IMG_4541

«Նորմալ գործընթաց է». Փաշինյանը նվաստացուցիչ չի համարում ընտրությունների ֆոնին Գրիգորյան-Հաջիև հանդիպում կազմակերպելը

Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա արդյոք հետաքրքրություն, այսինքն շոշափի՝ նման հանդիպման անհրաժեշտություն կա, թե ոչ:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ում նախաձեռնությամբ է կայացել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը Դիլիջանում:

Անդրադառնալով հարցին, թե նվաստացուցիչ չի՞ համարում Գրիգորյան-Հաջիև հանդիպմանը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ քննարկումները, Փաշինյանը պատասխանել է.

«Մենք և՛ Ադրբեջանի փորձագիտական և՛ Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող էին սրել իրավիճակը, և մենք, ինչպես և պարտավոր էինք, զբաղված էինք իրադրության կառավարմամբ: 

Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել: Մյուս կողմից դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բնոլոր երկրների հետ հիմնականում դրա մասին է՝ կողմերը իրենց դիրքորոշումներն ու մտահոգությունները իրար համար պարզաբանում են:

Ինչ դուք անվանում եք նվաստացուցիչ, ոչ մեկը ոչ մի բան բացատրություն չի տալիս: Աշխարհի բոլոր երկրների բանակցությունները դրա մասին են՝ միմյանց դիրքորոշումները, ռազմավարությունները, պլանները և միմյանց մտահոգող հարցերը բարձրացվում են:

Մենք մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում, բայց մյուս կողմից մենք ամբողջ աշխարհի հետը այդ թվում քաղաքական հետևությունները և ընտրություններին հետևող ռազմավարությունները բոլոր մեր միջազգային գործընկերների հետ առանց բացառության կիսվում ենք, և դա նորմալ գործընթաց է»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտնեց, որ, ի թիվս այլնի, Գրիգորյան-Հաջիև հանդիպմանը անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել, սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են բարձրացվել:

Հունիսի 17-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Դիլիջանում Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր՝ նշելով, որ մարդիկ, որոնք ընտրակաշառք են վերցրել և քվեարկել են ըստ այդ ընտրակաշառքի, պատերազմի սպառնալիք են ստեղծել:

Փաշինյանի խոսքով՝ նման հապճեպ հանդիպում անելը նշանակում էր, որ «երկու կողմում էլ այդ զգացողությունը կար, որ դավադրություն կա, ու պետք է ռեակցիա տալ»:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Դիլիջանում կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն