Հունիսի 24-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստում քննարկվել են անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման, Հայաստանում անվտանգային բարեփոխումների, Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում համագործակցության, Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին դիմակայության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
«Հունիսի 24-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը մասնավորապես անդրադարձ են կատարել Հայաստանում անվտանգային ոլորտի բարեփոխումներին, Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում շարունակական համագործակցությանը, Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանը, Հայաստանի համապատասխան կրթական հաստատությունների և Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի միջև համագործակցության հաստատման հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Մտքեր են փոխանակվել նաև հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայության ոլորտում Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության շուրջ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի համապատասխան կառույցների կարողությունների զարգացմանը։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող արդի հարցերի»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։