Վարչական դատարանը (դատավոր՝ Աղասի Դարբինյան) բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Այս մասին հայտնել է փաստանամ Արա Զոհրաբյանը։
«Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Աղասի Դարբինյան) այսօր՝ 19.06.2026թ., բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։
Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, որտեղ կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։
Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները։
Վարչական դատարանը հստակ արձանագրել է, որ.
- Ոստիկանությունը պարտավոր էր ստացված դիմումների հիման վրա ներկայանալ եկեղեցու տարածք և կատարել օրենքով նախատեսված գործողությունները։
- Առանց դեպքի վայր այցելելու և օրենքով սահմանված ընթացակարգը կատարելու ոստիկանությունը իրավասու չէր եզրակացնել, թե ներխուժում կա, թե չկա։
- Եկեղեցու դիմումների հիման վրա գործողություններ չկատարելը հանդիսացել է ոչ իրավաչափ անգործություն։
Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը»,- նշված է գրառման մեջ։