«Նժար» սահմանադրական շարժման ղեկավար, «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը աննախադեպ է համարել ձայների 10% հաշվարկի պայմաններում իշխանության ներկայացուցիչների՝ ընտրություններում հաղթելու մասին հայտարարությունը:
Նշենք, որ երեկ՝ ժամը 02:00-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, ասուլիս էր հրավիրել ու հայտարարել, որ իրենք հաղթել են ընտրություններում և կձևավորեն Կառավարություն:
«Մենք երբևէ նախկինում չէինք ունեցել իրավիճակ, երբ մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքները հայտարարելը որևէ իշխանություն, որևէ մինչ այս պահը հայտնի մեզ իշխանություններից 1-ը հայտարարեր հաղթանակի մասին»,- հայտնել է Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ այդ ամբողջ ընթացքում փաստորեն կանգնեցվել էր հաշվարկը, և որևէ թիվ չէր հրապարակվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։
«Սա ուրիշ բանի մասին է խոսում. բացի նրանից, որ տեղի է ունեցել ազդեցություն ընտրական 2-րդ՝ հաջորդ փուլի վրա, ասել է թե ձայների հաշվարկի վրա, շատ մեծ հավանականություն կա, որ տեղի են ունեցել խախտումներ, մեծ խախտումներ. ուրիշ բանի մասին ուղղակի չի կարող խոսել»,- նշել է նա:
Կարապետյանցը այսօր՝ ժամը 19:00-ին, բոլոր ուժերի հրավիրել է Ազատության հրապարակ՝ միասին վերահաշվարկ կատարելու և հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել:
Նա հստակեցրել է, որ այս հայտարարությունն անում է «Նժար» սահմանադրական շարժման անունից: