azatutyun.am Ռուսական զորքերն այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակել են «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 90 հարվածային ԱԹՍ, որոնցից ուկրաինական զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են 83-ը, հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի Օդային ուժերի մամուլի ծառայությունը։
Սումիի քաղաքապետի պաշտոնակատար Արտյոմ Կոբզարը հայտնել է, որ առավոտյան ԱԹՍ-ն հարվածել է քաղաքի Զարեչնի թաղամասում գտնվող բենզալցակայանին։ Սումիի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ։
Ռուսական զինված ուժերը առավոտյան հարվածել են նաև Զապորոժիեի մարզում գտնվող բենզալցակայանի։
Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է Նիկոպոլի շրջանում գտնվող բենզալցակայանի ուղղությամբ հարվածի մասին։
Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Դյակիվնիչի տվյալներով՝ գիշերը ռուսական զորքերը ԱԹՍ-ով հարվածել են Պոլտավայի շրջանի արդյունաբերական ձեռնարկություններից մեկին։
Իսկ Խարկովի մարզում ռուսական հարձակման հետևանքով Բոգոդուխով քաղաքի բնակելի հատվածում տուժել է հինգ մարդ։