«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնել է, որ ընտրական տեղամասերից մեկի մոտակայքում դանակահարության դեպք է գրանցվել։
«Մեր դիտորդներն արձանագրել են արտակարգ դեպք 8/24 տեղամասի հարակից տարածքում։ Տեղի է ունեցել դանակահարություն։ «Ականատեսը» դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը և նյութերը փոխանցել է իրավապահ մարմիններին։ Դեռևս հնարավորություն չի եղել պարզել, թե արդյոք միջադեպը կապված է ընտրական գործընթացի հետ»,- նշում են դիտորդական առաքելությունից։
Միջադեպին արդեն արձագանքել է ՆԳՆ ոստիկանությունը՝ հայտնելով, որ բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ ժամը 19.55-ին կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի երիտասարդ։
«Արտաշիսյան փողոց մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։ Ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են։
Դեպքից որոշ ժամանակ անց ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն»,- նշված է տարածված հաղորդագրությունում։