8hgcd8nzjxozqhrs1ofwjcog4ocuc8otmuimmxtc

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios | armenpress.am

armenpress.am ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել միմյանց դեմ հարձակումները և հունիսի 30-ին Կատարում բանակցություններ անցկացնել՝ փորձելու լուծել Հորմուզի նեղուցի հետ կապված տարաձայնությունները։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների։

Կողմերի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել հունիսի 18-ին, սակայն վերջին օրերին հրադադարը խախտվել է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա իրանական հարվածների, Իրանի դեմ ամերիկյան գրոհների և տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին իրանական պատասխան հարվածների պատճառով։

«Մենք որոշել ենք դադարեցնել բոլոր կինետիկ գործողությունները», – ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին։

Մեկ այլ պաշտոնյա հայտնել է, որ երկու կողմերն էլ որոշել են «առայժմ» դադարեցնել կրակը և շարունակել տեխնիկական բանակցությունները, ինչպես նաև պայմանավորվել են այն բանի շուրջ, որ նավերն ազատ անցնեն նեղուցով։

Երկու պաշտոնյաները և մեկ այլ աղբյուր հաստատել են, որ հունիսի 30-ին հանդիպում տեղի կունենա Դոհայում։

Axios-ի աղբյուրները հայտնել են, որ հունիսի 30-ի բանակցությունները պետք է տեղի ունենային Շվեյցարիայում և վերաբերեին Իրանի միջուկային ծրագրին, սակայն վերջին էսկալացումից հետո հանդիպման վայրը փոխվել է, իսկ թիմերը կկենտրոնանան Հորմուզի նեղուցում իրավիճակի վրա։

Reuters գործակալության աղբյուրները նույնպես հաստատել են, որ Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնել են դադարեցնել վերսկսված ռազմական գործողությունները և շարունակել տեխնիկական բանակցությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն