Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին՝ 29-րդ օրն է։ Վաղը լռության օր է․ քաղաքական ուժերին օրենքով արգելված է քարոզարշավ իրականացնել։
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Կարապի լճի մոտ այսօր իրականացրել է «ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիա:
«Այսօր կատարելու ենք ավարտական ակցիա, լցնելու ենք մեր բոլորի, մեր ժողովրդի համբերության բաժակը ու ցույց ենք տալու, թե տարիներ ի վեր ինչ է կատարվել մեզ հետ՝ անկախացումից սկսած»,- բարձրախոսով հայտարարել է «Բոլորին դեմ եմ»-ի անդամ Իշխան Գևորգյանը:
Ներկայացնելով, թե Հայաստանի քաղաքական դաշտում ինչեր են տեղի ունեցել Անկախությունից ի վեր, Գևորգյանը ասել է՝ «ի վերջո, ժողովրդի համբերության բաժակը շրջվեց, և ջուրը թափվեց»: Նա կոչ արեց դեմ քվեարկել «ստին, կեղծիքին, սուպերվարչապետությանը»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների հաղթողը լինելու է ժողովուրդը, քանի որ հենց քաղաքացիներն են որոշելու երկրի հետագա քաղաքական ուղղությունը։
«Պայմանական 3 միլիոն վարչապետները առաջիկա ընտրություններում գնալու են ու որոշեն, թե առաջիկա 5 տարիներին ով է այն մեկը և այն քաղաքական թիմը, որ անելու է այն աշխատանքը, որը իրենք ուզում են»,- ասել է Փաշինյանը։
«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարել է, որ ահազանգեր է ստացել, որ Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից (համայնքապետարան) հանձնարարել են գնալ այսօր հանրապետության հրապարակ՝ ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ։
«Այսպիսի ահազանգեր բազմաթիվ ենք ստանում։ Տեղի է ունենում վարչական ռեսուրսի համատարած կիրառում»,- հայտնել են կուսակցությունից:
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ամփոփիչ հավաք է անցկացրել Երևանում: Հավաքի ընթացքում պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանը դիմել է իրենց չսիրողներին, մարդկանց, որ դժգոհ են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից, նաև նրանց, որ չեն ուզում մասնակցել ընտրություններին և ասաց.
«Մենք կարող ենք տարբեր ձև պատկերացնել մեր երկրի ապագան, սխալներ ու բացթողումներ նախկինում ունեցել ենք, նաև այդ սխալների ծնունդն է այսօրվա ապազգային իշխանությունը: Սիրելի հայրենակից, հասկանալով քեզ, քո զայրույթը, խնդրում եմ, մի թող, որ 20 տարի առաջվա սխալը պատճառ դառնա, որ ընտրես հազարավոր զոհերի պատճառ դարձած, Ալիևի մարզպետ Նիկոլին»,- ասել է նա:
Ըստ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդիմությունը մեծ հնարավորություն ունի գալիք խորհրդարանական ընտրություններում հավաքական ձայներով հաղթանակ տանելու իշխող քաղաքական ուժի նկատմամբ։
Այս մասին նա ասել է «Դինամո» մարզադաշտում» նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանդիպումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
Նա նաև նշել է, որ ընդդիմադիր լինելն իր կյանքում նոր փորձ էր. «Ես այն ժամանակ ազգային ազատագրական պայքարից եկա իշխանություն, այսպիսի պրոցեսներով չէի անցել, ընդդիմադիր չեմ եղել, մյուս անկյան տակ չեմ տեսել պրոցեսները։ Ղարաբաղյան շարժում էր, պայքարում էինք և՛ Ադրբեջանի դեմ Սովետի ժամանակ, և՛ սովետական զորքերի վերահսկողության տակ էր այդ ամենը։ Հիմա ընդդիմադիր աչքով այս ամենը տեսա, սա նոր, հետաքրքիր փորձ է, որը չի կարող ինձ վրա ազդեցություն չունենալ»,- ասել է Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե շատերը քննադատում են, որ իր կառավարման տարիներին ևս այլախոհների նկատմամբ անհանդուրժողականություն կար։
Քոչարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ եզրափակիչ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով կապահովվի խաղաղությունը։
Քոչարյանն ընդգծել է՝ Հայաստանում չկա մեկ այլ քաղաքական գործիչ, որն ունենա այսպիսի փորձ անվտանգության, կառավարման և խոշոր բիզնեսում աշխատանքի ոլորտներում. «Սա եզակի փորձ է, և ես պատրաստ եմ այն, իմ ժամանակը, նյարդերը, ամեն ինչ նվիրել մեր երկրի հաջողությանը։ Այս փորձին ավելացրեք թիմը՝ ուժեղ, համարձակ, պատրա2026Ուժստ՝ արհեստավարժորեն երկիրը դեպի ապագա առաջնորդելու։ Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք»:
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշել է՝ իր առաջնորդած քաղաքական ուժը չի փորձում երիտասարդների ուշադրությունը գրավել ակցիաներով կամ ֆլեշմոբերով։ Նրա խոսքով՝ առաջնայինը գաղափարների, ծրագրերի և քաղաքական օրակարգի բովանդակային ներկայացումն է, քանի որ երիտասարդությունը ցանկացած փոփոխության հիմքն ու առանցքն է։
Պետրոսյանի կարծիքով՝ կրթությունը պետք է լինի հնարավորինս հասանելի, իսկ կրթական համակարգի առանցքում պետք է լինի ազգային բաղադրիչը։
Նրա խոսքով՝ Եվրամիության հետ հարաբերությունները պետք է զարգանան, սակայն հիմա Հայաստանը եվրաինտեգրման գործընթացում չէ այնքան, ինչքան ներկայացվում է։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դիմել է պետական համակարգի աշխատակիցներին՝ հայտարարելով, որ իրենք վերջ են դնելու հովանավորությանը, և պաշտոնի առաջխաղացումը կախված է լինելու միայն անձի պրոֆեսիոնալիզմից, այլ ոչ թե իշխանություններին հաճոյանալուց։
«Ես գիտեմ, որ այսօր ձեզանից շատերի վրա կա ճնշում, գիտեմ, որ տարբեր վերադասներ, իշխանական օղակներ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, պարտադրել, որ ընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Նրանք ձեզ սպառում են աշխատանքից ազատել կամ խնդիրներ ստեղծել։ Այսօր ես ուզում եմ ձեզ ամենայն պատասխանատվությամբ ասել՝ մի վախեցեք, քվեախցիկում դուք մենակ եք ձեր խղճի, ձեր երեխաների ապագայի և ձեր Աստծո առաջ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հաղթանակից հետո մենք արմատապես փոխելու ենք վերաբերմունքը պետական աշխատողի հանդեպ։ Ես երաշխավորում եմ՝ ձեր աշխատավարձերը էականորեն բարձրանալու են, դուք այլևս չեք մտածելու առօրյա ընտանեկան հոգսերի, դժվարության կամ ծանր վարկերի մասին։ Չեն լինելու բազմամիլիոն պարգևավճար ստացող նախարարներ, լինելու են շատ բարձր վարձատրվող և պարգևավճարներ ստացող հասարակ պետական աշխատողներ»,- հայտարարել է նա:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է՝ երեկվա բանավեճը ցույց տվեց, որ ժողովուրդը հնարավորություն ունի խուսափելու քաղաքական անապատից:
Նա ընտրողներին հորդորել է հունիսի 7-ի ընտրությունից առաջ մտածել, թե ով պետք է լինի ԱԺ-ում․ «Մարդիկ, ովքեր բառակույտ են ասում, բայց քաղաքական միտք չկա, մարդիկ, ովքեր դասերը նոր են սովորում կամ բանավեճի ժամանակ են փորձում դասերն անել, մարդիկ, ովքեր ինչ-որ հանցագործությունների մասին հաղորդումներ են տալիս, թե մարդիկ, ովքեր քաղաքական գաղափարներ և ծրագրեր ունեն ու ուզում են դրանք իրականացնել»։
Մարուքյանը նաև հորդորել է ձևավորել մի խորհրդարան, որը ՀՀ քաղաքացիների շահերին է ծառայելու, ոչ թե կորպորատիվ շահերին, սեփական գողոնը պաշտպանելուն, իշխանության սազանդար լինելուն։
Մարուքյանը հայտարարել է՝ չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ քաղաքական ուժի հանեն ընտրապայքարից։
«Առավոտից սկսվել են լայնամաշտաբ ձերբակալություններ և երեկ Փաշինյանը ասում էր մի քանի ուժերի, որ բազմիցս քննարկել ենք՝ ինչպես պետք է ինչ-որ ուժերի հանել ընտրապայքարից։ Բայց ասում է՝ ես ձեզ ասել եմ, որ ես չեմ անելու, դուք գնացեք դիմեք ԿԸՀ։ Ասում է, որ ես անեմ, ասելու են դու վախեցար, նրանք էլ էնտեղ արդարանում են, թե ո՞նց դիմենք»,- այսօր ԱԺ-ի մոտ քարոզարշավի ժամանակ ասել է ԼՀԿ վարչապետի թեկնածուն։
Հիշեցնենք՝ երեկ նախընտրական ամփոփիչ բանավեճի ընթացքում քննարկվել է որոշ կուսակցությունների ընտրություններին մասնակցության հարցը։ Փաշինյանը մյուս քաղաքական ուժերին առաջարկել է զբաղվել այդ հարցով՝ նշելով, որ իր միջամտության դեպքում կարող են հնչել քաղաքական հետապնդումների մասին մեղադրանքներ։
«Հանրապետություն» կուսակցությունը այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով փաստաթղթեր է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Առաջին կետով պահանջում են, որ անվավեր ճանաչվի դաշինքը գրանցելու ԿԸՀ որոշումը, իսկ եթե ԿԸՀ-ն համարի, որ իր որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու համար հիմքերը բավարար չեն, երկրորդ կետով պահանջում են, որ ԿԸՀ-ն դիմի ՀՀ վարչական դատարան
«Արտաքին ազդեցության մասին, ֆինանսական թափանցիկության մասին, խոսույթ կա արտասահմանից ՀՀ քաղաքացիների վրա ճնշում գործադրելով Հայաստան տեղափոխելու մասին… Այս ամենը միտված է խափանելու ընտրությունների բնականոն ընթացքը: Եվ կարծում ենք՝ ՀՀ իշխանությունները ունեցել են անելիք և չեն արել»,- ասել է կուսակցությունից պատգամավորության թեկնածու Գրիգոր Առաքելյանը:
Այս հարցը պետք է հանգուցալուծվի մինչև ընտրությանը նախորդող օրվա ավարտը: Կախված ԿԸՀ որոշումից՝ կուսակցությունը քաղաքական որոշում կկայացնի այն բողոքարկելու կամ չբողոքարկելու:
ԿԸՀ-ից էլ հայտնել են, որ այսօր ժամը 22.00-ին կքննեն «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը։ Նիստը կանցկացվի դռնբաց:
ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել է, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, ականատեսների վկայությամբ, «սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» կուսակցությունների իրենց թիմակիցների բազմության մեջ»։
«Մենք ճշտում ենք դեպքի մանրամասները՝ զուգահեռ հորդորելով իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզել կատարվածի բոլոր հանգամանքները»,- գրել է նա:
ԲՀԿ պատգամավորության թեկնածու Սոնա Աղեկյանը դեպքի վահրից տեսանյութ է հրապարակել՝ կասկած հայտնումելով, որ ՔՊ աջակիցների մեքենան է վրաերթի ենթարկել ընդդիմադիրներին:
«Սիրելի հայրենակիցներ, այս պահին նիկոլականները հենց այս մեքենայով սադրիչ էին ուղարկել, որը վրաերթի ենթարկեց մեր քարոզարշավի անդամներին և հեռացավ։ Ծանր վիրավորում են ստացել քարոզարշավի մեր անդամներից մի քանիսը, այս պահին բոլորին տեղափոխում ենք հիվանդանոց»,- հայտնել է նա:
ՆԳՆ-ն ահազանգ է ստացել Ներքին Չարբախում վիճաբանության մասին։
«Մի տղամարդ հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն և նրան հարվածներ են հասցրել։ Նա մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։ Համայնքային ոստիկանության բաժնում տղամարդը հայտնել է նաև, որ չի հարում որևէ քաղաքական ուժի։
Ահազանգ է ստացվել նաև բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնել են, որ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։ Իրականացվում են ստուգողական գործողություններ։ Այս պահին ստացված հաղորդումները փոխանցվում են նախաքննական մարմին»,- հայտնել են ՆԳՆ-ից:
Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնել են, որ Ներքին Չարբախում տեղի ունեցած վիճաբանության և վրաերթի դեպքով համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենայի վարորդին և ներկայացնում են Քննչական կոմիտե։
Քննչական կոմիտեն առավոտյան խուզարկություններ է իրականացրել «Armat Media» լրատվական գործակալությունում։ Խմբագիր Աղավնի Սուքիասյանը հայտարարել է՝ «Արմատ մեդիա»-ի աշխատանքը հնարավոր չէ շարունակել․ իրավապահներն առգրավել են խմբագրության համակարգիչները:
Սուքիասյանի խոսքով՝ իրավապահ մարմինների ծառայողներն իրենց ներկայացրել են դատարանի որոշում, որտեղ գրված է՝ իրավունք ունեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի գործի շրջանակում «Արմատ մեդիա»-ի խմբագրությունից առգրավել համակարգիչներ, կրիչներ և հեռախոսներ։
«Ուշագրավ է, որ դատարանի որոշման մեջ նշվում էր, որ «Արմատ մեդիա»-ի խմբագրությունում փնտրում են հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կոչին վերաբերող բաներ, աշխատակիցների աշխատավարձերին վերաբերող բաներ, հավաքներին մասնակցելու երթուղիների վերաբերյալ կրիչներ և տվյալներ, ուսումնասիրել են, խուզարկել են այստեղի դարակները»,- մանրամասնել է Սուքիասյանը։
ՄԻՊ-ը ուսումնասիրություն է իրականացնում «Արմատ մեդիա»-ում կատարված գործողությունների առնչությամբ։
Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով ՄԻՊ աշխատակազմը կապ է հաստատել «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագիր Աղավնի Սուքիասյանի հետ։
Ստացված տեղեկությունների և իրավասու մարմինների տրամադրած պարզաբանումների հիման վրա հարցը կդիտարկվի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր։
Հակակոռուպցիոն կոմիտեն էլ նոր ձայնագրություններ է հրապարակել ընտրակաշառքի հերթական գործով, որի շրջանակում կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը։
Ընդհանուր առմամաբ՝ գործի շրջանակում ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով 4 անձ է ձերբակալվել, նրանցից 2-ի նկատմամբ է այս պահին կիրառված խափանման միջոց կալանքը:
Հակակոռուպցիոն կոմիտեն նաեւ հաղորդել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ Զեյթունի գրասենյակի պատասխանատու անձինք, համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք։
Ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերի առթիվ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնցից 2-ը կալանավորվել են։
Մեկ այլ հաղորդագրությամբ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրություններին իրենց դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Գլխավոր դատախազությունը հայտարարել է՝ ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչ այսօր դատարան է հանձնվել ընտրական հանցագործություններին վերաբերող 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ:
Ապրիլի 1-ից սկսած՝ «Ականատես» դիտորդական առաքելության կողմից ամենաշատ արձանագրված դեպքերը կրթական հաստատությունների և մասնավորապես նաև երեխաների, անչափահասների ներգրավումն են քարոզչական միջոցառումներում։
Երեխաների ներգրավում քարոզչական միջոցառումներում արձանագրվել է իշխող ՔՊ կուսակցության, «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից: «Հայաստան» դաշինքի, ԲՀԿ-ի և «Միասնության թևերի» հանրահավաքներում ևս նկատել են երեխաների և անչափահասների կազմակերպված մասնակցության դեպքեր:
Վարչական ռեսուրսի օգտագործման մասով արձանագրել են դեպքեր, երբ կառավարության, պետական, համայնքային մարմինների կողմից ընդունվել են որոշումներ, որոնք եղել են բավականին բարենպաստ և կարող էին առնվազն ընկալվել և ընկալվել են որպես ընտրողների աջակցությունը խթանելու գործողություններ, մասնավորապես՝ կենսաթոշակների, հաշմանդամության նպաստի, աշխատավարձերի բարձրացման հետ կապված նախաձեռնությունները, էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեխանիզմների ներմուծումը և այլն:
ՆԳՆ ոստիկանությունը հիշեցրել է՝ քվեարկության օրը արգելվում է տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը:
Ընտրատեղամասի տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից: