1lurer.am Առաջին բանը, որ ուզում եմ ասել 2025 թվականի պետական բյուջեի մասին, հետևյալն է, որ ըստ էության՝ մի շրջադարձային գիծ ենք անցել, որովհետև 2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները ավելացրել ենք 135 տոկոսով, ինչը նշանակում է, որ կարող ենք արդեն վստահ պնդել՝ հեղափոխությանը հաջորդող 8 տարիների ընթացքում ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտները կրկնապատկվել են: Այս մասին 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ըստ էության, 2024 թվականին էլ ֆորմալ առումով դա կարող էին ասել, որովհետև 2024-ի պետբյուջեի եկամուտները 2017-ի համեմատ ավելացել էին 106 տոկոսով:
«2017 թվականից մենք, արդեն գնաճի ամբողջ ցուցանիշը հանած, կարող ենք ասել, որ 2025 թվականը այն տարին է, որտեղ մենք բոլոր պարամետրերով 2017-ի համեմատ պետբյուջեի հարկային եկամուտները կրկնապատկել ենք: Սա իսկապես կարևորագույն ցուցանիշ է»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ չնայած թվային ցուցանիշ է, սակայն ունի մեծ բովանդակություն:
Նրա խոսքով՝ այդ բովանդակությունն առաջին հերթին մեր տնտեսության աճն է, ինչը հնարավորություն է տալիս անցում կատարել դեպի նոր օրակարգ, որը մենք ձևակերպել ենք որպես նոր որակի պետության ձևավորման օրակարգ:
«2025-ը այն տարին է, որտեղ մենք լիարժեք արձանագրեցինք, որ ունենք հաստատված խաղաղություն ու ըստ էության՝ հակամարտության ավարտ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պետք է արձանագրենք, որ 2026-ին այդ փաստը լեգիտիմություն ստացավ և վերարձանագրվեց ՀՀ ժողովրդի կատարած ընտրությամբ և քվեարկությամբ, որովհետև 2026-ի ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը»,- ընդգծեց վարչապետը: