Հայաստանը ձգտում է արհեստական բանականությունը դարձնել տնտեսական աճի շարժիչ ուժ․ Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Հայաստանը ձգտում է արհեստական բանականությունը դարձնել տնտեսական աճի շարժիչ ուժ․ Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հարցազրույց է տվել Apolitical-ի «Government AI Campus» նախաձեռնությանը: Հարթակում հրապարակվում են հարցազրույցներ արհեստական բանականության (ԱԲ) ներդրման, կարողությունների զարգացման և կարգավորման գործընթացներում առաջատար դերակատարում ունեցող երկրների քաղաքականություն մշակողների և պետական ոլորտի ղեկավարների հետ:

Նախարարը հարցազրույցում ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը:

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանի նպատակն է ԱԲ-ն դարձնել տնտեսական աճի, պետական կառավարման արդիականացման և հանրային ծառայությունների որակի բարձրացման կարևոր խթան։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համատեղ զարգացնել ժամանակակից թվային ենթակառուցվածքները, ընդլայնել հաշվողական ռեսուրսների հասանելիությունը, խթանել ԱԲ գրագիտությունը և պատրաստել նոր սերնդի մասնագետներ։

Հարցազրույցի առանցքային ուղերձներից մեկը վերաբերում էր ԱԲ գրագիտությանը, որը, նախարարի գնահատմամբ, պետք է դառնա ազգային առաջնահերթություն։ Նրա խոսքով՝ միայն տեխնոլոգիական ենթակառուցվածքների առկայությունը բավարար չէ․ անհրաժեշտ է, որպեսզի պետական ծառայողները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները, կրթական համակարգի մասնակիցներն ու քաղաքացիները ձեռք բերեն գիտելիքներ և հմտություններ, որոնք հնարավորություն կտան ԱԲ գործիքներն օգտագործել լիարժեք, արդյունավետ և պատասխանատու կերպով։

Անդրադառնալով պետական կառավարման ոլորտում ԱԲ կիրառման հնարավորություններին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այն կարող է նպաստել կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, հանրային ծառայությունների որակի բարելավմանը, խարդախությունների բացահայտմանը, ինչպես նաև տվյալահեն և առավել հիմնավորված որոշումների կայացմանը։

Միաժամանակ նախարարը կարևորել է ԱԲ կիրառման հետ կապված ռիսկերի կառավարումը՝ ընդգծելով, որ այդ տեխնոլոգիան կարող է մասշտաբավորել ոչ միայն արդյունավետությունը, այլև սխալները։ Նրա խոսքով՝ կողմնակալությունը, անձնական տվյալների պաշտպանության ռիսկերը, կիբեռանվտանգության մարտահրավերները, գեներացված բովանդակությունից չափազանց մեծ կախվածությունը և թափանցիկության պակասը կարող են բացասաբար անդրադառնալ հանրային վստահության վրա։ Այդ պատճառով պետական կառավարման բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առողջապահության համակարգում, անհրաժեշտ է ապահովել էթիկայի, մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետվողականության և արդյունավետ վերահսկողության սկզբունքների պահպանումը։

Նախարարն ընդգծել է նաև, որ ԱԲ-ն պետք է ոչ թե փոխարինի մարդուն, այլ աջակցի նրան՝ ավելի արդյունավետ որոշումներ կայացնելու գործում։ Նա կարևորել է նաև ԱԲ հնարավորությունների հավասար հասանելիության ապահովումը՝ նշելով, որ Հայաստանը զարգացնում է ամբողջական էկոհամակարգ, որը համադրում է համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքները, հասանելի հաշվողական ռեսուրսները, կրթությունը և լայն ներգրավվածությունը։

Խոսելով տեխնոլոգիաների ազդեցության մասին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է` ԱԲ-ն ոչ թե կսահմանափակի, այլ կընդլայնի մարդու ստեղծարար ներուժը։ Նրա խոսքով՝ թվային լուծումներն ու ավտոմատացումը մարդկանց հնարավորություն կտան ավելի քիչ ժամանակ հատկացնել առօրյա տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքներին և ավելի շատ կենտրոնանալ ստեղծարարության, նորարարության, քննադատական մտածողության ու մարդկային դատողություն պահանջող որոշումների կայացման վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն