Հունիսի 5-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ 7-րդ փողոցում վիճաբանություն է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։
«Ահազանգից կարճ ժամանակ անց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն և նրան հարվածներ են հասցրել։ Նա մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։
Համայնքային ոստիկանության բաժնում տղամարդը հայտնել է նաև, որ չի հարում որևէ քաղաքական ուժի։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել նաև բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնել են, որ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։
Իրականացվում են ստուգողական գործողություններ։ Այս պահին ստացված հաղորդումները փոխանցվում են նախաքննական մարմին»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Ավելի վաղ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել էր, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, ականատեսների վկայությամբ, «սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» կուսակցությունների իրենց թիմակիցների բազմության մեջ»։ ԲՀԿ պատգամավորության թեկնածու Սոնա Աղեկյանն էլ դեպքի վահրից տեսանյութ էր հրապարակել՝ կասկած հայտնելով, որ ՔՊ աջակիցների մեքենան է վրաերթի ենթարկել ընդդիմադիրներին: