արփինե սարգսյան աաժ

Երեխայի վիճակը արդեն փոփոխության է ենթարկվել, նա որոշակի տվյալներ է հաղորդել. ՆԳ նախարարը՝ օրգանիզմում թմրամիջոց հայտնաբերված երեխայի մասին | 1lurer.am

1lurer.am  Դեպքը մեզ համար մտահոգիչ է, որովհետև առաջին անգամ է կարծես թե նմանատիպ իրավիճակ, երբ ունենք այսպիսի դեպք: Ամբողջ իրավապահ համակարգն այս պահի դրությամբ պատշաճ կերպով դիտարկում է դեպքը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Աշտարակի Օրգով գյուղի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտի՝ դպրոցական էքսկուրսիայից հետո հիվանդանոցում հայտնվելու դեպքին։

«Ունենք հաղորդում, որը փոխանցել ենք քննչական մարմին, ոստիկանությունը օպերատիվ-հետախուզական ինտենսիվ աշխատանքներ է տանում: Սկզբից ունեինք նույնականացված անձ, բայց կարծես թե փաստերը բավարար չէին եղել, որ վստահ լինեինք, որ տվյալ անձի կողմից է կատարվել: Ուզում եմ նշել՝ փորձաքննության արդյունքում թմրամիջոցի հետք է նախնական տվյալներով հայտնաբերվել: Այս պահի դրությամբ աշխատում ենք, որ տեսնենք՝ ամբողջ պատկերն ինչպիսին է, և արագ գնանք առաջ: Վստահ եղեք, որ հարցը իմ հսկողության ներքո է գտնվում, և ցանկացած ճշգրիտ ինֆորմացիա ունենալու դեպքում կհանրայնացնենք»,- նշեց նախարարը:

«Տարբեր հանգամանքներ ենք քննարկել, քանի որ էքսկուրսիա էին գնացել տվյալ դասարանով, ուսուցիչները ևս ուղեկցել էին, տարբեր վարկածներ կային՝ կապված միջավայրի հետ, բայց այս պահին թույլ տվեք ձեռնպահ մնալ որևէ բան հայտարարելուց, որովհետև ի սկզբանե վարկածներ կային, որոնք հերքվեցին. շարունակենք աշխատանքը, անպայմանորեն կհանրայնացնենք»,- ասաց նա:

Արփինե Սարգսյանը հայտնեց, որ նմանատիպ դեպք դպրոցում չկա, բայց միանշանակ է, որ ամբողջ դասարանին և դպրոցին են նաև ուշադրության կենտրոնում պահել, որպեսզի հասկանան ռեալ պատկերը ինչպիսին է:

«Այս դեպքը իրավապահ համակարգի ամբողջ ուշադրության կենտրում է, և վստահ եմ, որ կարճ ժամանակ անց ամբողջ պատկերով հանդես կգանք հայտարարությամբ:

Այս պահի դրությամբ երեխայի վիճակը, ըստ մեր տեղեկությունների, արդեն իսկ փոփոխության է ենթարկվել: Որոշակի շփումներ եղել են, նա որոշակի տվյալներ է հաղորդել»,- նշեց ՆԳ նախարարը:

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը 2 օր առաջ ահազանգել էր, որ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել՝ նշելով, որ երեխան դպրոցական էքսկուրսիայից հետո է հայտնվել հիվանդանոցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն