձնել սպառողներին»։ Հետո գալիս է երկրորդ փուլը, երբ պետք է սկսել կրթել բնակչությանը՝ ինչ տարբերակներ ունեն ծխելը թողնելու համար։ Այսօր բոլորը գիտեն, որ ծխելը սպանում է։ Ծխելը վնասակար է։ Եթե դու մոլի ծխող ես, 5, 10, 15, 20 տարի հետո ինչ-որ պահի օրգանիզմդ այլևս չի դիմանա։ Եվ այդ ժամանակ սկսվում է հիվանդությունների մեխանիզմը։ Գիտությունն այստեղ հստակ է։ Մենք ունենք մեր գիտական ուսումնասիրությունները։ Բայց նաև բազմաթիվ անկախ կառույցներ և գիտական համայնքներ են ուսումնասիրություններ իրականացրել։ Այսինքն՝ ծխելու և առողջության վերաբերյալ աշխարհում ահռելի գիտելիք կա։ 

Մեկ հարց էլ հանրության հետ հաղորդակցության մասին։ Նիկոտինի մասին այնքան քննարկումներ կան։ Ինչպե՞ս եք խոսում դրա մասին։ 

– Գիտեք, սա շատ տաբու թեմա է։ Եվ ես միշտ փորձում եմ կոտրել այդ տաբուն։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նիկոտինի շուրջ ազնիվ խոսակցություն ունենալ։ Եթե տասը մարդու հարցնեմ՝ ինչ է նիկոտինը, հաճախ կստանամ տասը տարբեր պատասխան։ Ես միշտ ասում եմ՝ սա աշխարհի ամենաշատ թյուրըմբռնված բանն է։ Եվ դա նաև սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվության հետևանք է։ Կարևոր է նշել, որ նիկոտինը անվնաս չէ և կախվածություն է առաջացնում, սակայն կա մի բան, որի շուրջ բոլորը համաձայն են. նիկոտինն ինքնին քաղցկեղածին չէ։ Նշանակում է՝ նիկոտինը կապված չէ քաղցկեղի հետ։ Նիկոտինը քաղցկեղ չի առաջացնում։ Այն ալկալոիդ է։ Այո, նիկոտինը հաճախեցնում է սրտի զարկերը։ Եթե ունեք սրտային խնդիրներ, հղի եք և այլն, չպետք է օգտագործեք նիկոտին։ Բայց այն քաղցկեղ չի առաջացնում։ Սա ասում ենք մենք, սա ասում են բոլոր հեղինակավոր առողջապահական կազմակերպությունները։ Եվ աշխարհի բազմաթիվ գիտական համայնքներ նույնպես ընդունում են, որ նիկոտինը քաղցկեղածին չէ։ Սա ինձ համար մեկնարկային կետ է։ Եթե նիկոտինը քաղցկեղ չի առաջացնում, ապա ինչո՞ւ եք դեմ նիկոտինի շուրջ նորարարությանը։ Մենք բոլորս պետք է բաց լինենք նիկոտինի շուրջ նորարարության հանդեպ։ Եթե ծխողը ծխախոտ է օգտագործում, որովհետև նիկոտին է ուզում, ապա տվեք նրան նիկոտինը այն ձևով, որ ստիպված չլինի ծխել։ Ճի՞շտ է։ Եթե նայեք նիկոտինային բարձիկներին, այնտեղ կան սննդային կարգի բաղադրիչներ, համային հավելումներ և նիկոտին։ Եթե նայեք այդ արտադրանքի վնասակարության մակարդակին՝ ծխախոտի համեմատ, այն մոտ 99%-ով ավելի ցածր է։ Ինչո՞ւ նման արտադրանքը չպետք է թույլատրվի վաճառել ծխողներին։ Դա անհեթեթ է, չէ՞։ Տրամաբանական է, որ պետք է թույլատրվի։ Բայց որպեսզի վաճառվի, պետք է լինեն արտադրանքի ստանդարտներ, սահմանափակումներ նիկոտինի մակարդակի վրա, որոշ սահմանափակումներ համերի վերաբերյալ։ Իհարկե, ես չեմ ուզում, որ նիկոտինային բարձիկները վաճառվեն մաստակի նման։ Որովհետև չենք ուզում գրավիչ լինել երեխաների կամ անչափահասների համար։ Այս արտադրանքները պետք է վաճառվեն միայն ծխողներին։ Այդ պատճառով էլ մեր բոլոր կոմերցիոն ծրագրերը նախատեսված են հենց ծխողների համար։ Բայց դրա համար պետք են ճիշտ արտադրական ստանդարտներ։ Մենք միշտ առաջարկում ենք այն, ինչը, մեր կարծիքով, պատասխանատու մոտեցում կլինի այս արտադրանքները շուկայավարելու համար։ Եվ բազմաթիվ երկրներում արդեն ընդունվել են նման չափանիշներ։ Տասնյակ երկրներում։ Այնտեղ, որտեղ կարողանում ենք արտադրանքը վաճառել և կրթել սպառողներին, շատ ոգևորիչ արդյունքներ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ ծխողները աստիճանաբար նվազեցնում են ծխախոտի օգտագործումը։ Իսկ վերջնական նպատակն այն է, որ ամբողջությամբ հրաժարվեն ծխախոտից։ 

Չկա՞ն մտահոգություններ, որ շուկայում կան այլ արտադրանքներ, որոնք չեն համապատասխանում այս կարգավորումներին։ Օրինակ՝ Հայաստանում շատերն անցում են կատարում վեյփերի։ Բայց, որքան հասկանում եմ, կան էժան արտադրանքներ, որոնք կարող են չհամապատասխանել կարգավորումներին։ Չե՞ք կարծում, որ նման արտադրանքները կարող են վնասել անծուխ արտադրանքների հեղինակությունը, հատկապես նրանց, որոնք իսկապես համապատասխանում են այդ ստանդարտներին։ Ինչպե՞ս եք լուծում այս հարցը։ 

– Տեսեք, արգելքները երբեք լավագույն միջոցը չեն սպառողներին կրթելու համար։ Բայց իրականությունն այն է, որ շուկայում եղած շատ էլեկտրոնային ծխախոտներ (չեմ կարող բոլորի մասին խոսել, որովհետև դրանք շատ են) բավականին լավ են պատրաստված։ Թունավորության տեսանկյունից, սիգարետի համեմատ, դրանք զգալիորեն ավելի լավն են։ 

Բայց կարծում եմ մարդկանց հանուն իրենց առողջության ծխելը թողնելու (ոչ թե մի քանի շաբաթով կամ ամսով, այլ հավիտյան) լավագույն արդյունքներն այն երկրներում են, որտեղ կարգավորող մարմիններն իսկապես լայն բացված աչքերով ընդունում են նորարարությունները։ Նրանք տեսնում են նորարարությունը, ուսումնասիրում գիտությունը և ասում․ «Լավ, եկեք հասկանանք, թե ինչպես պետք է այս արտադրանքները շուկայավարել, և ինչ կարգավորում պետք է լինի դրանց շուրջ»։ Դա լավագույն ճանապարհն է։ Ցավոք, անօրինական սիգարետների և էլեկտրոնային սիգարետների երևույթը, որը տեսնում եք Հայաստանում, կա աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Սա Հայաստանի խնդիրը չէ, սա գլոբալ խնդիր է։ Եվ այն ավելի է խորանում, երբ կա արգելք։ Աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք արգելել են էլեկտրոնային սիգարետները, բայց ցանկացած փոքրիկ խանութում կարող ես գնել մեկը։ Դա նույնպես ճիշտ չէ, չէ՞։ 

Եվ ևս մեկ հարց նիկոտինի քաղաքականության մասին։ Տարբեր երկրներում շատ տարբեր մոդելներ կան։ Ձեր կարծիքով ո՞րն է ամենախելացի քաղաքականությունը նիկոտինի շուրջ։  

– Անկեղծ ասած՝ մի քանիսը կան։ Կարծում եմ՝ Իտալիան բավականին լավ է կարգավորել տարբեր արտադրանքային կատեգորիաները։ Դրանք դասակարգված են և ունեն չափանիշներ։ Սա լավ օրինակ է։ Ճապոնիան ևս լավ օրինակ է ծխախոտի տաքացման համակարգերի և նիկոտինային բարձիկների մասով։ Այնտեղ դրանք դասակարգվում են որպես ծխախոտային արտադրանք, որպեսզի սահմանափակումները նույն կերպ կիրառվեն նաև դրանց նկատմամբ՝ գովազդի և այլ հարցերում։ Ճապոնիայի դեպքում դա լիովին տրամաբանական է։ ԱՄՆ մոտեցումն էլ շատ լավն է, որտեղ բոլոր նորարարական արտադրանքները պետք է անցնեն ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վերահսկողության վարչության խիստ ստուգումները, և պետք է ներկայացնել ահռելի գիտական տվյալներ։ Այդ փաթեթի մեջ կան նաև հետազոտություններ, որոնք չափում են՝ արդյոք արտադրանքը գրավիչ է անչափահասների կամ երբեք նիկոտին չօգտագործած մարդկանց համար։ Որպեսզի մարդիկ չմտածեն՝ սա ռիսկ չունի և կարող են պարզապես օգտագործել։ Որովհետև նիկոտինը կախվածություն է առաջացնում, և չես ուզում, որ երբեք նիկոտին չօգտագործած մարդիկ սկսեն այն օգտագործել։ Ամեն ինչ արվում է գիտական խորը մոտեցմամբ։ Մեր ծխախոտի տաքացման արտադրանքն էլ հենց այդ ճանապարհով հաստատում ստացավ։ Դա հսկայական աշխատանք էր։ ԱՄՆ FDA-ն ավելի քան մեկ տարի ստուգայցեր էր իրականացնում՝ այցելելով մեր լաբորատորիաներ, արտադրական գործընթացներ, ուսումնասիրելով կլինիկական փորձարկումները։ Ամեն ինչ ստուգվել է։ Եվ հետո նրանք հայտարարեցին․ «Այս արտադրանքը լրիվ այլ մակարդակի է։ Այն շատ ավելի լավն է, քան սիգարետը։ Պետք է թույլատրել դրա վաճառքը ԱՄՆ շուկայում և թույլ տալ ներկայացնել այն որպես ավելի քիչ վնասակար այլընտրանք»։ Սա հենց այն ձևն է, որով պետք է գործընթացն իրականացվի։ Մոտ մեկ տարի առաջ նույն հաստատումը ստացանք նաև մեր նիկոտինային բարձիկների համար։ Այսինքն՝ կան բավականին լավ օրինակներ, որոնցից կարելի է ոգեշնչվել։ Բայց կան նաև վատ օրինակներ։   […] Ֆրանսիան ինձ հոգեհարազատ երկիր է, որովհետև այնտեղ եմ մեծացել։ Բայց նրանք ամբողջովին աչք են փակում նորարարության վրա։ Եվ հիմա այնտեղ ծխախոտի շուկայի մոտ 40%-ը անօրինական է, քիչ է վնասը նվազեցնող արտադրանքների ընդունումը։ Շատ ֆրանսիացիներ ապրում են լիակատար անտեղյակության պայմաններում։ Նրանք նույնիսկ տեղյակ չեն այս արտադրանքների գոյության մասին և լիովին շփոթված են՝ արդյոք դրանք իսկապես ավելի լավն են իրենց համար։ Որովհետև չափազանց շատ ապատեղեկատվություն կա։ Եթե որևէ խորհուրդ տայի երկրներին, կասեի՝ մի հետևեք ֆրանսիական մոդելին, որովհետև պատին եք բախվելու։  

Կոնֆերանսի ավարտին Դուք ասացիք, որ մի օր ծխախոտը կարող է դառնալ թանգարանային նմուշ։ Իսկ կարո՞ղ ենք պատկերացնել այնպիսի ապագա, որտեղ մարդիկ ընդհանրապես կդադարեն նիկոտին օգտագործել։ Ծխելը շատ ժամանակ կապված է մարդկանց սոցիալիզացիայի հետ, և եթե այդ բաղադրիչը վերանա նիկոտինային բարձիկների օգտագործմամբ, մարդիկ գուցե պարզապես որոշեն՝ «ինձ նիկոտին պետք չէ»։ 

– Հեշտությամբ կարող եմ պատկերացնել ապագա, որտեղ մարդիկ նիկոտինը կօգտագործեն այլ ձևով կամ այն կփոխարինեն մեկ այլ ակտիվ բաղադրիչով, որը կօգնի նրանց կյանքի որակը և արդյունավետությունը բարելավել այլ կերպ։ Եթե փորձեք հասկանալ նիկոտին օգտագործողների մտածելակերպը, շատերը կասեն, որ նիկոտինը իրենց որոշակի օգուտներ է տալիս։ Այդպես են արդարացնում իրենց վատ սովորությունը՝ ասելով, որ նիկոտինը օգնում է ավելի կենտրոնացած կամ ավելի սուր մտածել։ Հնարավոր է՝ ապագայում լինեն ավելի լավ ակտիվ բաղադրիչներ, և մարդիկ հեռանան նիկոտինից։ Դա լիովին հնարավոր է։ Բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ առաջիկա 10-20 տարիներին մենք շատ ավելի լավ կհասկանանք հենց նիկոտինը։ Եվ դա շատ կարևոր կլինի՝ հասկանալու համար, թե ինչու են մարդիկ օգտագործում նիկոտին։ 

Շատ շնորհակալություն։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն